Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով»

Մայիս 05,2015 22:59

Այս խորագիրն է կրում «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր բացված ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև մայիսի 26-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ նկարիչների այն աշխատանքներից (գեղանկար, գրաֆիկա), որոնցում այս կամ այն կերպ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես Կոմիտասի կերպարին։

2015-05-05-17.37

«Ես պարտքս էի համարում այս տարի անպայման անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Կոմիտասն ինքը մարմնավորում է այդ ողբերգությունը, դրանով է պայմանավորված ցուցահանդեսի խորագրի ընտրությունը: Պարզապես, չցանկացա օգտագործել հենց «Ցեղասպանություն» բառը, որովհետև նրա ծանրությունից հասարակությունը մի տեսակ հոգնել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, որի ստեղծագործություններից նույնպես ներկայացված են ցուցահանդեսում:

2015-05-05-17.15

Սարգիս և Զարուհի Մուրադյանների աշխատանքներից բացի, ցուցադրված են նաև Սուրեն Սաֆարյանի, Գրիգոր Աղասյանի, Տիգրան Թոքմաջյանի, Վաղինակ Ասլանյանի, Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Զարդարյանի, Հենրիկ Մամյանի, Հենրիկ Սիրավյանի և այլոց աշխատանքներ:

2015-05-05-17.16

Զ. Մուրադյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի, այլև իր հայրիկի հիշատակին, որն իր ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել է Ցեղասպանության թեմային, Կոմիտասի կերպարին. «65 թվականին նկարած Կոմիտասն ուրիշ տրամադրություն է, 69-ին նկարածը՝ լրիվ ուրիշ: Ես կարծում եմ՝ այդ տրամադրությունը հենց նկարչի անձնական տրամադրությունն է: Այսինքն՝ թե տվյալ պահին այդ ողբերգությունը նա ինչպես է ընկալել: Մի տեղ ողբերգական, խելագարված Կոմիտասն է, մի ուրիշ տեղ՝ միայնակ մնացած Կոմիտասը՝ անապատում կանգնած»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Զ. Մուրադյանը:

2015-05-05-17.38

Ցեղասպանության թեման շատ է հուզել նաև մեկ այլ նկարչի՝ Տիգրան Թոքմաջյանին, որի դուստրը՝ նկարչուհի Արփինե Թոքմաջյանը, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրենք հաճախ երկուսով կողք կողքի ստեղծագործել. «Հայրս իմ ուսուցիչն է եղել: Թեև առանձնապես ուսուցչություն չի արել, բայց իմ վրա ամենամեծ ազդեցությունն է թողել: Կարելի է ասել, որ բոլոր հիմքերը նա է դրել, որովհետև մշտապես աչքիս առաջ է եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

2015-05-05-17.3888

Դառնալով Տիգրան Թոքմաջյանի՝ Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններին՝ Արփինե Թոքմաջյանն ընդգծեց, որ քիչ է ասելը, թե այդ ողբերգությունը հուզում էր նրան. «Հորս հոգու խորքից էր գալիս այդ ցավը: Բայց նրան շատ էր օգնում իր լավատեսությունը: Կան գործեր, որոնք իրենց թեկուզ գույներով կարող են ողբերգական տրամադրություն ստեղծել, բայց նրա բոլոր գործերում լավատեսական լույսը կա և այն աստիճանաբար չի առաջացել: Միշտ էլ նրա գործերը ոչ թե ողբ են եղել, այլ այնպիսի մի բան, որի վրա կարելի է հիմնվել ու զարգացնել: Մասնավորապես, հայրս գտնում էր, որ մշակույթի հիման վրա պետք է նորից զարթոնք ապրի հայ ազգը: Պատահական չէ, որ իր գործերում նա ներկայացրել է հայ մշակույթի մեծերին»,- ասաց Արփինե Թոքմաջյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031