Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Ջերմուկի քաղաքապետարանի դեմ

Մայիս 08,2015 14:30

Խնդրել էին տեղեկություններ՝ Ջերմուկի քաղաքապետի գործուղումների
եւ Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների մասին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վարչական դատարանում հայցեր ունեն Մեծամորի, Նոր Հաճնի, Նոյեմբերյանի եւ Ջերմուկի քաղաքապետարանների դեմ: Երբ գործը հասել է դատարան, նրանք տրամադրել են պահանջվող տեղեկատվությունը: Մեծամորի, Նոր Հաճնի ու Նոյեմբերյանի դեպքում քաղաքապետարանների գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջները ընդունվել են, քննվելու են, տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասերով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրաժարվել է, իսկ վնասի հատուցման մասով դատարանները չեն ընդունել: Ջերմուկի քաղաքապետարանի դեմ վարչական դատարան դիմելով՝ պահանջը սա է՝ վարչական մարմնի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել քաղաքապետարանին տեղեկատվություն տրամադրել եւ հատուցել ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ վարչական դատարան է դիմել իրացնելով ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (հետայսու` Կոնվենցիա) 6, 13-րդ հոդվածներով երաշխավորված, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (հետայսու` նաեւ Օրենք) 11-րդ հոդվածով ձեւակերպված դատական պաշտպանության մեր իրավունքը:

Ըստ դատարանի վարույթում առկա հայցապահանջի, Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը 2014թ. նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ջերմուկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Ջերմուկի քաղաքապետի գործուղումների եւ Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Ինչո՞ւ էր դիմել լրագրողական կազմակերպությունը դատարան: Այս հարցը հիմնավորվել էր այսկերպ.
2014 թվականի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փոստային ծառայությամբ ուղարկված տեղեկություն ստանալու թիվ 229-8 գրավոր հարցմամբ դիմել է Ջերմուկի քաղաքապետարանին:

Հարցմամբ քաղաքապետարանից խնդրվել է տրամադրել հետեւյալ տեղեկությունները. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2014թ. 1-ին կիսամյակի գործուղումների ցանկը եւ յուրաքանչյուր գործուղման համար համայնքային բյուջեից ծախսված գումարի չափը, Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների համար համայնքային բյուջեից ծախսված գումարի հաշվետվությունը:

Կար նաեւ Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթի մասնակիցների տվյալների ու մրցույթի քաղվածքի մասին պահանջը: Հարցումը քաղաքապետարանին ուղարկվել է պատվիրված նամակով` 2014թ. նոյեմբերի 5-ին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանգել էր նրան, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներից մեկը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածի համաձայն էլ, յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն էլ, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից:

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Ինչ վերաբերում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին, ապա քաղաքապետարանը պարտավոր էր ըստ դիմումատուի կատարել նշյալ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:
Ի դեպ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը, ինչը նույնպես բացակայել է:

Ըստ ԻԱԿ-ի, քաղաքապետարանը պարտավոր էր կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով կամ նույն հոդվածի 10-րդ կետով սահմանված գործողություններից որեւէ մեկը:

Ինչպես նշել էր իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, խոսքը գնում է հայցվող տեղեկատվությունն ըստ էության տրամադրելու մասին, երբ ըստ օրենքի՝ քաղաքապետարանը պարտավոր էր օրենքով սահմանված ժամկետում կամ տրամադրել հարցմամբ խնդրվող տեղեկությունները եւ փաստաթղթերի պատճենները, կամ հայցվող տեղեկությունները հրապարակված լինելու դեպքում տրամադրել տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը:

Քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ է:

Վարչական դատարան դիմելով՝ ԻԱԿ-ը այսպես էր գնահատել հնարավոր քայլերը. «Եթե դատարանը պարզի, որ քաղաքապետարանի կողմից ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմունը ստանալուց հետո «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում որեւէ պատասխան չտրամադրելը ոչ իրավաչափ է, ապա գտնում ենք, որ արդարացի իրավունք ունենք դատարանից խնդրելու պարտավորեցնել քաղաքապետարանին վերացնել այն հետեւանքը, որը առաջացել է քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության (անգործության) արդյունքում, այն է` քաղաքապետարանի գործողության (անգործության) հետեւանքով ԻԱԿ-ը չի ստացել այն տեղեկությունները, որոնք փնտրել է հարցմամբ: Հետեւաբար դատարանից խնդրում են պարտավորեցնել Ջերմուկի քաղաքապետարանին՝ հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2014 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 229-8 գրավոր հարցմամբ փնտրվող տեղեկատվությունը:

ԻԱԿ-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որի կանոնադրական գործառույթները, նպատակներն ու խնդիրներն են` ի թիվս այլոց, Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման նպաստելը, մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությանը, տեղեկատվության ազատության ոլորտում իրավագիտակցության բարձրացմանը, կրթվելուն նպաստելը, մարդկանց իրավաբանական եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալուն աջակցելը: Իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար ԻԱԿ-ը տարեկան տեղեկություն ստանալու տասնյակ (հարյուր, երկու հարյուր եւ ավելի) հարցումներ է ուղարկում տեղեկություն տնօրինող մարմինների, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների` միեւնույն մարմնին մի քանի անգամ, ուստի ԻԱԿ-ի համար առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողություն կրկին կատարելու (տեղեկություն ստանալու հարցումն անպատասխան թողնելու եւ տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու) վտանգ: Հետեւաբար սույն հայցի պահանջը բխում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից»:

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031