Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արժե/չարժե կարեկցել մուրացկանությունը մասնագիտություն դարձրածներին

Մայիս 10,2015 15:35

Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանին մոտեցել էին ողորմություն խնդրողներ եւ նա կամ իր ուղեկիցը (լավ չեմ հիշում) հանել ու սկսել էր գումարներ բաժանել: Այլ լրատվամիջոցները գրել էին այդ մասին, իսկ ես, որ այդ արարողության մասին ֆոտոռեպորտաժ էի պատրաստել՝ ոչ: Եվ երբ գլխավոր խմբագիրը հարցրեց պատճառը՝ պատասխանեցի, որ ինքս չեմ տեսել այդ միջադեպը, բայց եթե տեսած էլ լինեի՝ ինձ արտառոց կթվար ոչ թե ողորմություն բաժանողի պահվածքը, այլ մարդկանց, որոնք հոգեհանգիստն են ընտրում որպես վայր մուրալու համար:

Ես գուշակում եմ բոլոր այն հակադարձումները, որոնք կհնչեն մուրացկանների առնչությամբ իմ այս դիտարկմանն ի պատասխան՝ կարիք, սոցիալական վիճակ, անելանելիություն եւ այլն: Բայց:

Տարիներ առաջ «Ազատություն» ռադիոկայանում մի փոքրիկ հետաքննություն էի արել մուրացկանների վերաբերյալ: Եվ ուշագրավ փաստեր էի պարզել՝ մասնավորապես, որ նրանք իրար մեջ են բաժանում վայրերը, որտեղ մուրացկանություն պետք է անեն, որ վճարում են ոստիկաններին՝ իրենց չանհանգստացնելու համար, որ մուրացկանների հավաքած գումարները համադրելի են միջին աշխատավարձերի հետ: Գուցե եւ ավելին՝ Երեւանի կենտրոնում կամ եկեղեցիների մոտ գումար մուրացողներն, օրինակ, վաստակում են ավելին: Դե, ու խոսք անգամ չկա բարձրաշխարհիկ մուրացկանների մասին՝ ՀՀՇ-ից ՀՀԿ անցած Գեւորիկի եւ ՀՀԿ-ի տատիկի մասին, որոնք բացառապես պաշտոնյաներից են փող մուրում, ու երբ նույն վայրում են հայտնվում՝ առաջանում է «շահերի բախում»:

Այդ հետաքննությունից հետո (գիտեմ, որ կդատապարտվեմ այս խոստովանության համար) ինքս գումար չեմ տալիս մուրացիկներին՝ միակ բացառությամբ, եթե դիմացինս տարիքով մեկն է, եւ ակնհայտ է՝ այլընտրանք չունի: Բոլոր մնացած դեպքերում զանազան զգայացունց ու հոգեմաշ պատմությունները, որպես կանոն, ընդամենը փող կորզելու հնարք են:

Այս անդրադարձի առիթը մի մուրացիկ է, որը սովորություն է դարձել Եռաբլուրում փող մուրալը: Նա հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013 թվականին, երբ Եռաբլուր պանթեոնում մոտեցել էր Սերժ Սարգսյանին եւ բողոքել, թե պարտքերը չի կարողանում մուծել, նաեւ օգնություն խնդրել հիվանդ երեխայի համար, «Բա հիվանդ երեխա է՝ եկել էստեղ լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- արձագանքել էր Սերժ Սարգսյանը: Միջամտել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը. «Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս է՝ օգնում եմ, ինքը սովորություն ունի»: Եվ կնոջ բողոքներին էլ, թե աշխատանք չունի՝ հակադարձել էր. «Դու էդ ե՞րբ ես եկել աշխատելու: Արի, հենց վաղվանից քեզ աշխատանք կտանք: Դու աշխատո՞ւմ ես, որ գալիս ես: Դու օրեկան հինգ հատ աշխատավարձի փող ես աշխատում»:

Այդ կինը սակայն շարունակում է փող մուրալ: Եվ օրերս էլ դարձյալ Եռաբլուրում մոտեցել էր ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին՝ օգնության խնդրանքով: «Դու սա՞ղ ես հլը, ես գիտեմ սատկել ես»,- արձագանքել էր նա:

Ֆեյսբուքյան հանրությունը դարձյալ վրդովվեց: Ու իրավիճակը չլիցքաթափեց անգամ Լեւոն Երանոսյանի պարզաբանումը, թե դեղի համար տված փողն այդ կինը ծախսում է խմիչքի վրա. «Տարիներ շարունակ ես այդ կնոջն օգնել եմ, միշտ ինձանից դեղի փող է պահանջել, շատ դեպքերում ինձ չի գտել, մտել ընտանիքիցս ա ուզել, ու դրանց մեծ մասը խմիչքի վրա է օգտագործել»: Նաեւ առաջարկել էր ճշտել այդ կնոջից, որ տարիներ շարունակ ինքը միշտ օգնել է նրան:

Վստահ եմ, որ Լեւոն Երանոսյանը սուտ չի ասում՝ նախադեպը նկատի ունենալով: Իսկ այդ նախադեպի մասին կարծես բոլորը մոռացել են: Թեեւ այն այդքան չտարածվեց էլ, որքան եռաբլուրյան «եկել էստեղ մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես» մեմ դարձած արտահայտությունը: Մինչ ֆեյսբուքյան հանրությունը մորմոքում էր եռաբլուրյան այդ միջադեպի առնչությամբ՝ ընդամենն ամիսներ անց մեր թղթակիցը պարզել էր, որ այդ կինը մշտապես փող է մուրում Աջափնյակի ՀՀԿ տարածքային կազմակերպությունում: Հենց այստեղ էլ պատմել էր. «Ինձ կանչում են մասնավոր մաքրության գործ եմ անում, ինձ ձեռ չի տալիս պետական գրանցվեմ, պետական գործը»:

Հընթացս էլ պատմել էր, թե իր «նեղ սրտին» ինչպես է հասել Սամվել Ալեքսանյանը, ինչքան գոհ է նրանից: Եվ կարող է վաղն էլ պատմի նույնը Լեւոն Երանոսյանի մասին:

Մի խոսքով, մուրացիկ լինելն այս դեպքում ընտրություն է, յուրօրինակ մասնագիտություն: Ընդ որում՝ դատելով նրանից, թե ումից եւ որտեղ է նախընտրում մուրալ այս կինը՝ երբեմն արժանանալով կոշտ հակազդեցության՝ չնեղվելով դրանից ու շարունակելով գովերգել ՀՀԿ-ին, լիովին արժանի է նույն շարքում դասվելու ՀՀՇ-ի Գեւորիկի եւ ՀՀԿ-ի տատիկի հետ: Ես նրանց առանձնապես չեմ խղճում: Բայց գուցե թե սխալվո՞ւմ եմ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Գայանե Գևորգյան says:

    Աննա Իսրայելյան, շնորհակալություն նյութի համար։
    Սա հերթական անգամ ցույց է տալիս, ապացուցում է այն ճշմարտությունը, որ ցանկացած մեդալ առնվազն երկու կողմ ունի․․․
    Այսօր սոցիալական մեդիայի գործիքների շնորհիվ շատ արագ ստեղծվում են պատմություներ, քննադատվում են բոլորն անխնա․․․ սահմանները ջնջված են բոլոր առումներով , և դա թերևս ավելի բացասական ազդեցություն ունի դաշտի վրա , քան՝ դրական։

    Սա ևս անգամ հիշեցում է կարծես, որ քննադատություններում ու դատափետելիս հարկավոր է շտապողականություն չցուցաբերել և փորձել տիրապետել խնդրո առարկա բոլոր հնարավոր կողմերին․․․ որից հետո գուցե շատ բաներ վերանայվեն․․․

    Ի վերջ, այս ամենը երկկողմանի սայր է ․․․

  2. Տիգրան Ավետիսյան says:

    Իհարկե համաձայն եմ այն հարցում, թե ովքեր ինչ ընտրություն ու հնաարավուոյթւոնւն ունեսն, նաև այն, որ մեդալը երկու երես ունի:
    Բայց որ քան հիշում եմ ու հասկանում եմ, Սերժ Սարգսյանին ու Երանոսյանին քննադատողները խոսում են /իմ կարծիքով միանագամայն իրավացիորեն/ ոչ թե մուրացողների վարքի/ընտության/ մասին, այլ հենց պաշտոնյաների, ու առնազվ էթիկական ու բարոյական հանգամանքների /վարքի ունտրության/ մասին:Ու հավասարության նշան դնել կարծում եմ առնավազն համարժեք չի:
    Իսկ դա լրիվ այլ է:
    Բայց գուցե թե սխալվու՞մ եմ:

    • Հավասարության նշան բնավ չկա: Եվ մի ճշտում էլ՝ եռաբլուրյան առաջին միջադեպի ընթացքում կար նաեւ կարեկցանք այդ կնոջ նկատմամբ, որը, ինչպես պարզվում է՝ ուղղակի պրոֆեսիոնալ մուրացկան է, եւ ոչ միայն դատապարտվում էին Սերժ Սարգսյանի արտահայտչաձեւերը:

  3. Տիգևաբ Ավետիսյան says:

    Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար:
    Ամեն դեպքում հոդվածի ենթատեքստը , կարծում եմ, այն է, թե ոչ միայն պաշտոնյաներն են մեղավոր, այլև պրոֆեսիոնալ մուրացկանները:
    Այնինչ դրանք համեմատելու չեն :
    Քանիոր1. ինչ վերաբերում է մուրացկանության խնդրին ու դրա ՞՞պրոֆեսիոնալ ՞՞ լինելուն, չեմ կարծում, թե այլ կարծիք կարող է լինել-որ ի վերջո դա ընտրույթնա հրաց է- այդս ահորցում լիարժեք համամիտ եմ: Բայց դրանով փորձել արդարացնել-մեղմել պաշտոնյայի պահվածքը????:
    Ասենք թե ոչ թե պրոֆեսիոնալ մուացկան է , այլ Ձեր նշած բացառոությունը-, ինչ է այս դեպքում մոտեցում ը պաշտոնյայի վարքագծին ինչպիսին պետք է լինի:
    2. Առհսաարակ , բազմաթիվ մնարդկանց հետ են հանդիպում ւ շփվում պածտոնյաները, այդ թվում սադրողների, սրիկաների, անդաստիարակների և ալն:
    Բայց դա որրևէ, ՈՐԵՎ Է պարագայում չի արդարացնում, որովհետև այն թե նրանք ինչ որակումներ ու արձագանքներ են տալիս, բնութգրում է ոչ թե և ոչ այնքան մուրացկանին, այլ իր ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ և իր դերի ընկալումը:

    • Գիտեք, դժվար է հակափաստարկներ բերել քեզ վերագրվողի կապակցությամբ: Ենթատեքստեր չկան՝ պաշտոնյաների մեղավորության կամ անմեղության վերաբերյալ իմ մեկնաբանության մեջ բառ անգամ չկա, նաեւ բառ անգամ չկա, որ ասված լինի նրանց արդարացնելու միտումով:

      • Տիգրան Ավետիսյան says:

        Շնորհակալ եմ Ձեր արձագանքների համար:
        Շատ եմ գնահատում Ձեր աշխատանքը:
        Դեռևս դպորցական տարիներից /բարձր դասարաններում/ 2000-2001թ, ես միշտ հատուկ սպասում էի թե երբ ա բերելու Առավոտը, որ հենց Ձեր հոդվածները կարդամ;
        մանավանդ հիշում եմ ֆուտբոլի գնդակի հետ նկարն ու հետաքրքիր պատմությունը:
        Իմ համար լրագրողի կերպարոը առաջին հերթին Դուք եք:
        Շատ ուրախ կլինեի Ծանոթանալ անձամբ: Հնարավորության և ցանկության դեպքում, իհարկե:
        Հարգանքով
        Հ.Գ. Իսկ թեման , ինչ խոսք բազմաշերտ է, և տարբեր մոտեցումները, ինքնին հասկանալի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031