Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք և մեր մուննաթները

Մայիս 11,2015 12:10

Հիրոսիմայի ու Նագասակիի ողբերգությունից հետո քչերի մտքով կանցներ, որ ճապոնացիներն ու ամերիկացիները երբևէ որևէ հարցում ընդհանուր լեզու կգտնեն և ընդհանրապես իրար հետ որևէ առնչություն կունենան: Բայց ունեցան: Եվ ունեն: Եվ այդ հանգամանքի համար ճապոնացիներն իրար չեն մեղադրում:

Ողբերգությունը՝ ողբերգություն, բայց կյանքը շարունակվում է: Ուզես, թե չուզես: Եվ եթե ապրել ես ուզում, ստիպված ես ուժեղների ու հզորների հետ լեզու գտնել: Մանավանդ՝ եթե թույլ ես:

Ճապոնիան, իհարկե, թույլ պետություն չի և երբևէ թույլ ու աննշան պետություն չի էլ եղել, բայց, այդուհանդերձ, իր ոտքն իր վերմակի չափով է մեկնել և դա ամոթ չի համարել:

Եթե Ճապոնիան Հիրոսիմայի ողբերգությունից հետո հիմնովին ու վերջնականապես թշնամանար ԱՄՆ-ի հետ, ի՞նչ պիտի աներ: Սոցլագերի՞ն պիտի միանար: Թե՞ պիտի երկիր առ երկիր Հիրոսիմայի ցեղասպանությունը ճանաչել տար:

Բայց ճապոնացիներն աշխարհի առաջ ցեղասպանության խնդիր չեն էլ բարձրացնում: Ես չեմ ասում՝ դա լավ է: Ես ընդամենը փաստն եմ նշում: Եվ չեմ էլ ասում, որ մենք մեր Եղեռնի հարցն աշխարհի առաջ բարձրացնելով՝ սխալ ենք անում: Ընդամենը ուզում եմ ասել, որ մենք ու ճապոնացիներն իրարից շատ տարբեր ենք: Ոչ միայն այն պատճառով, որ Հիրոսիման ու Նագասակին ցեղասպանության սահմանմանը չեն համապատասխանում:

Իրենք իրենց ձևով են իրենց ցավը կրում, մենք՝ մեր:

Իրենք իրենց ձևով են իրենց ողբերգությունը հիշում, մենք՝ մեր:

Բայց մի հարցում հայերի ու ճապոնացիների միջև, այնուամենայնիվ, կարելի է զուգահեռներ անցկացնել: Խոսքը վերաբերում է դարակազմիկ ողբերգություններին: Երկուսն էլ ողբերգություններից աչք չեն փակել: Մեկ պատերազմ, մեկ ցեղասպանություն, մեկ ահեղ երկրաշարժ: Եվ երկրորդ. երկուսն էլ ողբերգությունները հաղթահարելով՝ վերածնվում ու վերստին կյանքով են լցվում: Նոր կյանք են սկսում: Ճապոնացիները՝ իրենց հողի վրա, մենք՝ շատ հաճախ նաև օտար երկրներում: Ճարահատյալ: Ճարահատյալ ուրիշների երկրներում ենք ներդնում մեր հայրենիքի իմաստը և ուրիշների երկրներն ենք շենացնում: Մենք մեր մասին հաճախ սխալմամբ կարծում ենք, թե բնույթով ու էությամբ գաղթական ենք, մինչդեռ մեր գաղթականությունը մեր հայրենազրկության արդյունքն է:

Ճապոնացիներն, ընդհակառակը, իրենց բախտն օտար ափերում չեն փնտրում և ուրիշների երկրները շենացնելու սովորություն չունեն: Նույնիսկ ամենաահեղ երկրաշարժերից ու ցունամիներից հետո իրենց քաղաքն ու երկիրը չեն լքում: Պատճառները դժվարանում եմ ասել: Չեմ կարծում, թե մենք ճապոնացիներից պակաս ենք մեր երկիրը սիրում: Հնարավոր է՝ հօգուտ մեզ պատճառներ էլ լինեն: Դրանցից մեկն էլ երևի այն է, որ հայերս ցանկացած երկրի դրվածքին ու նիստուկացին ավելի հեշտ ենք հարմարվում ու համակերպվում, քան ճապոնացիներն ու այլ ազգերը: Դա լավ է, թե վատ՝ դարձյալ դժվարանում եմ ասել: Որ ուրիշների համար լավ է՝ հաստատ կարող եմ ասել: Որ ուրիշների համար Բաքու, Թիֆլիս ու այլ քաղաքներ ենք կառուցել՝ դա էդ ուրիշների համար հաստատ լավ է, բայց վատ է, որ ուրիշների համար մեր կառուցածը ուրիշներին էլ մնացել է: Եվ զարմանում ենք, որ չեն գնահատում ու վարձահատույց չեն լինում:

Եվ զարմանում ենք, որ ուրիշները Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում ու չեն ընդունում: Եվ առավել զարմանում ենք, որ ուրիշները հայաստանցիներիս իրավունքների համար չեն անհանգստանում ու չեն պայքարում: Եվ շատ ենք զարմանում, որ ուրիշներն ու մանավանդ եվրոպացիք իրենցից կախված ամեն ինչ չեն անում, որպեսզի Հայաստանում արդար ու ազատ ընտրություններ անցկացվեն:

Կարճ ասած՝ մենք ուրիշներից ավելին ենք պահանջում, քան ինքներս մեզանից: Եվ երբ ուրիշները մեր պահանջները չեն կատարում, բողոքում ու մուննաթ ենք գալիս: Մուննաթ ենք գալիս, որ մեր երկիրն օրինաց երկիր ու բարգավաճ Հայաստան չեն դարձնում: Ճիշտ այնպես, ինչպես որ ընտանիքի սիրված կրտսերն է ծնողների ու ընտանիքի մյուս մեծերի վրա մուննաթ գալիս: Մոռանում ենք, որ չնայած փոքր, բայց ամենևին էլ կրտսեր չենք: Ճիշտ հակառակը՝ հազարամյակների պատմություն ու կյանքի փորձ ունենք, և մենք պիտի ուրիշներին պետություն կառուցել սովորեցնեինք և պետություն կառուցելու դասեր տայինք, մինչդեռ մեզ շարունակ սկսնակի ու աշակերտի պես ենք պահում, ընդ որում՝ չարաճճի ու անհեռանկարային աշակերտի պես, որը ոչ միայն նոր բաներ սովորելու ցանկություն չունի, այլև իր իմացածն է սկսել մոռանալ: Ընդ որում, իր իմացածն այնքան շատ է, որ ուրիշներին էլ կբավականացնի:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Հոյակապ գրութիւն է եւ ճիշդ ախտորոշում

  2. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Ախտորոշումը ճիշտ է: Հետո ի՞նչ: Ո՞վ է լսելու խելացի մարդուն: Կառավարող էլիտան շահագրգռված է միայն իր պրոբլեմները լուծելու, նրա մտավոր հնարավորություններն այնքան ցածր են, որ նրանք թացն ու չորը չեն տարբերում, ուր մնաց տնտեսություն ու դիվանագիտություն:
    Մենք չունենք մտավորականություն: Չունենք: Եթե ունենայինք, այսքան ողորմելի վիճակում չէինք լինելու: Մի ժուռնալ կա, ՆԱՐՑԻՍ ա կոչվում: Իր՝ 2014 թ. առաջին համարում(108 էջ), բանաստեղծ Վահան Վարդանյանին ամսագիրը հորջորջում է 20-րդ դարի խոշորագույն մտածողների թվում:Այսքան անհամեստությունը միայն մեզ է , երևի յուրահատուկ: Մոլորակի մակարդակով մտածող մարդ ունեցող ազգը այսպիսի թշվառականի վիճակի չի հասնի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031