Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են DocumentaMadrid-ի մրցանակակիրները

Մայիս 14,2015 12:30

Արդեն հայտնի են Մադրիդում մեկնարկած DocumentaMadrid վավերագրական կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Ամփոփված արդյունքների համաձայն՝ գլխավոր մրցանակին է արժանացել  բրիտանացի ռեժիսորներ Սաիդա Թաջի Ֆարուքիի և Մայքլ Մակէվոյի «Ասա գարնանը` այս տարի չգա» (Tell spring not to come this year) ֆիլմը, որը պատմում է Աֆղանստանի պատերազմի մասին:

Երկրորդ մրցանակը ստացել է դանիացի ռեժիսոր Հաննա Պոլլակի «Հանուն լավագույնի» (Something Better To Come) ֆիլմը, որի նկարահանումները տեւել են շուրջ 13 տարի: Ֆիլմը Մոսկվայից  20 կմ հեռավորության վրա գտնվող «աղբահանքերի» բնակիչների մասին է, էկրանին  Յուլյա անունով մի աղջկա ճակատագիրն է, որին մի կերպ հաջողվում է դուրս պրծնել «աղբահանքերից»:

DocumentaMadrid-ի հատուկ մրցանակ է ստացել Վլադիմիր Տոմիչի  «Flotel Europa» ֆիլմը, հանդիսատեսի համակրանքին է արժանացել  Դանիայի, Ֆինլանդիայի, Ինդոնեզիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության, Ջոշուա Օպենհեյմերի «Նայիր լռությանը» (The Look of Silence) ֆիլմը: Այն Ինդոնեզիայի ցեղասպանությունը վերապրած ընտանիքի  մասին է:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգին է արժանացել կոլումբիացի ռեժիսոր Ալդեմար Մատիասի «Թշնամին» ֆիլմը, այս անվանակարգում երկրորդ մրցանակը տրվել է հոլանդացի Մարթա Յուրկևիչի «10» ֆիլմին, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ռուս ռեժիսոր Անաստասիա Նովիկովայի «Խոսակցություն» կարճամետրաժ ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանը՝ լեհ ռեժիսոր Միխայիլ Շչեսնյակի «Ելման կետը» (Starting Point), որը պատմում է տատին սպանած մի կալանավորի մասին: Այս անվանակարգում հանդիսատեսի համակրանքը շնորհվել է ռեժիսորներ Միշա Լեյնկոֆի, Լուտց Հենկեի և Մաթիաս Վերմկեի «Խորհրդանշական սպառնալիքներ» գերմանական արտադրության ֆիլմին:

Հիշեցնենք, որ ըստ կինոփառատոնի կայքի՝ DocumentaMadrid-ը մեկնարկել էր ապրիլի 30-ին եւ ավարտվել՝ մայիսի 10-ին:

 ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.05. 2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031