Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոնիայի գործընթացը համագործակցության հիանալի օրինակ է». Իլուգի Գունարսոն

Մայիս 15,2015 21:52

Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովն ավարտված են:

«Կարևոր քայլ կատարեցինք առաջ: Բոլոնիայի գործընթացը շատ կարևոր է Եվրոպայի համար: Բարձրագույն կրթությունը ոչ միայն գիտելիքին է վերաբերում, այլև արժեքներին, դիրքորոշումներին»,- ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն և մեջբերեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքը. «Եթե ուզում ենք տեսնել, թե ինչ տեսակ կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք՝ ինչ տեսակի հասարակություն ենք ուզում ունենալ»:

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը կայացել են բարձր մակարդակով:

«Երևանյան գագաթաժողովը փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մաս է, և Բոլոնիայի գործընթացը պատկանում է բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել ու վերարտադրել բարձրագույն կրթական հաստատություններում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ Հայաստանն իր տեղն ընդգծեց եվրոպական քարտեզի վրա»,- նշեց Ա. Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր գործընկերներին, մասնակիցներին և լրատվամիջոցներին:

«Այս օրերին կարևոր առաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. այն, որ բարձրագույն կրթության նպատակը ոչ միայն զբաղվածության բարելավումն է, այլև ժողովրդավարության ապահովումը»,- ասաց Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը:

Շ. Բերգենը նաև իր ուրախությունն արտահայտեց Բելառուսի՝ Բոլոնիայի անդամ դառնալու առթիվ:

«Այս օրերին Եվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած,- իր հերթին նկատեց Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնը,- այդ խնդիրների լուծման լավագույն ուղին ներդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են իրար հետ համագործակցել եվրոպական պետությունները, և որտեղ պետք է ներդրումներ կատարել: Ես շատ փոքր պետությունից եմ, և հենց այդ պատճառով էլ մեր երկրում շատ ենք կարևորում համագործակցությունը, որտեղ փոքր, միջին ու մեծ երկրները կարող են հավասար հնարավորություններ ունենալ կրթական խնդիրների լուծման և որոշումների կայացման հարցում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031