Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքալիում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտու բնակիչների  իրավունքներն ու ազատությունները պաշտպանող խումբ  ստեղծվեց

Մայիս 16,2015 23:08

Այսօր՝ մայիսի 16-ին, Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած  հերթական աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի եւ Թովուզի շրջանների, Հայաստանի սահմանամերձ Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների բնակիչներ, Հայաստանի, Ադրբեջանի  եւ Վրաստանի  հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հանդիպման թեման հայ-ադրբեջանական հակամարտության  հետեւանքով սահմանագոտու բնակիչների կրած զրկանքներն ու կորուստներն էին, սահմանագոտու բնակիչների իրավունքների ու ազատությունների  պաշտպանության խնդիրը: Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ ժամանակն է ընդունել յուրատեսակ մի պայմանագիր, որը կամփոփի Թեքալիի գործընթացի նպատակները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի  գրասենյակի ղեկավար  Արզու Աբդուլաեւան անդրադարձավ հակամարտության գոտում իրավապաշտպան գործունեություն իրականացնելու հնարավորություններին եւ խոչընդոտներին:

Հանդիպման ավարտին  բոլոր մասնակիցներն ընդունեցին  Թեքալիի գործընթացի շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում: Ըստ այդ փաստաթղթի՝ Թեքալիի աշխատանքային խումբը  սահմանամերձ բնակավայրերում կնախաձեռնի  մշտական իրավապաշտպան(այդ թվում՝ միջազգային) ներկայություն, որպեսզի իրավական աջակցություն ցուցաբերվի սահմանագոտու բնակիչներին , նրանց անվտանգության խնդիրները կբարձրացվեն տեղական եւ միջազգային մակարդակով: Աշխատանքային խումբը կքննարկի քաղաքական հարցեր , որոնք առնչվում են ղարաբաղյան հարցի լուծմանը:  Թեքալիի  աշխատանքային խումբը բաց է  եւ կարող է համալրվել բոլոր այն քաղաքացիներով, ովքեր պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ վերոհիշյալ գործունեության մեջ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031