Ռուզաննա Մուրադյան. Պետք է մեկտեղենք մեր ուժերը

Ռուզաննա Մուրադյան. Պետք է մեկտեղենք մեր ուժերը

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 19-ի ելույթը հայտարարությունների ժամին

Մայիսի 14-15-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որը կազմակերպվել էր բարձր մակարդակով:Բոլոնիայի գործընթացը միավորում է 47 եվրոպական երկրներ:Բոլոնյան գործընթացի մեջ հատկապես ուզում եմ կարևորել նրա քաղաքակրթական նշանակությունը, որը հնարավորություն է տալիս  համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը:

Գաղտնիք չէ, որ քաղաքակրթության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրների լուծումը թաքնված է քաղաքացու դաստիարակության մեջ, համամարդկային արժեքներ կրող հասարակության մեջ։ Այսօր աշխարհը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն ու դաստիարակությունն է:

Հետաքրքիր է, որ Իսլանդիայում կրթություն նշանակում է մարդ դառնալ, -ինչպես նշեց Իսլանդիայի կրթության նախարարը:

Այսօր մենք էլ մեր ուշադրությունը պիտի բևեռենք այս կարևոր հիմնահարցին, որ քաղաքացու դաստիարակությանն ուղղված ծրագրերը չափազանց կարևոր են կրթության բոլոր աստիճաններում:

Հոգևոր և բարոյական դաշտի ձևավորման գործում առաջնային կարևորության խնդիրը դաստիարակության և արժեքային համակարգի ստեղծումն է:

Բարոյական, հոգևոր դաստիարակությունը և դրանք պայմանավորող արժեքային համակարգի բացակայությունն ազգային անվտանգության տեսանկյունից առանցքային  վտանգ ներկայացնող խնդիրներ են:  Այն պարզ պատճառով, որ նույնիսկ ամենից սպառազինված բանակ և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու դեպքում անգամ, եթե պետության բնակիչների մոտ բացակայում է տվյալ երկրի քաղաքացու բարոյական դաստիարակությունը, ցանկացած պահի կարելի է կորցնել ամեն ինչ:Եվ այս ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Պետք է մեկտեղենք մեր ուժերը, ստեղծենք բավարար իրավական նորմատիվային հենք՝ ունենալու դաստիարակության այնպիսի համակարգ, որը ապահովում է ազգի և, ընդհանրապես, Հայաստանի հասարակության համախմբվածությունը և հոգևոր-արժեքային ընդհանրականությունը:

Շատ կարևոր է դաստիարակության մասին օրենքի ստեղծումը, որի հիմքում պետք է դրվեն երեխաների պահանջմունքներն ու իրավունքները, ազգային և Հայ Առաքելական Եկեղեցու արժեքները, ավանդույթներն ու գաղափարախոսությունը, հումանիստական և բնապահպանական աշխարհայացքը:Այն պետք է ներառի Երեխաների և երիտասարդների  դաստիարակության համակարգ, Երեխաների և երիտասարդների  դաստիարակության ծրագրեր, Երեխաների և երիտասարդների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը դաստիարակչական գործընթացում:

Չմոռանանք, որ մարդ կերտելը ամենամեծ արվեստն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք