Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում «Գլենդել Հիլզը» սնանկանա. Ֆիրդուսի բնակիչներին գումարային փոխհատուցում կտան

Մայիս 19,2015 20:30

Մայիսի 21-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարությանը կառաջարկի «Գլենդել Հիլզ» ընկերության հետ կնքած պայմանագրում փոփոխություններ կատարել: Խոսքը վերաբերում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Աբովյան, Բյուզանդ, Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներին, որտեղ, ըստ քաղաքապետի առաջարկության, որպես կառուցապատող առաջարկվում է «Գլենդել Հիլզին» փոխարինել «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունով: Նշենք, որ այս տարածքները «Հին Երեւան» նախագծի համար նախատեսված տարածքներն են:

Տարոն Մարգարյանի կողմից կառավարությանը ներկայացված որոշման նախագծում գրված է, որ Երեւանի քաղաքապետարանին են դիմել «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները՝ տեղեկացնելով,  «Գլենդել Հիլզի» նկատմամբ շարունակական ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, որը անհնարին է դարձնում վերջինիս կողմից այդ տարածքների օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի իրականացումը, ուստի պետք է նշված տարածքների ձեռքբերող են առաջարկում ճանաչել «Ի ԷՄ ՍԻ»-ն:

«DataLex դատական տեղեկատվական համակարգի միջոցով պարզվել է, որ իրոք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, որը կարող է վտանգվել միջոցներ չձեռնարկելու դեպքում, առաջարկվում է կառավարության N 945-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ»,-գրված է որոշման նախագծում:

Aravot.am-ի հետ զրույցում «Գլենդել Հիլզի» Հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ասացին, որ ընկերությունը նշված տարածքների նկատմամբ որեւէ պարտավորություն չունի. ընկերությունն իրավունք ունի այդ տարածքում իրականացնելու «Հին Երեւան» նախագիծը, որից հրաժարվում է օգտվել:

Aravot.am-ի այն հարցին, թե ովքե՞ր են դիմել ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով, «Գլենդել Հիլզից» պատասխանեցին, որ այս տեղեկությունն առեւտրային գաղտնիք է պարունակում, որը նպատակահարմար չեն համարում հրապարակել:

Արդյոք ընկերությունը սնանկացման ճանապարհի՞ն է, մեր այս հարցին էլ «Գլենդել Հիլիզից» վստահեցրին՝ «Այս պահին ընկերությունը նման հարց չի դիտարկում»:

Aravot.am-ը «Գլենդել Հիլզից» նաեւ հետաքրքրվեց՝ եթե ընկերությունն, այնուամենայնիվ, սնանկ ճանաչվի, ինչպե՞ս է լուծվելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրը, որոնց նկատմամբ ընկերությունը պարտավորություն ունի: Մասնավորապես այն քաղաքացիների, որոնք վճարումներ են կատարել եւ բնակարաններ գնել, նրանց բնակարաններ տրամադրվելու են տեղերում, թե՞ գումարը կվերադարձվի, եւ ի՞նչ լուծում է նախատեսված իրացման գոտու՝ Ֆիրդուսու 33 թաղամասի բնակիչների համար:

Այս առնչությամբ էլ ընկերությունից հավաստիացրին՝««Գլենդել Հիլզն» ընկերությունների խումբ է՝ բաղկացած մի շարք ընկերություններից: Այդ ընկերությունների խմբից կոնկրետ «Գլենդել Հիլզն» իրացման գոտու բնակիչների նկատմամբ որեւէ պարտավորություն չունի: Այդ պարտավորությունը կրում է խմբի անդամ մեկ այլ ընկերություն: Ընկերություններն այս պահին շարունակում են գործունեությունը:

Ինչ վերաբերում է բնակարանային պայմանագրեր կնքած հաճախորդներին, ապա խմբի անդամ ընկերությունների միջոցով կբավարարվեն նաեւ հաճախորդների բնակարանային պահանջները: Մասնավորեցնելով, վերոհիշյալ Ֆիրդուսի տարածքի իրացման գոտու բնակիչների գույքի փոխհատուցման պարտավորությունները կրում է «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը: Համաձայն պայմանավորվածության, «Սիթի Սենթր Դիվելոփմենթը» փոխհատուցումն իրականացնելու է գումարային տարբերակով: Բնակարանային փոխհատուցում այլեւս չի նախատեսվում: Իսկ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն Ֆիրդուսի տարածքի իրացման գոտու բնակիչների գույքի փոխհատուցման հետ կապված որեւէ պարտավորություն չունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031