Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Գալստյանի հաջողության գաղտնիքը

Մայիս 20,2015 12:00

Մարդիկ կարոտ են պոզիտիվ խոսքի

Բոլորս նստել ենք տաքսի եւ լսել ենք տաքսիստների խոսակցությունները: Սովորաբար դրանք սոցիալական բողոքներ են («էս խեղճ ժողովուրդը ո՞նց ապրի», «էս երկրում էլ մարդ չմնաց»), որոնք ընդհատվում են միայն այն ժամանակ, երբ մեկ այլ տաքսիստ կտրում է տվյալ տաքսիստի ճանապարհը: Այդ դեպքում քաղաքական թեմաներն ընդմիջվում են չորսհարկանի արտահայտություններով, որովհետեւ տվյալ տաքսիստը վստահ է, որ իր գործընկերոջ կյանքի իմաստն էր իրեն վատություն անելը, ճանապարհը կտրելը եւ շարքի մեջ խցկվելը: Այդ «շեղումից» հետո կա երկու ճանապարհ քաղաքականությանը վերադառնալու: Տարբերակ «ա». «էս մարդկանց մեջ հեչ մարդկություն չի մնացել, բա առաջ մեծուփոքր կար, հարգանք կար»: Տարբերակ «բ». «էս ում ասես՝ պրավա չեն տալիս, բա առաջ կարգ կար, կանոն կար, վարորդները քննություն էին հանձնում»:

Տաքսիստ Արման Գալստյանը, որը լայն ճանաչում գտավ մեր հասարակության մեջ՝ ԶԼՄ-ների շնորհիվ (հատկապես Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման), տարիքով երիտասարդ է եւ ավելի քիչ հիմքեր ունի ասելու՝ «բա առաջ»: (Չնայած շատ երիտասարդներ հիմա կրկնում են իրենց ծնողների նոստալգիկ դատողությունները): «Բա առաջ»-ը շատ վնասակար բան է թե՛ անհատի եւ թե՛ հասարակության համար: Մարդիկ սկսում են «դարդ անել», որ իրենք այլեւս «առաջվանը չեն», եւ անցյալը դառնում է ոչ թե պայծառ հիշողություն (դա շատ լավ կլիներ), այլ ֆանտաստիկ ենթադրությունների վրա հիմնված մազոխիստական անդրադարձ. «այ, եթե էն վախտերը հիմա լինեին, ի՛նչ լավ կլիներ»: Կամ ավելի վատ՝ «այ, եթե ես էն ժամանակ այդպես անեի, իմ վիճակը շատ ավելի լավ կլիներ»: Ամերիկացիները դա անվանում են «լաց լինել վաղուց թափված կաթի կապակցությամբ»:

Արմանի լեզուն, թեեւ կրթական սահմանափակումների պատճառով աղքատիկ է եւ արտացոլում է իր միջավայրի իրողությունները, բայց ռացիոնալ է, գտնվում է իրականության դաշտում, հիմնված չէ «ռեժիմը խուճապի մեջ է», «ավազակապետությունը ճաքեր է տալիս» եւ այլ քարոզչական կլիշեների վրա, որոնք տեսականորեն պետք է որ «դուխ տան» կողմնակիցներին, բայց, կտրված լինելով իրականությունից, վերջին հաշվով հիասթափեցնող են: Նա խոսում է այն խնդիրներից, որոնցից հասկանում է, եւ նրա խոսքը պոզիտիվ է, ուղղված է այդ խնդիրների լուծմանը:

Վերջապես՝ նա որեւէ քաղաքական կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չէ՝ վերը նշված եւ բազմաթիվ այլ պատճառներով դրանք կորցրել են մարդկանց վստահությունը, եւ դեռ շատ ժամանակ կպահանջվի, որ այդ վստահությունը վերականգնեն: Արմանի հաջողությունն ապացուցում է, որ մարդիկ ուզում են լսել թարմ մտքեր եւ տեսնել նոր դեմքեր:

Իհարկե, ցանկացած հաջողություն առաջացնում է նախանձողների բանակ: Քաղաքական գործիչները, հավանաբար, մտածում են՝ «մենք՝ կրթյալներս, մենք՝ ուսյալներս, ամեն օր երեւում ենք տարբեր եթերներում եւ մամուլի բազմաթիվ ակումբներում, բայց մեր դարակազմիկ մտքերը լավագույն դեպքում մի քանի հարյուր դիտում են բերում, իսկ ահա այս տաքսիստին դիտել են 300.000 անգամ»: Գուցե մի մասն էլ ենթադրի, որ այդ ամենը կազմակերպել է «ռեժիմը»՝ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով: Դե, իսկ «տաքսիստական հ/կ-ները» նույն պատճառներով պարզապես խանդի տեսարաններ են սարքում՝ մեղադրելով Արմանին «օլիգարխի մարդը» լինելու եւ «տաքսու պարկ սարքելու» մտադրություն ունենալու մեջ:

Իհարկե, Արման Գալստյանի հաջողությունը, ինչպես եւ ամեն ինչն այս աշխարհում, ժամանակավոր է: Նա կամ կգնա որեւէ կուսակցություն, կամ հ/կ, կա՛մ էլ նրա «մոդան» աստիճանաբար կանցնի: Բայց նրա օրինակով արժե թերեւս մտածել, թե ինչ տեսակի խոսքի է կարոտ հասարակությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031