Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ Մոսկվայից «դաբրո» ունե՞նք

Մայիս 20,2015 16:00

Ռիգայի գագաթնաժողով. մեկնա՞րկ, թե՞ նոր ճշգրտումներ

2013թ. սեպտեմբերի 3-ին` Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո, եվրոպացի պաշտոնյաները սկզբնական շրջանում որոշակի հիասթափություն էին ապրել Սերժ Սարգսյանի քայլից եւ չէին թաքցնում դա: Սակայն ամիսներ անց կամաց-կամաց եվրոպացի պաշտոնյաների վերաբերմունքը փոխվեց, նրանք արդեն ավելի անկաշկանդ տեսակետ էին հայտնում, որ Հայաստանի որեւէ իշխանություն այլ կերպ չէր կարող վարվել:
Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով իրենց հերթին անվերջ կրկնում էին, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել` հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ավելին` շեշտվում էր, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման տարբեր ոլորտներում:

Իշխանությունների հայտարարություններին զուգահեռ՝ եվրոպացի դիվանագետներն ավելի ու ավելի հաճախ էին կրկնում, թե ցանկանում են հասկանալ, թե որքան է Հայաստանը պատրաստ հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ, նույնիսկ ակնարկներ էին հնչում, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից իրատեսական ակնկալիքներ ունեն մեր երկրից: «Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը վերականգնվել է»,- Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ անցյալ ամիս խորհրդարանական լսումներում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան` հավելելով. «Վիլնյուսից Ռիգա ընկած ժամանակահատվածում մեծ առաջընթաց ենք արձանագրել, դիրքորոշումներն ավելի ու ավելի են մոտենում»:

Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի նպատակն է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներին` Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին, աջակցելը՝ ԵՄ-ի ու Վիշեգրադյան խմբի երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց օրեր առաջ Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչսը: Իսկ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը նշեց, որ ԵՄ երկրները նախատեսում են հետխորհրդային տիրույթի երկրների հանդեպ վիզային քաղաքականության ազատականացում, որոնք «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներ են:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անցյալ շաբաթ ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը նույնիսկ կարծիք հայտնեց, թե ԵՄ-ն ու Հայաստանը նպատակ ունեն երկկողմ հարաբերությունների առաջիկա համաձայնագրում, քաղաքական մասից բացի՝ ներառել նաեւ տնտեսական հատված: Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարությունների քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկեւիչին եւ Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան էին ժամանել Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու համար, ընդունել էին ՀՀ իշխանությունները, եւ Էնբերգը, որը մասնակցել էր նշյալ քննարկումներին, «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ դեռ դժվար է մանրամասներ հաղորդել սպասվող համաձայնագրից, քանի որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատ դեռ չի ստացել. «Մտքերի փոխանակման փուլում կողմերի նպատակն էր ուշադրություն դարձնել համաձայնագրի երկու մասերին էլ՝ քաղաքական ու տնտեսական: Ուստի կարող եմ ենթադրել, որ տնտեսական մասը նույնպես իր արտացոլումը կգտնի Հայաստանի հետ բանակցությունների մանդատում»: Այնուհետեւ նա հավելել էր հետեւյալը. «Մենք ավարտել ենք մտքերի փոխանակման փուլը եւ այժմ սպասում ենք, որ ԵՄ անդամ-երկրների կողմից Եվրահանձնաժողովին մանդատ կտրվի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Հույս ունենք, որ այդ մանդատը կտրվի Ռիգայի գագաթնաժողովից առաջ, սակայն ավելի հավանական է, որ անդամ-երկրները չեն հասցնի ավարտել քննարկումները ու չեն հասցնի մինչեւ Ռիգայի գագաթնաժողովը տալ այդ մանդատը: Ուստի Ռիգայում կա՛մ մենք կասենք, որ սկսում ենք բանակցությունները, կա՛մ կասենք, որ բանակցություններ սկսելու գործընթացի մեջ ենք»:

ԵՄ-ի եւ Հայաստանի  միջեւ փաստաթուղթ կստորագրվի՞ արդյոք այս շաբաթ Ռիգայում, թե՞ կհայտարարվի ընդամենը, որ Հայաստանն ու ԵՄ-ն սկսում են բանակցություններ` առաջիկա օրերին թերեւս այս հարցում հստակություն կլինի: Հնչում են կարծիքներ, որ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի: Պաշտոնական բանակցություններ այս ուղղությամբ, կարծես, չեն ընթանում, պարզապես գնում են քննարկումներ կողմերի միջեւ, որոնց արդյունքում կճշգրտվի, թե Ռիգայի գագաթնաժողովում ինչ կհայտարարվի Հայաստանի հետ համագործակցության մասով:
Այստեղ, իհարկե, կարեւոր է Մոսկվայի գործոնը, եւ այս ամիսների որոշակի անորոշությունն ու զգուշավորությունը հայ եւ եվրոպացի պաշտոնյաների ու դիվանագետների կողմից, թերեւս, հենց Ռուսաստանին չզայրացնելու մղումով է պայմանավորված:
Օրեր առաջ Բրյուսելում կայացել էր Արեւելյան գործընկերության երկրների առեւտրի նախարարների ժողովը, որից հետո տեղի էր ունեցել Եվրամիության առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի եւ Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի մամլո ասուլիսը։ «Ներկայում մշակելով Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը՝ մենք ենթադրում ենք, որ դրա մաս կարող է կազմել նաեւ Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը»,- նշել էր Ռինկեւիչսը։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք լուծումներ գտնել մեր քննարկումների ընթացքում, այնպես որ՝ սա այն տարբերակը չէ, երբ ասում են, թե Եվրամիությունը առաջարկ է ներկայացնում, որը պետք է կա՛մ ընդունել, կա՛մ ոչ, սա փոխադարձ ընդունելի տարբերակ է լինելու, երկկողմ գործընթաց է»,- հավելել էր նա: ԵՄ առեւտրի հանձնակատարն էլ նկատել էր, որ Բրյուսելը փորձում է հաշվի առնել Մոսկվայի տեսակետը, տարաձայնությունների հիմքում Ուկրաինայի խնդիրն է։ Իսկ Ռինկեւիչսի խոսքով՝ Բրյուսելը Հայաստանի, Բելառուսի եւ Ադրբեջանի հետ ցանկանում է սահմանել համագործակցության այնպիսի աստիճան, որը կհամապատասխանի այդ երկրների ազգային շահերին։

Գալով Ադրբեջանին՝ նկատենք, որ օրերս Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, նշել է, թե Ադրբեջանը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրի։ Նա հիշեցրել է Թուրքիայի ավելի քան 50-ամյա ջանքերի մասին, որն ապարդյուն փորձում է անդամակցել ԵՄ-ին` ընդգծելով, որ այդ ընթացքում ԵՄ-ին անդամակցել են մի շարք քրիստոնեական երկրներ, մինչդեռ մուսուլմանական Թուրքիան` ոչ: Ըստ Ալեսքերովի` իրավիճակն այլ է Ադրբեջանի պարագայում, եւ որ իրենք պահանջում են, որպեսզի իրենց հետ խոսեն որպես իրավահավասար գործընկերոջ. «Ոմանք ասում են, որ Ադրբեջանը չի ցանկանում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր: Դա ճիշտ է: Ադրբեջանն ի սկզբանե պահանջել է, որ ճանաչվի երկրի տարածքային ամբողջականությունը եւ միայն դրանից հետո դրվի համաձայնագրի հիմքը: Սակայն նրանք չեն գնում դրան, ինչի համար էլ Ադրբեջանը չի ստորագրի այդ համաձայնագիրը»: Այս հայտարարությունից օրեր առաջ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել էր, թե ԵՄ-ը ռազմավարական գործընկերության մասին առաջարկներ է ակնկալում Ադրբեջանից: «ԵՄ-ի հանձնակատար Յոհաննես Հահնը պատասխանատու է եվրոպական հարեւանության քաղաքականության համար: Ինչպես ընդգծել է Հահնը, մենք պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք «Արեւելյան գործընկերության» ծրագրին մասնակից 6 երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ: Դա կապված է այդ երկրների շահերի եւ ԵՄ-ի հետ աշխատելու ցանկության հետ: Հետաքրքիր կլինի Ռիգայի գագաթնաժողովում իմանալ այդ վեց գործընկերների կարծիքը: ԵՄ-ը մեծապես շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ: Ադրբեջանը ԵՄ-ի անդամ երկրների հետ ստորագրել է ռազմավարական երկկողմ համագործակցության մասին պայմանագիր: Ընդգծեմ նաեւ, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջեւ ստորագրվել է նաեւ էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր: Դրա հետ կապված՝ մենք սպասում ենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին: Մենք պետք է դիտարկենք դրանք»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031