Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցի տնօրենների օր»՝ Ֆրանսիական համալսարանում

Մայիս 22,2015 14:00

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարեւորում է համագործակցությունը ՀՀ ԿԳ նախարարության, կրթության մարզային վարչությունների եւ հանրակրթական դպրոցի տնօրենների հետ՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշման եւ մասնագիտության ճիշտ ընտրության նկատառումներով: Այս համատեքստում համալսարանն օրերս նախատեսել է հանդիպումներ տնօրենների հետ: Այդ շարքի առաջին հանդիպմանը՝ «Դպրոցի տնօրենների օր» միջոցառմանը ներկա էին Հայաստանի մարզային կրթության վարչության ներկայացուցիչներ, ավելի քան 30 դպրոցների տնօրեններ եւ աշխատակիցներ: Միջոցառումը նպատակ ուներ լսել Հայաստանի մարզային կրթության վարչության ներկայացուցիչներին, հասկանալ նրանց ակնկալիքները համալսարանից: «Առավոտի» հետ զրույցում համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան նշեց. «Համալսարանի եւ դպրոցների համագործակցությունը շատ կարեւոր է: Բոլորս միեւնույն նպատակն ենք հետապնդում՝ տրամադրել որակյալ կրթություն, ինչը սկսվում է ոչ թե համալսարանից, այլ դպրոցից: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ համալսարանն ու դպրոցը միասին աշխատեն, հետեւաբար պետք է հաճախակի դարձնել այսպիսի հանդիպումները: Այսպիսով, սա առաջին հանդիպումն էր, սկիզբն ազդարարված է»:

Միջոցառման ընթացքում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը, դասավանդման ու ուսումնառության մոտեցումները: Հյուրերը հնարավորություն ունեցան հանդիպել նաեւ Մարքեթինգի ամբիոնի վարիչ, Մարքեթինգի ֆակուլտետի մանկավարժական համակարգող Նաիրա Հայրապետյանի, Կառավարման եւ ֆինանսների ամբիոնի վարիչ, Կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող Անաստաս Աղազարյանի, Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ եւ շրջել համալսարանում: Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սերժ Ռուշանյանը նշեց, որ նախքան համալսարան ընդունվելն արդեն իսկ լսել էր կրթության խստության մասին, իսկ այժմ հասկանում է, որ այդ ամենն արվում է ի շահ ուսանողի:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին աշակերտների մասնագիտական կողմնորոշման արդյունավետությանն ուղղված միջոցները, հատկապես մարզերի աշակերտների համար համալսարանի նախապատրաստական դասընթացների ընդլայնման հնարավորությունները եւ ֆրանսերեն լեզվի դասավանդման հետ կապված հարցեր: «Սա մի նոր նախաձեռնության սկիզբ էր, նման միջոցառում հաջողությամբ իրականացվում է Ֆրանսիայում, որի փորձը Ֆրանսիական համալսարանը ցանկանում է տեղայնացնել նաեւ Հայաստանում»,- հանդիպման ավարտին ավելացրեց պարոն Մոնտուան: Հավելենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը միջպետական բուհ է: Համալսարանի Մարքեթինգի, Կառավարման, Ֆինանսների եւ Իրավաբանական ֆակուլտետները միաժամանակ շնորհում են հայկական եւ ֆրանսիական պետական 7 դիպլոմներ: Համալսարանի շրջանավարտների՝ Հայաստանում աշխատանքի տեղավորման գործակիցը կազմում է շուրջ 70 տոկոս:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031