Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի կարծիքով՝ ՀԷԿ-ի համար շրջանառվածը պաշտպանության նախարարության գումարներն են

Մայիս 22,2015 15:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է Վարդան Երիցյանի եւ Արթուր Քանանյանի քրեական գործի քննությունը: Արթուր Քանանյանը մեղադրվում է այն բանի համար, որ Արմեն Սարգսյանից խաբեությամբ հափշտակել է 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր՝ մոտ 1.500 գծամետր խողովակների արժեքը կազմող 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումար:
2005թ. օգոստոսին 2.500 գծամետրի ձեռքբերման դիմաց Արմեն Սարգսյանից մաս-մաս ստացված ընդհանուր՝ 270.000 ԱՄՆ դոլարից 103.408 ԱՄՆ դոլարը «Ցեոֆոս» ՓԲԸ տնօրեն Վարդան Երիցյանին փոխանցելով, ձեռք է բերել 930.27 գծամետր՝ 1.200 մմ տրամաչափի խողովակներ: Ա. Քանանյանը տեղեկանալով Մասիսի «Միկ Մասիս» ՓԲԸ բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, 2005թ. սեպտեմբերին, վերջինիս գործընկեր Արմեն Գեւորգյանին, խաբեությամբ, մատնացույց է արել հիշյալ բազայում առկա «իրականում իր կողմից չգնված եւ այլ անձին պատկանող՝ 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր՝ մոտ 1.500 գծմ խողովակները եւ այդ կերպ Արմեն Սարգսյանի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են եւ պատկանում են իրենց, խաբեությամբ հափշտակել է նրանից ստացված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը»՝ Ա. Սարգսյանին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Պաշտպանության նախարարության շինվարչության պետ Արմեն Սարգսյանը, նրա տեղակալ Արմեն Գեւորգյանը, Արցախի պաշտպանության բանակի շինվարչության պետը որոշում են Գառնիի ձորում հիդրոէլեկտրակայան կառուցել: Նրանց պետք էր խողովակներ: Որոշում են, որ ներդրում կանի Արմեն Գեւորգյանը, իսկ մյուս երկուսը՝ փաստաթղթային ձեւակերպումները: Գործին խառնվում է Վլադիմիր Քոչինյանը, ով ներկայանում է որպես Հայկոմկուսի նախկին առաջնորդներից՝ Քոչինյանի թոռը: Քոչինյանն ասում է, թե կմիջնորդի կամ կվաճառի խողովակները:

Վարդան Երիցյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը, ըստ գործի նյութերի, պետք է գնար արձակուրդ, նա ասում է, թե ՊՆ աշխատակից Անդրանիկ Մելոյանի մոտ ունի 430 000 դոլար, գումարն անհրաժեշտության դեպքում կտրամադրի:

Ըստ գործի նյութերի, իբրեւ Արմեն Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի այդ գումարները տրամադրվեն: Վ. Երիցյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի կարծիքով՝ գոնե հիսուն հազար դոլարը յուրացվել է:

«Ա. Սարգսյանը հայտնել է, թե հանձնել է գումարը Քանանյանին, վերջինս էլ Քոչինյանին՝ նրա աշխատասենյակում, ստանալով ստացական»,- ասում է պաշտպանը, սակայն հետագայում իր տրված հարցին՝ թե ո՞ւր է ստացականը, կողմը պատասխանել է՝ պատռել են:

«Ամբողջ մեղադրանքը, թե իբր Վարդան Երիցյանը կատարել է հանցագործություն, հիմնավորում են պատճեն-հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Հստակ հայտարարում եմ, որ մեղադրական եզրակացությունն անհիմն է, թերի ու փնթի: Դատախազ Պողոսյանին էլ ներկայացնում եմ միջնորդություն, ապացույցների հետ կապված, ասելով, թե չի նշված՝ որ ամսվա որ օրն է կատարվել հանցագործությունը»,- ասում է Հ. Ճարոյանը:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել վկաների ցուցմունքներին, թե նույն անձը քանի անգամ է ցուցմունք տվել ու ինչպիսի հակասություններ կան այդ ցուցմունքներում:

«Ի սկզբանե նախաքննության մարմնի համար հանցագործները եղել են Քանանյանն ու Երիցյանը»,-ասում է փաստաբանը, որի տեղեկացմամբ, իր պաշտպանյալ Երիցյանին մեկ այլ քրեական գործով օգոստոսի 5-ին հայտարարվել է հետախուզում, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմամբ, կալանավորման որոշմամբ, սակայն ակնհայտ էր, որ նա արդեն իսկ թաքնված է եղել, հանրապետությունից բացակայել է եւ բոլոր գործարքները ներկայացվել են փախուստի ժամանակ եղած գործողություններ: «Անձը հանրապետությունում չի եղել, ունեմ հեռախոսային վերծանումները, որ իմ պաշտպանյալը որեւէ մեկի հետ հեռախոսային խոսակցություն չի ունեցել»,- «Առավոտին» ասում է Հ. Ճարոյանը: Այս գործով պաշտպանը չբացառեց, որ պաշտպանության նախարարությունը դուրս է գրել 1 մլն դոլարից ավելի գումար, չնայած գործով խոսք է գնում 270 000 դոլարի մասին:

Երեկ դատարան էին ներկայացել պաշտպանության նախարարության աշխատակիցներից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031