Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է որոշել ինքնաբացարկ հայտարարել Արտաշատի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ղազարյանը

Մայիս 22,2015 20:23

«Քիչ առաջ զանգել էի փաստաբանիս, որ գա, թղթերը տանի նոտարին, քաղաքապետի թեկնածությունս հանում եմ»,- Արտաշատ քաղաքում Aravot.am-ին ասաց թեկնածուներից անկուսակցական Հովհաննես Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին  Aravot.am-ի հետ զրույցում նա միանշանակ պատասխան չէր տվել, թե արդյոք ինքնաբացարկ կհայտարարի, ասել էր.  «Առայժմ շարունակում եմ պայքարել, չէ՞, երևի, ինֆորմացիա՞ ունեք, որ հակառա՞կն է»:  Հետո ավելացրել էր. «Եթե հետ վերցնելու լինեմ, հետ կվերցնեմ: Ես դա ոչ մեկից չեմ հարցնի. ես եմ որոշում: Օրերը կգան, քանի կմոտենան ընտրությունները, տեսնենք, ոնց կլինի»:

Այսօր արդեն մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքնաբացարկի որոշումը կայացրել է ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո. կինը, որդիները համաձայն չեն եղել, որ նա շարունակի պայքարը, իսկ մինչ այդ թեկնածություն դնելու որոշումն ինքնուրույն է կայացրել:

Հովհաննես Ղազարյանը ներողություն խնդրեց իր ընտրողներից, նշեց, որ մասնակցելու դեպքում ինքը կհաղթեր, սակայն մտածեց, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում պետք է ավելի երիտասարդ թեկնածու լինի:

«Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, մտածում եմ, որ ավելի լավ կլինի, որ քաղաքապետ լինի վարչապետի որդին: Ինքը ավելի լավ կկարողանա խնդիրները լուծել: Եթե  ես դիմեմ իրենց ինչ-որ հարցով, հնարավոր է՝ մերժեն,  իրեն չեն մերժի: Հետո մտածում եմ, որ ես այս տարիքին երիտասարդի հետ չպետք է մրցեմ, Արգամը իմ որդիների տարիքին է, իրար ընկեր են»:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ որեւէ ճնշում քաղաքապետի մյուս թեկնածուի կողմից չի եղել. «Ես ինքնուրույն եմ որոշում կայացրել: Ինձ ոչ ոք չի կարող ճնշել,  իմ քաղաքի մասին  եմ մտածել»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ գուցե մինչեւ քարոզարշավը չի հանել թեկնածությունը, թողել է այժմ, որ Արգամ Աբրահամյանը մրցակից չունենա (մինչ քարոզարշավի մեկնարկը թեկնածությունն էր առաջադրել նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին` Գարեգին Համբարձումյանը, սակայն նա հանեց այն ), Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Նման բան ոչ ոք չի ծրագրել:  Ես անկանխատեսելի մարդ եմ, ինքս եմ որոշում ինչ անել»:

Հարցին գուցե վախեցել է մրցակցությունից՝ հաշվի առնելով, որ նախկինում վիճաբանություն է տեղի ունեցել Աբրահամյանների ընտանիքի հետ՝  եւ նաեւ խոսում են, որ իրենք երկրից բացակայել են այդ վիճաբանությունների պատճառով, նա պատասխանեց. «Մեր վիճաբանությունը վեց տարի առաջ է եղել, հիմա նման բան չկա: Գնացել ենք երկրից, որ լարվածությունն անցնի: Հիմա սխալը հասկացել ենք, ընդունել: Հետո բոլորս իրար մի օր պետք ենք գալու, մի օրվա համար չենք»:

Aravot.am-ի հարցին, իսկ գուցե թեկնածությունից հրաժարվել է՝ անիմաստ ռեսուրսներ չծախսելու համար՝ մտածելով, որ միեւնույն է վարչապետի որդին կընտրվի, նա պատասխանեց. «Ոչ, ես ունեմ ռեսուրսներ՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական: Եթե մասնակցեի, ես էի ընտրվելու, ուղղակի դուրս եկա, որովհետեւ մտածեցի, որ Արգամ Աբրահամյանն ավելի մեծ օգուտ կբերի քաղաքին»:

Հովհաննես Ղազարյանը նշեց, կարծում է, որ անգամ եթե մասնակցեր, որպես թեկնածու ընտրություններին, ընտրակեղծիքներ մյուս կողմից չէին լինի:

Քաղաքապետի նախկին թեկնածուն վերջում նաեւ հույս հայտնեց, որ գուցե ապագայում իր թեկնածությունը դնի Արտաշատի ընտրություններին:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031