Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է «սեպտեմբերի 3»-2-ը. պետք չէ շտապել ոգևորվել Ռիգայի արդյունքներով. Արմեն Մարտիրոսյան

Մայիս 22,2015 20:30

ՀՀ-ԵՄ փաստաթուղթ Ռիգայի գագաթնաժողովում այդպես էլ չստորագրվեց: ՀՀ նախագահը ստորագրեց Ռիգայի հռչակագիրը: Այստեղ անդրադարձ է կատարվում ՀՀ-ի հետ համագործակցությանը և ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ըստ հռչակագրի` ակնկալվում է որքան հնարավոր է շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Արևելյան գործընկերության երկրները պետք է ազատ լինեն իրենց ապագան որոշելու հարցում:

Սերժ Սարգսյանը Ռիգայում իր ելույթում հնչեցրեց,  թե «Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից»:

Թերևս մերձիշխանական շրջանակներում այս իրադարձություններից ելնելով են շտապում ոգևորվել, թե ՀՀ-Եմ հարաբերություններում առաջընթաց ենք գրանցել՝ հաճախ նաև վկայակոչելով Անգելա Մերկելի այն հայտարարությունը, թե իր համար անընդունելի է կամ-կամ սկզբունքը, որը դնում են ԵՏՄ և ԵՄ մուտք գործելու հարցում երկրների առաջ:

Սակայն ինչպես երևում է, շոշափելի արդյունքներ ՀՀ-ի հետ կապված դեռ չկան:

Aravot.am-ի հետ զրույցում նման տպավորություն փոխանցեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա բնորոշմամբ՝ քանի դեռ չկա նոր փաստաթուղթ՝ «ստատուս քվո» վիճակն է: Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտք գործելուն ըմբռնումով մոտենալուն, պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ մեր երկրին երկրորդ մի փոքր շանսն են տալիս, բայց այն արտոնությունները և առանձնահատուկ վերաբերմունքը, որ սահմանված էր խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու փաստաթղթով, այլևս չկա:  Մեր այն դիտարկմանը այնպիսի տպավորություն չստեղծվե՞ց, որ ՀՀ-ն Ռիգայում ստանձնել էր Ռուսաստանի պաշտպանի դերակատարությունը, քանի որ անգամ հրաժարվում էր ստորագրել հռչակագիրը, որում Ղրիմի բռնակցման մասին դրույթ կար, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց.

«Սա նոր չէ: Նման տպավորություն է թողնում ՀՀ-ն սկսած ՄԱԿ-ի քվեարկությունից: Ակնհայտ է դառնում ՀՀ-ի ոչ թե ՌԴ-ի հետ գործընկերության  խորացումը, այլ ՀՀ իշխանությունների կողմից ՀՀ-ի ռուսականացումը»:

Մեր այն դիտարկմանը, թեև մենք անընդհատ համեմատության մեջ ենք դնում Ադրբեջանին, թե միայն ԱԳ նախարարի մակարդակով էր Ռիգայում մասնակցում, բայց նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միայն ընդհանուր բնույթի դրույթ կա հռչակագրում, մինչդեռ չի խոսվում անգամ ազգերի ինքնորոշման իրավունքից, հետևաբար ո՞րն է այստեղ մեր հաղթանակը, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց, թե գուցե դա իշխանության համար է հաղթանակ, որը կողմ է մադրիդյան սկզբունքներին, բայց հասարակության մեծամասնությունը դեմ է. «Ընդունելի տարբերակ կլիներ, եթե ինչպես Կոսովայի դեպքում, այնպես էլ Ղարաբաղի պարագայում եվրոպական իշխանությունները ճանաչեին Ղարաբաղի ինքնիշխանությունը»:

Դառնալով ՀՀ նախագահի ելույթին՝ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, թե լավ տեքստեր են գրում, որ չի համապատասխանում իրականությանը:

Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե առաջիկայում ՀՀ-ԵՄ փաստաթուղթ կստորագրվի: Ավելին, կասկածում է, որ այս եվրոպական սիրախաղ-2-ը կապված է սահմանադրական փոփոխությունների և ընտրությունների հետ, որ եվրոպացիները ճանաչեն սահմանադրական փոփոխությունները և հերթական կեղծված ընտրությունները: Իսկ դրանից հետո Արմեն Մարտիրոսյանը կանխատեսում է «սեպտեմբերի 3»-2. «Հնարավոր է ՀՀ իշխանություններն ասեն՝ ՌԴ կազմի մեջ պետք է մտնենք: ԵՏՄ-ից հետո ՌԴ կազմի մեջ մտնելը մեկ քայլ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031