Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնիկ Աբրահամյան. «Ես տասներկու տարի դեպուտատ եմ եղել, ի՞նչ է տվել ինձ այդ իշխանությունը»

Մայիս 22,2015 22:30

«Ոչ մի անգամ նման խոսակցություն չի եղել: Ես որ հրաժարվեցի պատգամավորությունից  12 թվին, Կարինե Պողոսյանի տեղը մենք իրեն առաջարկեցինք, ինքը հրաժարվեց, ասաց՝ ես չեմ ուզում մտնել քաղաքականություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ջոնիկ Աբրահամյանը:  Նա պատասխանում է մեր հարցին՝ արդյոք պետական պաշտոններ զբաղեցրած, հիմա էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին նախկինում ցանկություն ունեցե՞լ է քաղաքականությամբ զբաղվելու:

Ջոնիկ Աբրահամյանը, որը թեկնածուի հորեղբայրն է, ասում է, որ իրենք այնքան էլ ցանկություն չունեին, որ Արգամ Աբրահամյանը քաղաքականությամբ զբաղվի. «Ես այդ ամբողջ բեռը հասկանում եմ, ինքը ահավոր մի բեռի տակ է մտնելու, ջահել տղա էլ է: Մեկը, եթե կարողանում է տասը կիլոգրամ բարձրացնի, հետո պիտի ուզենա 15 կիլոգրամ բարձրացնի, ինքը իրեն ստիպելու է, կարող է դրանից տրավմա ստանա, կարող է ուժն էլ չպատի, հարյուր բան կա…»:

Մեր դիտարկմանը՝ արդյոք իշխանություն ունենալու ցանկությունը չի եղել Արգամ Աբրահամյանի թեկնածու առաջադրվելու պատճառը,  Ջոնիկ Աբրահամյանը պատասխանեց, «Ես տասներկու տարի դեպուտատ եմ եղել, ի՞նչ է տվել ինձ այդ իշխանությունը, բացի իմ չարչարանքից: Այդ ամեն ինչից հետո ինձ առաջարկեցին մարզպետ, ես հրաժարվեցի: Ախ ես չեմ հասկանում, ի՞նչ է տալիս մարդուն այդ պետական աթոռը, էսօր կա, վաղը ձեռիցդ կառնեն: Ես դիմումս գրեցի, ասեցի՝ հրաժարվում եմ, գնում եմ՝ բիզնես անել, ասեցի՝ չեմ ուզում այ մարդ, քաղաքականությունը իմ խելքի բանը չէ: Հետո այս երկրում մարդը պետք է ճիշտ բանով զբաղվի. Բիզնեսմենը բիզնեսմեն է, շինարարը ուրիշ է, էն մյուսը՝ ուրիշ:  Այս քաղաքի համար տասը տարի այնքան բան եմ արել, որ դեռ տասը քաղաքապետ էլ պիտի գա, որ իմ չափ անի»:

Ջոնիկ Աբրահամյանի պատկերացմամբ՝ համայնքի քաղաքապետը պետք է դուրս է իր գրասենյակից եւ աշխատանքով զբաղվի. «Գիտես ի՞նչ կա, քաղաքապետ կլինի, մարզպետ կլինի, պետք է աշխատի: Եթե չաշխատեց, ոչ մի  գործը առաջ չի գնա: Ես այն ժամանակ գնում, վարչապետ ողորմածիկ Անդրանիկ Մարգարյանի հետ կռվում էի՝ ասում էի, խի՞ օրինակ՝ Տավուշին տասը միլիոն, Արարատին՝վեց, Արարատին էլ՝ տասը միլիոն, եթե ես այդպես չանեի, բյուջեն կազմվում էր, ում համար էր կարեւոր՝ Արարատ, թե Շիրակ:  Զոռով ստիպում էինք, խնդրում էինք՝ ասում էինք, որ դպրոցներ պիտի կառուցենք, մի քիչ էլ հարգանք պատիվ կար, տալիս էին մարդիկ: Վախտին ինչքա՜ն շինարարություն արեցինք»,- հիշում է նախկին պատգամավորը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031