Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժգոհությունները լուրջ համաժողովրդական շարժման չեն հանգեցնի»

Մայիս 23,2015 14:00

Ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների
փորձագետ Արմեն Բադալյանը

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի թանկացումը դարձել է հասարակության կողմից ամենաքննարկվող թեմաներից մեկը, եւ հասարակության կողմից ակնհայտ է դժգոհությունը նոր՝ հնարավոր թանկացումների հետ կապված: Ի վերջո այս դժգոհությունները կվերածվե՞ն «պայթյունի», եւ հասարակության բողոքի ձայնը ավելի կբարձրանա՞, կվերածվի՞ համաժողովրդական ցասման. այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ: «Կարող եմ ասել, որ դրանք ոչ մի բանի չեն բերելու մեր հասարակական դաշտում, որովհետեւ հասարակության 95 տոկոսը մահացած օրգանիզմ է, իսկ մահացած օրգանիզմը հնարավորություն չունի քաղաքական գործընթացներ առաջացնելու: Կլինեն դժգոհություններ, թե չեն լինի՝ դրանք լուրջ համաժողովրդական շարժման չեն հանգեցնի»,- ասում է պարոն Բադալյանը:

Armen-Badalyan

Փորձագետը կարծում է, որ իրավիճակից դժգոհողները կամ կարտագաղթեն, կամ կհամակերպվեն եղածի հետ:

Անդրադառնալով իրավիճակը փոխելու հարցում խորհրդարանական ուժերի դերին` փորձագետը նշում է, որ դրանք հասարակության ծնունդն են, եւ եթե հասարակությունը մեռած է, խորհրդարանական ուժերն ինչքան էլ քննարկումներ անցկացնեն, որեւիցե արդյունքի չեն հասնի:

Ըստ Արմեն Բադալյանի՝ իշխանություններին հասարակության այսպիսի վերաբերմունքը ձեռնտու է. «Իհարկե, բողոքողներ կան՝ հոսանքի գինը բարձրանում է, ապրանքների գինը՝ նույնպես, տնտեսական մենաշնորհներ կան, դատաիրավական համակարգը չի աշխատում, այսինքն՝ կան դժգոհություններ, բայց այդ դժգոհությունները բողոքի ալիքի չեն վերածվում: Նման իրավիճակը շատ ձեռնտու է հայաստանյան իշխանություններին, եւ նրանք դրանից շահում են: Առաջին անգամ չէ, որ հոսանքը թանկանում է, հիմա ասել են՝ 17 դրամով են թանկացնում, վերջին գինը երեւի կասեն՝ 12 դրամ, բայց թանկացումը կլինի»,- ասում է պարոն Բադալյանը եւ նշում, որ Հայաստանի հասարակության մասին կարծիք կարելի է կազմել վերջին՝ համայնքներում տեղի ունեցած ընտրություններից. «Հայաստանի հասարակության լավագույն ցուցանիշը ցույց տվեց Սյունիքը, երբ որ 94 տոկոսով կողմ էր քվեարկել իշխանության կազմակերպած հանրաքվեին, նույնը նաեւ Լոռիում, իհարկե՝ կային գյուղեր, որ դեմ էին, բայց դա էական նշանակություն չունի, որովհետեւ հենց նույն գյուղում մի քանի կիլոգրամ շաքարավազով կամ հինգ հազար դրամով կարող են ընտրություններում հարյուր տոկոս ապահովել»:

Փորձագետը իրավիճակը փոխելու երկու տարբերակ է տեսնում. առաջինի դեպքում փոփոխություն իրականացնողները պետք է իշխանությունները լինեն. «Պետք է վերացվի տնտեսական մենաշնորհը, ստեղծվի արդար դատաիրավական համակարգ, անցկացվեն ազատ, անկախ ընտրություններ, եւ իշխանությունները վարեն համապատասխան քաղաքականություն, որպեսզի միջին դասը զարգանա: Դա Հայաստանում չի լինի, քանի որ կհանգեցնի իշխանությունների տապալման»:

Հասարակությանը կենդանացնելու երկրորդ տարբերակը, ըստ Արմեն Բադալյանի, կախված է Արեւմուտքից, որը պետք է քաղաքական եւ կազմակերպչական աջակցություն ցուցաբերի մեր հասարակության այն 5-10 տոկոսին, որը կարող է եւ փորձում է ինչ-որ բան անել: «Եթե նրանք ցանկանում են արդյունք ունենալ, պետք է ունենան արտաքին ուժերի աջակցությունը»,- ասում է պարոն Բադալյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Նման հոդվածները նույնպես նպաստում են արտագաղթին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031