Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի բիզնեսների ստուգումներից ամպագոռգոռ բացահայտումներ չեն լինի

Մայիս 25,2015 11:24

Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կան մարդիկ, ովքեր չարախոսում են, թե կառավարությունը չի կարողանալու ապահովել իր խոստացած չորս տոկոս տնտեսական աճը: Այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին`տարին արդեն կես է եղել, տեսանելի՞ են խոստացված աճի կատարման հիմքերը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հորդորեց հարցն ուղղել տնտեսական բլոկի ներկայացուցիչներին: «Մեզ համար, իհարկե, շատ կարեւոր է, որ տնտեսական ցուցիչներն այնպիսին լինեն, որտեղից բխող հարկային եկամուտները կարողանանք ապահովել»,-ասաց նա:

Բյուջեի կատարման վիճակն ինչպիսի՞ն է`հարցրեց լրագրողներից մեկը`նկատի ունենալով այն հայտարարություններն ու վերլուծությունները, որ պակասորդը միլիոնների, անգամ միլիարդների է հասնում: «Ես չգիտեմ`ովքեր են ասողները, բայց այս տարվա ընթացքում մենք առաջին եռամսյակի պլանավորած ցուցանիշները կատարել ենք, երկրորդ եռամսյակում ել համապատասխան ծրագրին տանում ենք: Իհարկե, կան նաեւ շատ ռիսկեր, դրանք կապված նորից տնտեսական ցուցիչներից, բազմաթիվ գործոններից, ԵԱՏՄ-ում ընթացող գործառույթներից, ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներից: Ինքը բարդ մեխանիզմ է, շատ ցուցիչներ կան, որոնք դերակատարություն ունեն: Շուտ է նման գնահատականներ տալ: Կլինի`կտանք: ներկա պահին ունենք ռիսկեր, բայց ընթացքը նորմալ գնում է»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցը խորհրդարանում քննարկվեց-քննարկվեց ու անարդյունք մարեց ու հետաքրքրվեց`հնարավոր է նրա օբյեկտներում հարկային ստուգումներն էլ նույն ճակատագրին արժանանան: «Հարկային մարմինն այս տարիների ընթացքում, դուք նկատած չեք լինի, որ որեւիցե ավելորդ կամ պակաս վերլուծություններ անի`կլինի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա: Մենք բազմաթիվ գործեր ունենք, որ գանգատարկումների հանձնաժողովում քննարկվում են ու 60-70 տոկոս հօգուտ բիզնեսի է լուծվում: Դատարաններում գործեր ունենք, քարացած չի, ինչի՞ եք էդպես մտածում, պետք չի էդպես մտածել»,- ասաց Գագիկ Խաչատրյանը`հավելելով, որ մարդիկ ակնկալում են, թե շատ աղմկահարույց բաներ են հրապարակվելու, բայց ընթացքն ինչ-որ լինի, դա էլ կհրապարակվի:

Gagik Xachatr

Aravot.am-ի հարցին`վարչապետն իր նշանակման առաջին օրից հայտարարեց ստվերի դեմ պայքարի գործընթաց`ի՞նչ վիճակում են այդ գործերը: «Բավականին բարդ, բայց հետեւողական»,- եղավ պատասխանը:

Դիտարկմանը, որ հանրության համար արդյունքները նկատելի չեն, Գագիկ Խաչատրյանը չհամաձայնեց. «Որտե՞ղ պետք է զգան: Այդքան լրատվությամբ նյութեր ենք ցույց տալիս»: Ու հարցրեց`ի՞նչ նյութեր եք ուզում, ասեք`հրապարակենք: Խոշոր գործարարներին, օլիգարխներին վերաբերվող`մեր դիտարկմանն էլ ասաց. «Անուններ ասեք`ցույց տանք: Մեզ օլիգարխի անուն մի տվեք, ձեռնարկության անուն ասեք»: Երբ սկսեցինք թվարկել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունները, Գագիկ Խաչատրյանը ծիծաղեց. «Նորից շուռ եք գալիս Գագիկ Ծառուկյան….»:

Ստվերի դեմ պայքարում, ըստ Գագիկ Խաչատրյանի, բավական լուրջ արդյունքներ են եղել, տոկոսներ նա չհրապարակեց անընդհատ գործընթաց է. «Պարոն Ալավերդյանի բլոկով է, դիմեք իրեն»: Այնուհանդերձ ասաց, որ առաջին եռամսյակի կտրվածքով մոտ քսան միլիարդ դրամի մասին է խոսքը, գործընթացը շարունակվում է: «Լուրջ անհանգստություն ունենք այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք իրենց դաշտում չեն գործում: Այսինքն, ավելացված արժեքի հարկի դաշտում պետք է գործեն, բայց շրջանառության հարկի դաշտում են: Ամենամեծ խնդիրը դա է, մեր խնդիրը հարկային կարգապահությունը բարձրացնելն է ու էդ գործընթացում ունենք բարդություններ: Կարեւորը`խնդիրը ձեւակերպել ենք, տարիների ընթացքում պետք է հասնենք դրան»:

Գագիկ Խաչատրյանը նաեւ ստվերի տոկոս չհրապարակեց: Ասաց`դրա գնահատումը լուրջ մեթոդիկա է, մասնագետներն են զբաղվում: Հետաքրքրվեցինք`40 տոկոսից ավելի՞ն է, նա հարցը շրջանցեց, ասելով որ 60-80 էլ են ասում այն մարդիկ, ովքեր ուզում են ավելի հնչեղ երեւա իրենց խոսքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031