Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասյան տասը գանձերը

Մայիս 25,2015 12:44

Կարո՞ղ ենք մեզ «Կոմիտասի հետևորդներ» անվանել. հետևորդներ, որ աչքի լույսի պես են պահում այն ժառանգությունը, որում Սողոմոն Սողոմոնյանի սիրտն է բաբախում…

Սողոմոն անունը կարծես իմաստություն բառի հոմանիշը լինի,և այս անունը կրող հայ ազգի զավակը ևս իմաստության սերմեր ցանեց իր ճանապարհին,ակնկալելով,որ գալիք սերունդները կքաղեն այդ իմաստության պտուղներն ու աշխարհին կապացուցեն, որ, իրո՛ք ապրում է այն, ինչի ստեղծմանն ու դրա հետագա զարգացման ուղիներ հարթելուն իր ամբողջ կյանքը նվիրեց։

Կոմիտասն իր գործունեության ընթացքում նմանը չունեցող ընդունակություններ դրսևորեց թե՛ երաժշտական ստեղծագործության ու տեսական երաժշտագիտության, թե՛ երաժշտական ազգագրության ու կատարողական արվեստի ոլորտում։ Նա հիմնեց ազգային դասական երաժշտությունը, պաշտպանելով դրա ինքնուրույնության գաղափարը։ Նրա թողած հսկայական ժառանգության մեջ բացառիկ դեր ունեն «Տասը պատվիրանները երգչին», որ հայկական վոկալ դպրոցի զարդն են.

1.Երգելուց առաջ մարմինը կարծես մեռած (մարզանքը կմեռցնե մարմինը, բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն):

Կարծում եմ այս պատվիրանով Կոմիտասը ցանկացել է նախազգուշացնել երգչին, որ պարապմունքների ընթացքում, առավել ևս` բեմում, արգելվում են ավելորդ լարվածությունն ու նյարդային դրսևորումները: Բայց հարկավոր է չմոռանալ շնչառության մասին ու այն, որ թեև մարմինը խաղաղ է, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա ձայնակազմավորմանը։ Մարմինը, սիրտն ու հոգին պետք է խաղաղ լինեն, որ ձայնն էլ այդպիսի երանգ ստանա: Բայց գլուխը պետք է ակտիվ աշխատի, որ ստեղծագործությունը դատարկ ու անիմաստ չթվա: Ինչքան էլ ձայնը գեղեցիկ լինի, այն արժեզրկվում է, եթե ուղեղն անջատվում է. դատարկ գլխով երաժիշտը ոչ-ոքի պետք չէ :

2. Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո-պիասնիսիմո, դեռ կիսաստիճաններով բարձրանալ և կամաց-կամաց լայնացնել ձայնաշարը:

Սա կոնկրետ ցուցում է, որ առաջին պարապմունքներից պետք է ուշադրություն դարձնել ինտոնացիոն մաքրությանը, իսկ դրան կարելի է հասնել կիսաստիճաններով աշխատելով, իսկ ձայնածավալը աստիճանական ընդլայնելով ավելորդ լարվածություն չենք հասցնի ձայնալարերին։ Մեր օրերում տարօրինակ երևույթ է ձևավորվել. երգիչն ինչքան forte է երգում, այնքան պրոֆեսիոնալ է: Բայց վարպետությունը ոչ թե fortissimo-ների, այլ pianissimo-ների տիրապետման մեջ է, և դա մեզանում պետք է կրթենք վոկալ արվեստով զբաղվելու առաջին վայրկյաններից։

3. Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից:

Երգելու ժամանակ մարդու ներաշխարհը պետք է գոնե ձգտի կատարյալ ներդաշնակ լինել (կատարյալ լինել երբեք չի կարող),քանի որ կատարումը ունկնդրին ոչ թե պետք է նյարդանացնի, այլ գեղագիտական հաճույք պատճառի.կատարողի ցանկացած հուզմունք ՝ դրական,թե բացասական անմիջապես փոխանցվում է ունկնդրին։Բայց արվեստագետի առաքելությունն իր մատուցած արվեստով ունկնդրին որոշ խոհափիլիսոփայական հարցերի շուրջ մտորել ստիպելն է. սա պարտավորեցնող է և պետք է զգոն պահի կատարողին:

4. Ամեն ջանք թափել ձայնը ներս չպահելու, այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու:

Պետք է ձայնն իր ամբողջ գեղեցկությամբ ու հյութալիությամբ և հոգու հարուստ պաշարները դուս հորդացնել, քանի որ ոչ թե քեզ, այլ քեզ լսելու համար համերգասրահ եկած ունկնդրի համար ես երգում:

5. Ձայնը առաջ մղել. ինչպես մի նետ և այնքան հեռու, որքան շունչը թույլ է տալիս:

Ձայնը պետք է թռիչք ունենա, որ հասնի դահլիճի վերջին շարքում նստած ունկնդրին:

6.  Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաստիճանները և կամաց-կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները, և միայն այն պարագայում, երբ նախընթաց աստիճանը կատարյալ է երևում, քիչ-քիչ ձայնի ուժը ավելացնել, պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի:

Ձայնավարժությունները ինքնահոսի չթողնել, այլ հասնել յուրաքանչյուր նոտայի ճշգրիտ հնչեցման ու նոր անցնել հաջորդին: Դրանք ինքնանպատակ գործողություն չեն. օգնում են ստեղծագործությունները վարպետորեն կատարել:

7. Շատ աշխատանք (երգելու) կատարել շատ քիչ շունչ գործադրելով:

Վոկալ արվեստը շատ աշխատանք է պահանջում: Երգիչը ջանք ու եռանդ չպետք է խնայի հասնելու գեղեցիկ ու իմաստուն ձայնի: Անհրաժեշտ է մարզել շնչառությունը: Դրան նպաստում են ինչպես երգեցողության դասերը, այնպես էլ մարմնի մարզվելը, որը հսկայական օգուտ է տալիս երգչին: Պետք է շունչը հավասարաչափ բաշխել, չմոռանալ, որ ստեղծագործությունը մի քանի նոտայից բաղկացած չէ, և պետք է դրա ավարտի մասին, որ շնչակտուր չհնչի:

8. Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտտել, որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր` իբրև զգացմունքի արտահայտություն, զորօրինակ` գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արև, լուսին, ամպ: Երգել աստիճանաբար ձայնաշարով: Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը:

Հարկավոր է սովորել բառից ծնել մեղեդին,և ոչ մի դեպքում հակառակը։ Դա կօգնի երգչին սովորել բառերը հստակ արտաբերել ու ամենատարբեր էմոցիաներ արտահայտել։ Այսօր աշխարհը դիտվում է որպես զանազան էներգիաների ազդեցության դաշտ, իսկ բառերը` խտացված էներգիաներ: Այդ պատճառով ձայնը մարզելիս պետք է ընտրել գեղեցիկ, լավ ու բարի էներգիաներ կրող բառեր, որ դրանք ինչպես կատարողի, այնպես էլ լսողի վրա դրական ազդեցություն ունենա:

9. Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը crescedo և decresendo և ընդհատումներով երգել (staccato):

10. Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի` ավելի բարձր կամ ավելի ցածր, և շունչը մեջ լցնելով, ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը:

Վերջին երկու պատվիրանները վերաբերում են նյուանսներին, որոնց տիրապետումը սկսում է խոսել կատարողի` վարպետության հասնելու մասին, դա այն վիճակն է, երբ ձայնային ապարատը լիովին ենթարկվում է երգչին:

Ամեն հայ երգչի պարտքը պետք է լինի աշխարհում տարածել այս պատվիրանները, քանի որ սրանք իրենց նշանակությամբ պակաս կարևորություն չունեն ու իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային վոկալ դպրոցի հիմունքների կողքին։ Մենք Կոմիտասի թողած ժառանգության ամեն գանձով պիտի մեր ինքնուրույնությունը երաժշտական աշխարհում շարունակենք ապացուցել: Միայն այդ դեպքում մեզ կարող ենք Կոմիտասի հետևորդները համարել:

Նելլի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երաժշտական արվեստի մագիստրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031