Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում կրկին Իշխան Զաքարյանին են փնտրում

Մայիս 25,2015 14:17

«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,- խորհրդարանում  2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այսօր հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`դիմելով կատարողականի`ՎՊ-ի հատվածը ներկայացնող Սեյրան Ավագյանին: ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ բյուջեի կատարողականի ժամանակ Սեյրան Ավագյանն է ներկա լինում: Սեյրան Ավագյանն ասաց, որ ինքը տվյալ պահին կատարում է ՎՊ խորհրդի որոշումը, քանի որ պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել: Նաեւ հավելեց, որ քննարկվող հարցն իր համակարգման տիրույթում է:

Վահե Էնֆիաջյանը Սեյրան Ավագյանին խնդրեց նաեւ հրապարակել, թե ՎՊ-ն իր գործունեության, բացահայտումների արդյունքում ի՞նչ արդյունքներ է գրանցել: «Հստակ հրապարակեք ինչքա՞ն օգուտ եք տվել բյուջեին»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

«Ձեր հարցը ՎՊ հաշվետվությանն է վերաբերվում, ոչ թե բյուջեի կատարողականին: Երկու շաբաթ առաջ, ՎՊ-ի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացված է եղել խորհրդարանին, այն քառօրյայի օրակարգում է, այդ ժամանակ ձեր հարցն ուղղեք»,- պատգամավորին հորդորեց Սեյրան Ավագյանը:

Վահե Էնֆիաջյանը նաեւ հիշեցրեց, որ անցած քառօրյայում, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր տարեկան հաղորդումը ներկայացնելիս անընդհատ հղումներ էր անում ՎՊ-ին: «Քանի՞ քրեական գործ է հարուցվել, նախադեպեր եղե՞լ են, թե՞ ոչ»,-Սեյրան Ավագյանից հետաքրքրվեց Վահե Էնֆիաջյանը:

Սեյրան Ավագյանը հիշեցրեց, որ 2013 թվականի ՎՊ-ի գործունեության հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո, իրենք հայտարարել են, որ հաշվետվության մասով ամբողջությամբ քրեական գործ է հարուցված ու քննության փուլում է: «Դատախազությունը քանի՞ գործ կհարուցի, ի՞նչ արդյունքներ կիրականացնեն`դատախազության խնդիրն է, մեր գործունեության ոլորտից դուրս է: Ճիշտ չէ, որ այստեղ իրենց փոխարեն ես աշխատեմ»,- ասաց Սեյրան Ավագյանը:

Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ դատախազը խորհրդարանի ամբիոնից`պատգամավորների հարցերին ի պատասխան, որոնք կառուցված են եղել ՎՊ-ի հաշվետվություն վրա, շատ հստակ հրապարակեց, որ նման տեղեկություններ դատախազությունը չի ստացել ու հիմքեր չունենալով չի կարող գործեր հարուցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031