Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից 250 միլիոն է գանձվել

Մայիս 25,2015 15:08

Հարկային ստուգումների արդյունքում «Արմենթել» ընկերությունը տուգանվել է 4 միլիարդ դրամով, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը` 16 միլիարդ դրամին մոտ գումարով: Այս մասին այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Մենք ունենք 350 միլիարդի հարկային վնասների ներկայացրած ընկերություններ, որը իջեցրել ենք 150 միլիարդով, հիմա դա լավա՞ է, թե՞ վատ: Հիմա որ դուք գաք` ուսումնասիրեք, կհասկանաք, որ մի օրում, մի տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ և ստուգումներ անել»,- ասաց Խաչատրյանը:

Սամվել Ալեքսանյանին և Սաշիկ Սարգսյանին որքանո՞վ է հնարավոր եղել հարկային դաշտ բերել`հարցրեց լրագրողներից մեկը: Նախարարն ասաց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններին տուգանել և գանձել է 250 միլիոն դրամ: Հստակեցնող հարցին`իսկ Սաշիկ Սարգսյանին: «Որ ասեք Ալեքսանդր Սարգսյանը ինչ բիզնեսներ ունի ես… չունի որևէ բիզնես»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Պնդմանը`ի՞նչ գիտեք, որ չունի, Գագիկ Խաչատրյանը արձագանքեց. «Ես այնքան բան գիտեմ, բայց պետք ա ստիպեք, որ ասեմ»:

Gagik-KhachatryanԼրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին իր ընտանիքին պատկանող բիզնեսներից`հետաքրքրվելով, թե այս ընթացքում իր ընտանիքին պատկանող բիզնեսներից որևէ մեկը փակվե՞լ է: Գագիկ Խաչատրյանը հորդորեց`հարցն ուղղել իր ընտանիքի այն անդամներին, որոնք զբաղվում են այդ գործով. «Դուք կգնաք իմ ընտանիքին պատկանող բիզնեսները շատ լավ գիտեք, էդ ամբողջ քսանմեկերորդ դարը էդ հարցն եք ինձ տալու և նույն ձևով եմ պատասխանելու: Իրենք գտնվում են այն չափորոշիչների մեջ, ինչպես հանրապետության բոլոր բիզնեսմենները»:

Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին` ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր գերատեսչությունները սկսեցին իր ընտանիքին պատկանող Ucom ընկերությունից օգտվել: «Դուք գնացեք ուսումնասիրեք, տեսեք թե պետական կառույցներն այդ ցանցն անցկացնելով ինչքա՞ն խնայողություններ ունեն: Դուք մի հատ գնացեք… ի՞նչ կապ ունի Ucom-ն է, թե ուրիշ ընկերություն: Դուք գնացեք տեսեք, թե ինչքա՞ն խնայողություններ կան»: Պնդմանը, թե խոսքը խնայողությունների մասին չէ, այլ նրա, որ պետական կառույցները միանգամից անցում կատարեցին այդ ընկերությանը, Գագիկ Խաչատրյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել Ucom ընկերությանը.«Ucom-ին հարցրեք, ինձ ինչի՞ եք հարցնում»: Նա հերքեց այն ենթադրությունները, թե Ucom ընկերությունը իր հովանավորությամբ է գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031