Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության զավեշտը. անկախ իր կամքից գործազրկությունն իջնում է, որովհետեւ արտագաղթն է մեծանում

Մայիս 25,2015 15:49

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների համակարգերում բյուջեի կատարողականը:

Vache TerteryanՏարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ իրենց ոլորտում բոլոր ցուցանիշները եթե ոչ 100 տոկոս կատարողական են ապահովել, ապա մոտ են 100 տոկոսին:

Նա ասաց, որ սեյսմիկ ծառայության ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարել:

Հակակարկտային ծառայության մասին խոսելիս նա նշեց, որ ունենք 154 հակակարկտային կայան, որոնք պետբյուջեի միջոցների հաշվին են կառուցվել. «Բայց ունենք նաեւ հակակարկտային կայաններ, որոնք կառուցվել են ներդրումային համագործակցության շրջանակներում՝ մարզպետարանների կամ այլ միջոցների հաշվին: 450 կայաններ են դրանք: Այդ հակակարկտային կայանները տեղադրված են հիմնականում Շիրակի, Արարատի եւ Արմավիրի դաշտավայրային մասերում եւ բնական երեւույթների տրամաբանությամբ: Ամբողջ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ռիսկային մասերը ծածկելու համար մեզ պետք է մոտ 5500 նման կայաններ: Մենք այդ աշխատանքները ենթադրում ենք կատարել որոշակի տեմպով»:

Miqayel MelqumyanԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգվեց՝ այսինքն, մոտ 8 անգամ ավելի քիչ ունե՞նք կայան. «Իհարկե, սա չի նշանակում, որ 8 անգամ ավելի քիչ բերք ենք ունենալու, բայց մոտ 18 անգամ ռիսկերը մեծանում են: ՀՀ-ում շուրջ 120 մլն դոլարի բերք է փչանում կարկուտից եւ ցրտահարությունից: Արմավիրի գյուղերում նախորդ տարի լուրջ խնդիր ունեցանք: Երբ ապահովագրության օբյեկտիվ հիմքեր չկան, անելանելիություն է դա առաջացնում»:

Հետո Միքայել Մելքումյանը ԶԼՄ-ների համար հայտարարեց. «Հայաստանում գործազրկությունն իջնում է: Կզարմանաք, կասեք ո՞նց է իջնում: Այո, որովհետեւ արտագաղթն է մեծանում, մեխանիկորեն գործազրկությունն իջնում է»:

Ըստ Միքայել Մելքումյանի, եթե ծրագրավորված լիներ՝ հակակարկտային կայանների համար այսքան ծախս ենք անում՝ այսքան բերք փրկելու համար, որի արդյունքում կկրճատվի այսքան սոցիալական ծառայություն, դա հասկանալի կլիներ:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ 5000 կայանների թիվը հստակ հաշվարկների արդյունք է. «Դա վատ չի լինի, որ դնենք, բայց դնել մեխանիկական նպատակ, որ անպայման պետք է 5000 կայան շարենք ՝ճիշտ չի լինի: Չպետք է մոռանալ, որ կարկուտների դեմ 100 տոկոսանոց արդյունավետ պայքար միջազգային պրակտիկայում էլ գոյություն չունի դեռեւս»:

Վաչե Տերտերյանը կանխատեսեց, որ մոտ ապագայում հակակարկտային կայանների թիվը կմեծանա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031