Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դիտորդի հեռացվելուց հետո Հ. Կյուրեղյանը դիմեց դատարանին, որ դատարանը չխոսի պատժի լեզվով  (Տեսանյութ)

Մայիս 25,2015 16:50

Հայկ Կյուրեղյանի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու պատճառաբանությամբ նիստերի դահլիճից դուրս հրավիրեց դիտորդական խմբի անդամ  Նելլի Հարությունյանին, ասելով, թե ծիծաղել է: Իսկ մինչ այդ տեղից խոսելու պատրվակով հեռացվել էր նիստը հետեւող ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Հայկ Կյուրեղյանը դատարան բերվեց, որպեսզի ցուցմունք տա:

Նա հրաժարվեց իր պաշտպանից, ասելով թե պարտադրված պաշտպան չի ուզում: Նկատի ուներ պետության կողմից տրամադրված հանրային պաշտպանին: Երբ պաշտպան Անժելա Հոբոսյանը հեռացավ նիստերի դահլիճից, Հայկին դատավորը հորդորեց կանգնել, դատարանի նկատմամբ ցույց տալ հարգալից վերաբերմունք եւ ցուցմունք տալ:

Հայկ Կյուրեղյանը մնաց տեղում նստած, սկսեց մեղադրական եզրակացության առաջին իսկ տողի հետ կապված պարզաբանում ստանալ:

Կյուրեղյանը հարցրեց, թե կա՞ իրավական կատեգորիա, որով մեղադրվում է: Դատախազը ասաց. «Կատեգորիա չլիներ, չէի մեղադրի»:

«Եթե նշում եք կա ենթահոդված, ո՞ր ենթահոդվածն է»,- հարցրեց Հ. Կյուրեղյանը:

Դատախազն ասաց, թե կարող է դիմել դատարանին պաշտպան խնդրել:

Սակայն Կյուրեղյանն ասաց, թե միայնակ կպաշտպանի իրեն:

Պարզաբանման փոխարեն սկսվեց հարցուպատասխան մեղադրողի հետ, որը համարվեց ցուցմունք տալ:

Հ. Կյուրեղյանն ասաց, թե գիտակցել է իր քայլերը, թե պատրաստ էր հանուն արդարության ատոմային ռումբ էլ գցել ոստիկանների վրա, պայքարել բոլոր միջոցներով:

Տուժող ճանաչված ոստիկաններից՝ Աբելյանը հարցրեց, թե «երբ մոտեցա Ձեզ, առաջին երկուսը կպել էր, մեկ-մեկուկես մետրի վրա էիք, խնդրում էի իջնել ավտոմեքենայից, էլի կկրակեիք», Հ. Կյուրեղյանն ասաց, որ նախ ոստիկանն իրեն չի խնդրել: «Գլխիս էիք կրակում»,- նորից պնդեց ոստիկանը, իսկ Հ. Կյուրեղյանն ասաց, ցանկացած անձնավորություն, այդ թվում ոստիկանը, եթե  չի թողնի պաշտպանել արդարությունը, կարժանանա այդ պատասխանին:

«Պաշտպանում էի արժանապատվությունը»,- ասաց նա:

Տուժող ոստիկաններից պարոն Ղարիբյանը հարցը տալուց առաջ հիշեցրեց, թե, մինչ կրակելը, Հայկ Կյուրեղյանն «Ազատություն » ռադիոկայանին ասել էր, թե «կխանգարի , կտեսնեք ինչպես»՝ նկատի ունենալով անցյալ տարվա հունիսի   12-ին կայանալիք «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» դատական  նիստը: Հարցրեց, թե սցենար ունեցել է , Հ. Կյուրեղյանն ասաց. «Ես ունեի դատարանից պաշտպանվել, բոլոր միջոցներով»:

Համարելով ցուցմունքն ավարտված՝ դատարանը Հայկ Կյուրեղյանին դարձյալ հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ ընդմիջումից հետո դիմեց հանրային պաշտպանի գրասենյակին՝ կրկին պաշտպան խնդրելով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031