Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան պատվիրակությունն այս տարի բավականին ներկայանալի է»

Մայիս 26,2015 20:02

Մայիսի 28-31-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից և Վրաստանից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Նմանատիպ մի քանի փառատոներ ունենք, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի «Նոր անուններ» փառատոնը: Բավականին բարձր կատարողական մակարդակ ունեցող երեխաներ են գալիս, որոնցից շատերը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների դափնեկիրներ են: Համոզված եմ, որ այս տարի ևս արդյունքները լավ կլինեն»,- ասաց փոխնախարարը:

«Երեխաներ կան, որ չնայած իրենց շատ փոքր տարիքին՝ ուղղակի իրենց գործի վարպետն են,- հավելեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը,- ափսոս միայն, որ երբեմն ստիպված ենք լինում հրաժարվել շատ լավ երաժիշտներից, երբ մեկ գործիքի համար նրանց թիվը շատ մեծ է լինում: Համենայն դեպս, ձգտում ենք ընտրել լավագույներին»:

«Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի փոխանցմամբ՝ հայաստանյան պատվիրակությունն այս տարի բավականին ներկայանալի է. «Մենք միայն արվեստով կարող ենք լավագույնս ներկայանալ աշխարհին, միայն այդ ձևով ճանաչելի կդառնանք: Մեր այսօրվա տաղանդավոր երեխաները մեր վաղվա օրն են, և ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, երբ երկիրը պատանիներն են ներկայացնում»,- ասաց նա:

Նշենք, որ փառատոնն այս տարի անցկացվում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Բացումը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 15-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պատանիները հանդես կգան մենանվագ կատարումներով: Իսկ փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ պատանի մենակատարների և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ ելույթով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031