Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագնի բարձրացման հարցը հանրային խորհրդում աղմուկ-աղաղակով քննարկեցին. (Տեսանյութ)

Մայիս 26,2015 20:50

Այսօր հանրային խորհրդում քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցն ու ՀԷՑ-ի հայցը, որն անհիմն են համարում: Խորհրդի ձեռնարկատիրական եւ սպառողների հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացվեցին, վեր հանեցին ՀԷՑ-ի անհիմն ծախսերը, հարց բարձրացվեց՝ թե ինչու պիտի ՀԷՑ-ը 45 կամ 60 դրամով էլեկտրաէներգիա գներ հայ-ռուսական ընկերությունից եւ Հրազդանի ՋԷԿ-ից, եթե կարող էր 15 դրամով գնել Վրաստանից:

Վերը նշված հանձնաժողովի անդամ Աշոտ Աշոտյանը նկատեց՝ «Մենք շատ լավ գիտենք՝ թե հանձնաժողովն (նկատի ունի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) ո՞ւմ է ծառայում, ինչի՞ համար, ի՞նչ շահեր կան բարձրացնելու գները: Անընդհատ մեզ խաբում են, որ սա վերջին անգամն է, անընդհատ մենք զիջման ենք գնում: Եթե մի ազգ թույլ է տալիս, որ իր գլխին մի անգամ պոպոկ ջարդեն, 2-րդ, 3-րդ անգամ էլ կջարդեն»: Աշոտյանն ասաց, որ հանրային խորհուրդը ստեղծված է «պտիչկայի» համար, «100 տարի» է նստում՝ քննարկում են, բայց բանի տեղ դնող չկա:

IMG_5636

Քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեցին, թե ինչո՞ւ մինչ օրս կառավարությունը չի սահմանում արեւային էներգիայի սակագինը, այն դեպքում, երբ Հայաստանը արեւային էներգիայի մեծ պոտենցիալ ունի:

Ի վերջո` տարբեր կարծիքներ ու դիտարկումներ լսելուց հետո խորհրդի մասնակիցները համակարգեցին իրենց պահանջները եւ կետերով այն ներկայացրեցին, ըստ այդմ հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պահանջում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը որեւէ ձեւով հիմնավորված չէ, այն չպիտի բարձրանա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը, ՀԷՑ-ում միջազգային աուդիտի անցկացում, Հաշվարկային կենտրոնի թափանցիկության ապահովում: Այս հարցերը քննարկումը կազմակերպող ձեռնարկատիրական եւ սպառողների հարցերի հանձնաժողովը դեռ պետք է ներկայացնի հանրային խորհրդին, որն էլ վերջնական որոշում պիտի կայացնի՝ թե ինչ պիտի անեն այս առաջարկների հետ: Մինչ այդ, խորհրդում աղմուկ-աղաղակով որոշեցին թե ինչ պահանջներ են դնելու:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ եթե հանրային խորհուրդն ընդամենը «պտիչկայի» համար է ստեղծված, որեւէ լծակ չունի ազդելու, ապա քննարկման իմաստը ո՞րն է, եւ մտավախություն չկա, որ քննարկման ժամանակ առաջ քաշած հարցերը պարզապես կգոլորշիանան: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ասաց, որ պետք է իրենք փորձեն ավելի կոնկրետ որոշիչ լծակ ստանան խորհրդի համար: Խորհրդի կարգավիճակն ուժեղացնելու հարցը, ըստ Սադոյանի, բարձրացրել են, սակայն նրանց վստահեցրել են, որ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն արվի, որպեսզի խորհրդի գործառույթներն ավելի ուժեղացվեն:

Հետո Սադոյանը լրագրողներին հորդորեց փորփրել Ռոբերտ Նազարյանի կենսագրությունը. «Հլը մի հատ փորձեք նայել Նազարյանի կենսագրությունը, նայել ինչ է արել այս ամբողջ ընթացքում, մի հատ սիրուն հոդված գրեք, թե ինչքան վատ է աշխատել: Չեմ ասում՝ թալանչիություն է արել, չեք կարող ապացուցել, կաշառք վերակալե՞լ է, թե չի վեկալել»:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք չարժե ՀԷՑ-ի ռուսական ընկերությունից պահանջել հրաժարվել ՀԷՑ-ի կառավարումից՝ բոլոր կատարած չարաշահումների համար պատասխան տալուց հետո, քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ թե Ազգային անվտանգության ծառայությունը, եւ թե այլ իրավապահ մարմիններ ու հարկային ստուգումներ արել են ՀԷՑ-ում, իրենք այդ չարաշահումները բացահայտել են, բայց չեն բարձրաձայնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Բոլորս գիտենք«որ նպատակն է Հայաստանը մնա առանց հայերի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031