Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանը չմեկնաբանեց Էլմար Մամեդյարովին

Մայիս 27,2015 18:45

«Ես չգիտեմ՝ ինչո՞վ է զբաղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, իրենց որոշելիքն է, իրենց ընդունած որոշումներն իրենցն են, ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ Ադրբեջանի ապագա քայլերի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, հայտարարել է, որ բացառված չէ իր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, կարգավորվի իրավիճակը: Կարեն Նազարյանն ասաց, որ Մամեդյարովի հայտարարությանը միայն մամուլից է ծանոթ. ավելի մանրամասն պիտի ծանոթանա, որ մեկնաբանություններ տա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` ռուսական կողմից էլ են հայտարարում, որ մտադիր են «տեղից շարժել» ղարաբաղյան հակամարտությունը, փոխնախարարն ասաց, որ բնական է ՌԴ-ի կողմից նման հայտարարությունը, քանի որ վերջինս Մինսկի խմբի համանախագահ երկիր է. նորմալ է, որ այդ երկիրը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ավելի նախաձեռնողական հայտարարություններով, ինչի ականատեսն ենք եղել նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պարագայում:

Հարցին էլ` Ռիգայի գագաթաժողովից հետո ի՞նչ ունի Հայաստանը, ի՞նչ կարելի է սպասել, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Ռիգայի հռչակագրում արդեն ամրագրված են մեր կողմից նախաձեռնվելիք քայլերը, որոնց մասին նախորդ շրջանում էլ եղել է անդրադարձ: Դժվար է կանխատեսումներ անել զուտ ժամանակացույցի հետ կապված, բայց այն հիմնական ուղղությունները, որոնք ներառված են հռչակագրում՝ կապված ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության հետ, դրանք հաջորդական ու հետևողական ձևով կիրականացվեն, և դրա համար կան բոլոր նախադրյալները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031