Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստում հինը կործանարար է, իսկ հնագույնը՝ փրկիչ»

Մայիս 28,2015 13:00

Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանը՝ իր ստեղծագործությունների, մասնավորապես «Գիլգամեշ» օպերա-բալետի մասին

Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի (լուսանկարում) «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ կտավը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) մատուցմամբ, 2012թ. մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում: Հեղինակը մինչ այժմ ընդամենը մեկ անգամ է հայ ունկնդրին ներկայացել:
Այս օրերին արվեստագետը դարձյալ հայրենիքում է: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորն ասաց, որ իր մի քանի ստեղծագործություններ տեղ են գտել Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակները» ներկայացման մեջ, որի պրեմիերան կկայանա մայիսի 27-ին՝ Ազգային օպերային թատրոնում: «Ինձ համար պատիվ է, որ երաժշտությունս տեղ է գտել Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Բաբաջանյանի ու Տերտերյանի ստեղծագործությունների կողքին»,- նշեց մեր զրուցակիցը: Հետո էլ ասաց, թե Խառատյանի հետ հանդիպումը կայացել է Կանադայում, դեռեւս 5 տարի առաջ: Հավաստիացրեց նաեւ, որ բալետմայստերը լսելով իր «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ կտավը, դաշնամուրի կոնցերտը, «Տոկատը», «PLANETE X» սեպտետի համար գրված երկը, թավջութակի՝ «Նվիրում» պիեսը, թույլտվություն է խնդրել օգտագործել այն «Զույգ արեգակներ» բալետում: Աշոտ Արիյանը հայտնեց, որ թվարկած ստեղծագործությունները ձայնագրել է Կանադայի «ARKEA» ճանաչված կամերային նվագախումբը, մեքսիկաբնակ թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը եւ ինքը՝ իբրեւ դաշնակահար (Աշոտ Արիյանը որպես դաշնակահար դասեր է առել Երեւանում, Ելենա Աբաջյանի, Ռուբեն Սարյանի մոտ):

Կոմպոզիտորը հեղինակ է նաեւ սիմֆոնիայի, կամերային երկերի, այդ թվում՝ կվարտետ, տրիոներ, երգչախմբային ստեղծագործությունների եւ այլն:
Երաժիշտը ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Արմեն Սմբատյանի, ապա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Կարեն Խաչատուրյանի դասարաններում:

Հետաքրքրվեցինք, թե ստանալով հիմնավոր կրթություն, ինչո՞ւ ժամանակին մեկնեց ու հաստատվեց Կանադայում, կոմպոզիտորը նախ նշեց, թե նպատակը դոկտորական աշխատության պաշտպանությունն է եղել, որի թեման պահանջում էր մանրակրկիտ ուսումնասիրություններ, հետո էլ մանրամասնեց. «Դա 2007 թվականն էր: Դոկտորականիս թեման «Գիլգամեշ» օպերա-բալետն էր, որը հիմնված է շումերական, բաբելական միֆաբանության վրա: Ընդ որում, երգեցիկ հատվածները հնչում են շումերական, բաբելական մեռած լեզուներով: Այդ հարցում ինձ մեծ օգնություն ցուցաբերեցին Տորոնտոյի, Չիկագոյի համալսարանների մասնագետները, ինչպես նաեւ հայաստանցի հնէաբան Համլետ Մարտիրոսյանը: Ի վերջո, դոկտորականս պաշտպանեցի 2012թ.: Նշեմ նաեւ, որ օպերա-բալետի լիբրետոյի հարցում մեծ էր Ռուդոլֆ Խառատյանի օգնությունը»: Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս օպերա-բալետի բեմադրությունը չի իրականացվել հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Այսօր էլ դա բանակցությունների փուլում է, սկսած Վանկուվերից մինչեւ Տորոնտո: Ինձ համար արժեքավոր էր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հեղինակավոր կարծիքը: Հավանաբար գիտեք, որ Էգոյանը օպերային արվեստի մելոման է, վերջին շրջանում էլ մեկը մյուսի հետեւից նրա ռեժիսուրայով բեմադրվում են օպերային ներկայացումներ: Տորոնտոյի օպերային թատրոնում ճանաչված կինոռեժիսորը իրականացրել է Վագների «Վալկիրիա» եւ Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերաների բեմադրությունները: Ցանկությունս մեծ է, որ օպերա-բալետի պրեմիերան կայանա Երեւանի օպերային թատրոնում»:

Անդրադառնալով «Գիլգամեշ» օպերա-բալետին, Աշոտ Արիյանը նշեց, որ այդտեղ էլ հայկական թեմա կա ու մանրամասնեց. «Այս ստեղծագործության մեջ ներկայացված են մեր Մասիսները: Շումերերեն Մասիս նշանակում է երկվորյակ լեռ, որոնց մեջտեղում գտնվում են անդրշիրիմյան աշխարհ տանող դարպասները: Եվ քանի որ Արեւմտյան Հայաստանի Բագրեւանդ գավառից եւ Արեւելյան Հայաստանի Վայքի տարածքից մարտի 21-ին արեւը ծագում է հենց երկու Մասիսների մեջտեղից, շումերները համարում էին, որ անդրշիրիմյան աշխարհ տանող դարպասները գտնվում են այդտեղ, ինչը խորհրդանշում է գարնանամուտը»:

Դիտարկմանը, թե, փաստորեն, կոմպոզիտորը ընտրել է բարդ ստեղծագործական ուղի՝ հանձին օպերա-բալետի, այն դեպքում, երբ իր արեւմտյան կոլեգաների մեծամասնությունն այսօր նախընտրում է հեշտը՝ շոու կոչվածը, Աշոտ Արիյանը հայտնեց հետեւյալը. «Այս թեման ընտրել եմ՝ համոզված լինելով, որ արվեստում հինը կործանարար է, իսկ հնագույնը ինչ-որ տեղ կարող է ուղեցույց հանդիսանալ, նույնիսկ փրկիչի դեր կատարել: Օպերա-բալետում տեղ են գտել քրմերի ծեսեր, մարտապարեր, սեքսուալ ինիցիացիայի տեսարաններ… ի վերջո՝ մահ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031