Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի երաժշտական դպրոցը հասել է զգալի արդյունքի

Մայիս 28,2015 13:19

Քաշաթաղի շրջանի հիմնադրման սկզբից Բերձորում սկսեց գործել նաև երաժշտական դպրոցը, որը 2000 թվականից տնօրինում է Արմեն Բալասանյանը: 2015 թվականի հունվարից երաժշտական դպրոցն ու Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի արվեստի բաժինը միավորվեցին՝ անվանակոչվելով «Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ: Այժմ դպրոցն ունի ընդհանուր 278 սան, որից 107-ը՝ երաժշտական մասում:

Անցած տարիներին երաժշտական դպրոցը հասել է զգալի արդյունքի: Շրջանավարտներից 3 հոգի՝ Անի Սահակյան, Ֆիրուզա Արզումանյան և Անի Մեջլումյան, ընդունվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 10 հոգի դարձել են Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի սան, իսկ հինգը՝ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան են ընդունվել:

Դպրոցը մասնաճյուղեր ունի նաև Վուրգավան և Գետամեջ գյուղերում: Այժմ արվեստի դպրոցում գործում են նաև կերպարվեստի, թատրոնի, պարի խմբակներ: 26 ուսուցիչներ արվեստի գաղտնիքներն են ուսուցանում Բերձորի և տարբեր համայնքների մանուկներին: Յուրաքանչյուր ուսումնական տարին փակելիս դպրոցը ներկայանում է հաշվետու համերգով:

Մայիսի 27-ին Դպրոցի դահլիճում իրենց ուսուցիչների, ծնողների, հյուրերի ներկայությամբ հաշվետու համերգով հանդես եկան դաշնամուրի, կիթառի, քանոնի, հարվածային և փողային գործիքների, վոկալի բաժինների սաները: Դպրոցի տնօրեն Ա. Բալասանյանը տեղեկացրեց, որ իրենց երաժշտական ունակությունները ցույց կտան առաջինից մինչև ավարտական դասարանների սաները:

Սկզբում հանդես եկան դհոլահարները:

DSCN6876Գետամեջի մասնաճյուղից դաշնամուրի բաժնի 1-ին դասարանցիները բավականին լավ նվագեցին: Նույն գյուղից հանդես եկավ նաև 6-րդ դասարանցի Լուսինե Մկրտչյանը:

DSCN6929Դպրոցի տնօրենի, ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի դաշնամուրային նվագակցությամբ ելույթ ունեցան երգիչները, փողահարները: Ելույթ ունեցող աղջիկների մեծ մասը, ովքեր ունեն երաժշտական ձայնային լավ տվյալներ, ընդգրկված են դպրոցի երգչախմբում, որը ղեկավարում է Հ. Գրիգորյանը:

DSCN6963Համերգը եզրափակվեց երգչախմբի կատարումներով; Ներկաները ոգևորությամբ ունկնդրեցին Ռ. Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», այլ երգեր, որոնք այս ձևաչափում հնչեցին առաջին անգամ:

DSCN6925Մոտ մեկուկես ժամ տևած համերգից, որին ներկա էին նաև Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, տպավորված էին ներկաները, ուրախ, որ ունենք նման շնորհաշատ երեխաներ:

Համերգը վարեց դպրոցի ուսուցչուհի Զարուհի Հակոբյանը: Միջոցառումից հետո դպրոցի տնօրենը ավարտական վկայական հանձնեց հարվածային գործիքների բաժնի շրջանավարտ, Քարեգահ գյուղի դպրոցի աշակերտ Մարատ Մարտիրոսյանին:

Երբ արդեն հուզմունքն ու մտատանջությունները մնացել էին անցյալում, զրուցեցի աշակերտների հետ: Բոլորն էլ խոստովանեցին, որ հուզված էին. ցանկանում էին լավ հանդես գալ, հուսախաբ չանել իրենց ուսուցիչներին, ծնողներին:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031