Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մեզ այդքան… պետք չի

Մայիս 29,2015 10:06

Երբ 1978 թվականին ես ընդունվում էի կոնսերվատորիա, գրեթե բոլոր բաժիններում մրցույթ էր: Մասնավորապես, 10-ից ավելի դիմորդներ հավակնում էին վոկալիստների համար նախատեսված 5 տեղի համար: Ես այն ժամանակ մտածում էի՝ իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ, շատ չի՞: «Զարգացած սոցիալիզմի» դեպքում նման տրամաբանությունը գուցե ճիշտ էր. մարդիկ ընդունվում էին բուհ՝ մասնագիտություն ստանալու եւ «ժողովրդական տնտեսության» այս կամ այն «ճյուղում» աշխատելու նպատակով: Հիմա «մեզ այդքան երգիչ պետք չէ» արտահայտությունն իմաստ չունի, որովհետեւ ցանկացած մարդ, եթե քննություն է հանձնել, իրավունք ունի ստանալ իր ուզած կրթությունը, իսկ թե ինչ է նա անելու այդ կրթության հետ՝ դա արդեն իր անձնական գործն է: Հավանաբար, հենց այդ պատճառով հիմա կոնսերվատորիայի ամեն մի կուրսում սովորում է մի քանի տասնյակ երգիչ:

Նույնը` կուսակցությունները, թերթերը, կայքերը: Գրեթե ամեն օր կարելի է լսել, որ դրանք շատ են, որ մեզ այդքան պետք չէ, որ դրանց մեծ մասն անորակ է, որ մեր փոքր հանրապետությունում այդքան շատ չեն կարող լինել եւ այլն: Այդ ամենն, իհարկե, մասամբ ճիշտ է: Մասնավորապես, կուսակցությունների մեծ մասի բոլոր անդամներին կարելի է տեղավորել երթուղային տաքսիի մեջ` առանց որեւէ մեկին ոտքի վրա թողնելու: Ի դեպ, դա հակասում է օրենքին, որը որոշակի քանակական եւ կառուցվածքային պահանջներ է դնում կուսակցությունների առաջ: Բայց սա այն դեպքն է, երբ սխալ է օրենքը, ոչ թե իրականությունը: Ի՞նչ է պատահել` թող լինի 3 հոգանոց կուսակցություն եւ գործունեություն ծավալի իր ազդեցությանն ու հեղինակությանը համապատասխան: Եթե այն կա, ուրեմն, ինչպես ասում են, դա ինչ-որ մեկին պետք է:

Կայքերը` նույնպես: Դրանք կարող են ունենալ քիչ այցելուներ, բայց ինչ-որ մեկին լինել հետաքրքիր: Կարող են ունենալ շատ այցելուներ եւ ամեն նյութի վերնագրում գրել` «սկանդալ», «սենսացիա», «այս տեսագրությունը պայթեցրել է համացանցը» եւ այլն: Թող լինեն ե՛ւ այսպիսի, ե՛ւ այնպիսի, ե՛ւ զանազան այլ կայքեր: Ի՞նչ է նշանակում` մեզ այդքան կայք պետք չի: Ու ինչ-որ մեկը ինչ-որ չափանիշներով պետք է դրանց քանակը սահմանափակի՞: Ես չեմ հավատում որեւէ մեկի չափանիշների անաչառությանը:
Վերապահում անեմ` խոսքը ոչ պետական կառույցների մասին է: Պետական հիմնարկների դեպքում, հակառակը` օպտիմալացմանն ուղղված հարցադրումները միանգամայն ճիշտ են: Մեր նման փոքր երկրին պետք չեն այդքան շատ նախարարություններ եւ կառավարման այլ հիմնարկներ, եղած հիմնարկներում պետք չեն այդքան շատ աշխատակիցներ: Հայաստանի նման երկրում պետք չի 131 պատգամավոր: Երկու անգամ ավելի փոքր օրենսդիր մարմինը մեզ լրիվ բավարար է: Որովհետեւ պետական կառույցները ծախսում են հարկատուների փողերը: Ինչպես տեսնում եք` ոչ այնքան արդյունավետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շատ ճիշտ եք: Բայց այս կարգի պարզ, տրամաբանական ու անհրաժեշտ բաները չգիտես ինչու, անգամ հասարակ քաղաքացիների մեծ մասը չի կարողանում ընկալել:

  2. Խաչիկ says:

    Ամբողջովին համաձայն եմ պետական հիմնարկներին վերաբերող պնդմանը և դա, իմ կարծիքով, այսօրվա ամենակարևոր հարցերից է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պետական կառավարման համակարգի նման ուռճացման միջոցով պարզապես սոցիալական խնդիր է լուծվում: Պետական մարմիններում կան հիմնարկներ, վարչություններ ու բաժիններ, որոնք հիմնականում համալրված լինելով կիսագրագետ «բարձրագույնավարտներով», բացարձակապես ոչ մի օգտակար բան չեն անում: Լավագույն դեպքում՝ թուղթ են սևացնում: Կառավարման համակարգի հիմնական խնդիրը, մեծ հաշվով, պետք է լինի մեր կյանքը կարգավորող մեխանիզմների մշակումը և դրանց շարունակական բարելավումը, իրավական դաշտի կատարելագործումը: Կառավարման համակարգն ինքը պետք է պարտադրի արդյունավետության, մրցունակության բարձրացում, ընդհանրապես, բոլոր ոլորտներում: Բայց նման կարողություններով օժտված է այսօրվա պետական ծառայողների շատ քիչ մասը, մնացածը՝ ծանոթ-բարեկամի կամ կուսակցական ընկերների միջնորդությամբ պաշտոններ ստացած մարդիկ են, ովքեր ստանում են ճիշտ նույնքան, կամ որոշ դեպքերում նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ, քան իրական աշխատանք իրականացնելու ունակները: Եվ սա նպաստում է վերջիններիս մոտ մոտիվացիայի վերացմանը:
    Եվ շատ զարմանալի է, որ այսքան տարի հետո, այսքան մեծաթիվ կուսակցություններից, ԶԼՄ-ներից, հասարակական և այլ կազմակերպություններից ոչ մեկը պատշաճ հետևողականությամբ չի անդրադարձել այս խնդրին: Այնինչ սա չափազանց կարևոր է: «Հասարակական մանրադիտակի» տակ, հատ-հատ պետք է ուսումնասիրվի ամեն մի պետական մարմին, իր կառուցվածքային ստորաբաժանումներով, իրեն ենթակա հիմնարկներով ու դրանց վերապահված գործառույթներով հանդերձ և եզրակացություններ արվեն դրանց գոյության նպատակահարմարության կամ աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Պարզապես զարմանալի է, թե այս պայմաններում, երբ տնտեսական ցուցանիշները գնալով վատթարանում են, ինչպես կարելի է այսպես ձգձգել պետական կառավարման համակարգի օպտիմալացումը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031