Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողության խնդրանքներ պատմական չարագործությունների համար. երբ, ինչպես, ինչու

Մայիս 29,2015 16:07

Օրերս Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում տեղի ունեցավ «Ներողության խնդրանքներ պատմական չարագործությունների համար. երբ, ինչպես, ինչու» խորագրով գիտաժողովը, որն ուսումնասիրում էր ներողության խնդրանքների դերը պատմական հակասությունների լուծման և կողմերի հաշտեցման գործում:

Գիտաժողովը կազմակերպել էր միջազգային իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի Սըրրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանի ղեկավարած մասնագիտական խումբը՝ սոցիոլոգ Մայր Բրանիֆ, պատմաբաններ Բրայոնի Օնսիուլ և Անյա Անիմ-Ադո, «Հյուսիսային Իռլանդիայի Միջնորդ» ընկերության հետ համագործակցությամբ և Բրիտանիայի հետազոտական խորհրդի ֆինանսավորմամբ:

Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագետներ, պատմաբաններ, պատմական չարագործություններից տուժած կողմերի ներկայացուցիչներ` իռլանդացիներ, հայեր, ասորիներ, Կարիբյան ազգեր, տարբեր դեպքերի վերաբերյալ քարոզարշավ իրականացնող մարդիկ:

Քննարկման առարկա հինգ հիմնական պատմական իրադարձություններն էին`

1.      Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների (հայեր, ասորիներ, հույներ) ցեղասպանությունը

2.      Բրիտանական կայսրությունում աֆրիկյան ցեղերի ստրկությունը

3.      Հյուսիսային Իռլանդիայում 1972թ. Արյունոտ կիրակին, երբ  բրիտանական բանակի զինվորների կողմից սպանվեցին բանտարկյալների իրավունքների կապակցությամբ բողոքող քաղաքացիներ (ի դեպ` Արյունոտ կիրակին տեղի է ունեցել հենց գիտաժողովի վայրում` Դերրիում)

4.      Իռլանդիայի հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կատարած սեռական բռնությունները մանուկների նկատմամբ

5.      Կանադայում բնիկ ազգերի մանուկներին բռնի կերպով ընտանիքներից օտարումը

Գիտաժողովի մասնակիցները ուսումնասիրել ու համեմատել են նշված հինգ դեպքերը:  Նշված վերջին երեք դեպքերում պատասխանատու կառավարություններն արդեն հնչեցրել են ներողության խնդրանքներ: Մասնակիցները ներողության խնդրանքներն ուսումնասիրել են հետևյալ կողմերից.

·         ում կողմից և երբ է հնչեցվում ներողության խնդրանքը, ում է ուղղվում, ինչ գործընթացով է տեղի ունենում (քաղաքական, իրավական, դիվանագիտական)

·         ինչպես է փոփոխվում իրադարձության պաշտոնական վարկածը ներողության խնդրանքից հետո

·         ներողության խնդրանք հնչեցնելուց հետո պետության վարքն ինչպես է ապացուցում ներողության անկեղծությունը

Գիտաժողովի մասնակից ամբողջ խումբը շրջել է քաղաքում և Դերրիի բնակիչները նրանց ներկայացրել են քաղաքի պատմությունը Հս. Իռլանդիայի պատերազմի (1960-ականներ – 1998) համատեքստում, քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող համայնքների միջև բաժանված թաղամասերը, 1998-ի հաշտության համաձայնագրից հետո զարգացումները:

Գիտաժողովի արդյունքում կազմակերպիչները հեղինակելու են գիտական հոդված: Գիտաժողովի քննարկումները նաև կհրապարակվեն ծրագրի վեբ կայքում, որտեղ տարբեր ոլորտների հետազոտողներ կկարողանան օգտվել նյութերից` apologiesproject.co.uk: Հետազոտական ծրագիրը շարունակելու է ուսումնասիրել ներողության խնդրանքի իմաստը, որպեսզի ներկայացնի օգտակար եզրակացություններ կառավարական և ոչ կառավարական մարմիններին, ինչպես նաև հասարակություններին՝ մամուլի միջոցով:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031