Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2015»-ը այս տարի կանցկացվի ավանդական դարձած, նաև մի շարք նոր միջոցառումներով

Մայիս 29,2015 17:33

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կիրականացվի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիրը, որի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Երևանյան ամառ 2015» ծրագրում ընդգրկված են ավանդական դարձած ու նոր շուրջ 60 միջոցառումներ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են։

«Երևանում և որևէ ցանկացած քաղաքում, մշակութային մթնոլորտի բաղկացուցիչ են բացօթյա միջոցառումները, որոնց մեծ հանրույթ է կարողանում մասնակցել, շատ ավելի տոնական է լինում, ինչու չէ, նաև երիտասարդական իմպրովիզներով պայմանավորված, բավականին ուրույն միջոցառումներ են լինում»,- նշել է Արամ Սուքիասյանը և մանրամասնել ամենագլխավոր միջոցառումներն ու հատկապես «Երևանյան ամառ 2015»-ի մեկնարկային օրվա ծրագիրը։

«Երևանյան ամառ 2015»-ը մեկնարկելու է հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ  22։00-ի մեծ հրավառությունը։

Օրվա ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին։

«Երևանի կենդանաբանական այգին կներկայանա լիովին նորովի։ Բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, և այս տարեշրջանից սկսած՝ կենդանական աշխարհի առումով կլինեն նորություններ, այցելուներն այգու ներքին նոր երթուղի կհայտնաբերեն։ Մենք հավակնություն ունենք այգին դարձնելու տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին։ Շատ ջանք ու նվիրում պահանջող այս գործի առաջին փուլը հաղթահարված է. երկրորդ փուլը կսկսվի աշնանից և նախագիծը, որ Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրի բաղադրիչ խոստումն էր, կարծում եմ հաջորդ տարի ավարտին կհասցվի»,- նշել է քաղաքապետի տեղակալը, ապա հավելել, որ Կենդանաբանական այգու նախամուտքը այգու հիմնանորոգումից հետո գործելու է որպես հանրային այգի, հետևաբար մուտքն անվճար է, իսկ Կենդանաբանական այգու տոմսերի համար մշակվել է գնային ճկուն համակարգ՝ ըստ օրերի։

Հունիսի մեկին մի շարք այլ միջոցառումներ էլ են անցկացվելու՝ կեսօրից մինչ 15։00-ն Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար, 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, 20։00-22։00-ն Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է:

««Երևանյան ամառ»-ը մի լավ ավանդույթ էլ է ամրապնդում՝ համագործակցությունը գործընկերների, մասնավոր ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներդրումը ծրագիրը շատ ավելի հետաքրքրական է դարձնում»,- նշել է Արամ Սուքիասյանը և ներկայացրել մի շարք գործակցային միջոցառումներ, ինչպիսին է օրինակ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։ Փառատոնը կանցկացվի հունիսի 27-30-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ. փառատոնին ներկա կլինեն տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ովքեր միաժամանակ ժյուրիի անդամներ կլինեն։ «Ֆրեսկո»-ի փակման հաջորդ օրը Կարապի լճի էկրանին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ֆիլմերից։

«Երևանյան ամառ 2015»-ին բազմաթիվ միջոցառումներն են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։

«Վերջին տարիներին բազմաթիվ այգիներ են վերանորոգվում, վերականգնվում, բարեկարգվում, կառուցվում։ Ամեն վարչական շրջան իր այգում առանձին օրերին միջոցառումներ կանցկացնի՝ այդպիսով նաև մշակութային երանգ տալով նորոգված այգիներին»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ այդպիսով ևս մեկ երևանյան ավանդույթ է վերականգնվում՝ ամառային բացօթյա համերգները Երևանի այգիներում, պուրակներում։

Ծրագրի մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել հունիս և հուլիս ամիսներին։ Վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, ֆուտբոլի բակային առաջնությունները կամփոփվեն օգոստոսի 3-ին։

«Երևանյան ամառ» ծրագրի ավանդական միջինացումներից են դարձել «Գարեջրի» և «Ձմերուկի» փառատոնները, որոնք, դատելով երևանցիների ու հյուրերի ակտիվ մասնակցությունից, շատ սիրված օրեր են դարձել Երևանում։ Վարդավառը ևս ծրագրում ներառված է և տոնվելու է Երևանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։

«Երևանյան ամառ 2015» ծրագրի նորույթներից են «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով, «Ուրֆա. Վերածնված արժեքներ» ազգային տարազների ցուցադրությունը, «Հայտնիները հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը, «Երևանյան շեփորներ» երաժշտական բացօթյա փառատոնը, «Երևան Տարազ FEST» փառատոնը։

«Երևանյան ամառ 2015»-ի օգոստոսին մեծ նորույթ է սպասվում. հյուրախաղերով Երևան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի «Շապիտո Իմպերիալ» կրկեսը։

«Թանգարանային Երևան»-ը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր մուտքն անվճար է լինելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ։

Այս տարի ևս «Երևանյան ամառ»-ը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է «Ավելի առողջ Երևան» 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։

«Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով եզրափակիչ համերգով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031