Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը հորդորեց չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը

Մայիս 29,2015 17:46

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր 2015 թ. մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, ինչպես նաև 2015թ. ամառային զորակոչի շրջանակում ընթացող նախապատրաստական աշխատանքների վրա:

Վերլուծությունների և հարցադրումների միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում անցկացված մարտական պատրաստության միջոցառումների, հրամանատարաշտաբային զորավարաժությունների, մարտական կիրառման պլանների ճշտումների, հանկարծակի ստուգումների արդյունքները:

Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում անցկացված հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ հաշվետու զեկույց ներկայացրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նա փաստեց, որ ընդհանուր առմամբ ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի ուսումնական պլանով նախատեսված միջոցառումները, որոնցից հատկապես ուշագրավ են տեխնիկական, թիկունքային և բժշկական ապահովման զորամասերի անձնակազմի ներգրավմամբ անցկացված մարտավարամասնագիտական զորավարժությունը և Տաջիկստանի Հանրապետության տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման գործողությունները, որոնց ընթացքում ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները:

Ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվում սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարարը ներկաներին հորդորեց չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին: Նախարարը կոչ արեց առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև առաջիկայում անցկացվելիք զորավարժությունների, ռազմամարզական հավաքների կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները, որոնց վերաբերյալ հակիրճ զեկույցներ ներկայացրին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հատուկ ցուցում տրվեց նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներին՝ զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները մանրակրկիտ ուսումնասիրելու, համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ տանելու, ինչպես նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնները խստորեն պահպանելու ու վերահսկելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031