Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Վահան Հովհաննիսյանն ինձ կամ ասում էր նաչալնիկ կամ՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ». Արմեն Աշոտյան

Մայիս 29,2015 19:55
Vahan Hovhannisyan

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վ. Հովհաննիսյանի մայրն ու տղան, հարազատները, կուսակից և ոչ կուսակից ընկերները, մտավորականներ և ուղղակի ընթերցողներ:

nk

«Ես շատ եմ կարոտում Վահանին,- լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Հովհաննիսյանի մայրը՝ Սյուվերա Հովհաննիսյանը,- հիշում եմ նրա նամակները, նրա գրիչը, որը վերին աստիճանի սրամիտ էր, բայց և միաժամանակ շատ մեղմ: Մեղմ էր նրա հումորը, որը որևէ մեկին վիրավորելու մտադրություն չուներ»:

Տիկին Հովհաննիսյանը նշեց նաև, որ տղան իրեն էր նվիրել «Մանդիլիոն» գրքի մի օրինակ և մակագրել: Սակայն նրա մահից հետո հարազատներից մեկը տարել է այդ գիրքն ու չի վերադարձրել. «Ես շատ եմ տանջվում դրա համար. ախր մակագրությունն ինձ էր ուղղված, ինձ համար էր»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:

MHM96203-copy

Դառնալով նոր լույս տեսած գրքին՝ նշենք, որ այն երկլեզու (հայերեն, ռուսերեն) է, և այնտեղ զետեղված է Վ. Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը՝ չորս մասից բաղկացած: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ:

Վահան Հովհաննիսյանի տղան՝ Հայկ Հովհաննիսյանը, օրերս է կարդացել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը, և կարծում է, որ այն ստիպում է հայ մարդուն մտածել այն ամենի մասին, ինչը մենք առօրյայում չենք անում կամ էլ անելուց հետո կիսատ ենք թողնում. «Թեև կոչվում է մայրամուտ, բայց ավելի հստակ ու կառուցողական պատգամ կա հոդվածներում՝ աշխատել ու ավելի քիչ բողոքել»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Հրապարակախոս Հարություն Հարությունյանի պատմելով՝ երբ նախաձեռնում էին ապրիլի 24-ին ընդառաջ հրատարակել Վ. Հովհաննիսյանի գիրքը, ոչ մի կերպ չէր հաջողվում, և ամեն անգամ ինչ-որ խնդիրներ էին առաջանում, բայց երբ եկավ Հանրապետության օրը, «հալած յուղի պես գնաց հրատարակչական աշխատանքը»:

«Յուրաքանչյուր հոդված լույս տեսնելիս Վահանը զանգում էր ինձ և հարցնում. «Ջեյմս, ինձ դեռ չե՞ն հեռացրել կուսակցությունից»: Ասում էի՝ ոչ: Իսկ ինքը շարունակում էր. «Հեռացնեն-չհեռացնեն, մեկ է, գրելու եմ»…

Վահանի հոդվածներին բոլորն էին սպասում, որովհետև այդտեղ և՛ Վահան կա, և՛ գրիչ կա, և՛ թուր կա»,- ասաց Հ. Հարությունյանը:

«Վահան Հովհաննիսյանը, երբ լավ տրամադրություն էր ունենում, ինձ ասում էր նաչալնիկ, իսկ երբ տրամադրությունը վատ էր լինում կամ պիտի քննադատեր, ասում էր հանցավոր աշխարհի ներկայացուցիչ»,- հիշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը նույնպես մասնակցում էր գրքի շնորհանդեսին:

«Նրա հետ շատ հետաքրքիր էր զրուցել, հաճելի էր աշխատել: Կարծում եմ, որ Վահան Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ողջ է այնքան, որքան մենք իրեն հիշում ենք…

Այսօր, երբ գնում էի գիրքը, հիշեցի, որ «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսի ժամանակ ես նրան գրիչ էի նվիրել, և նա փորձեց հենց այդ գրիչով մակագրել ինձ հանձնելիք գիրքը: Գրիչն սկզբում չէր գրում, ու նա ասաց. «Էս իշխանություններից ե՞րբ ենք խեր տեսել, որ…», բայց հետո, երբ սկսեց գրել, ասացի, որ ընդամենը համբերության խնդիր է իշխանությունների հետ աշխատելը»,- պատմեց նախարարը՝ հավելելով, որ Վ. Հովհաննիսյանի հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունի:

«Վահան Հովհաննիսյանի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է մնացել: Ես չեմ տեսնում մարդ, որը կարող է լցնել այդ տեղն իր մեծությամբ, խորությամբ, սրությամբ և ինտելեկտով»,- ասաց Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031