Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատը պետք է ցուցադրել և դրանից ճիշտ դասեր քաղել». Դավիթ Խաչիյան

Մայիս 30,2015 18:39

«Այս գիրքը Հայաստանի մասին է ու հայերի համար է: Այն մասին է, թե ինչ է կատարվում հիմնականում անկախացումից ի վեր: Իհարկե, արմատներն ավելի խորն են, ճյուղերն էլ, հուսով եմ, ավելի հեռուն կգնան: Բնի մոտ կանգնած՝ ես խոսում եմ արմատների և մտածում ճյուղերի՝ վաղվա օրվա մասին»,- ասում է արձակագիր Դավիթ Խաչիյանը:

Խոսքը արձակագրի պատմվածքների նոր՝ «Յոթ քար» ժողովածուի մասին է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի պետական կամերային թատրոնում:

Հեղինակն ասում է, որ գրքում տեղ գտած 15 պատմվածքներում էլ իրական դեպքեր են ներկայացված: Ի դեպ, ժողովածուն «Յոթ քար» է կոչվում պատմվածքներից մեկի անունով:скачанные файлы

Դ. Խաչիյանի խոսքով՝ գրքի հիմնական ասելիքը կատարվածին ու կատարվողին բաց աչքերով, սթափ հայացքով նայելն է, որը, ըստ նրա, կօգնի մեզ առանց վախերի, առանց բարդույթների առաջ գնալ: «Ճիշտ չէ, որ աչք են փակում բացասական երևույթների վրա՝ ասելով՝ եկեք վատից չխոսենք, լավ բաներով ապրենք և այլն: Ո´չ, ես գտնում եմ, որ վատը պետք է ցուցադրել և դրանից ճիշտ դասեր քաղել, որպեսզի վաղը, երբ արդեն մեր ճյուղերն սկսեն երկարել ու տերևակալել, մենք խուսափենք այդ սխալներից: Թե չէ այսպես կարուսելի նման անընդհատ նույն տեղում ենք պտտվում, հետո դոփում ու չենք կարողանում առաջ գնալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դ. Խաչիյանը:

Aravot.am-ի հարցին՝ գրողը միայն խնդիրնե՞րն է վեր հանում, թե՞ նաև լուծումներ է առաջարկում, Դ. Խաչիյանը պատասխանեց. «Ես խուսափում եմ ընթերցողի բերանը ծամել-դնելուց. ուզում եմ, որ նա հետևություններ անի: Ես ընթերցողին ներկայացնում եմ պատկերը, իսկ թե նա ինչպես դա կընկալի, ինչ եզրակացության կհանգի, դա արդեն նրա ազատությանն եմ թողնում»:

«Յոթ քար» գրքի խմբագիրներից մեկը «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, որը, ի զարմանս իրեն, նոր է բացահայտել Դավիթ Խաչիյան գրողին. «Ես քաջատեղյակ եմ ժամանակակից գրականությանը, որովհետև գրեթե ամեն ինչ կարդում եմ և որոշակի՝ չասեմ արհամարհանքով, բայց  մի տեսակ քամահրանքով եմ միշտ ընդունել այն հեղինակներին, որոնց հետ առնչվել եմ, և հանկարծ պարզվել է, որ ես իրենց չեմ ճանաչել որպես հեղինակի, իսկ իրենք արդեն տպագրված գրքեր ունեն:

Դավիթի հետ իմ ծանոթությունն այդպես է եղել: Ես շատ զարմացա, երբ իմացա, որ նա արդեն երկու գրքի հեղինակ է, և հանկարծ պարզվում է, որ ես նրան չգիտեմ: Բայց Դավիթի դեպքն այն բացառիկներից է, որ նրա գործերին ծանոթանալիս մտածում ես՝ ինչպես է եղել, որ այս՝ իսկապես արժանավոր, ուշադրության արժանի անունը վրիպել է քո տեսադաշտից: Փաստորեն, Դավիթը գալիս է հաստատելու այն օրինաչափությունը, որ բեմի վրա գտնվողները միշտ չէ, որ ավելի արժանավոր են, քան կուլիսներում գտնվողները… Մեր ժամանակակից արձակի համար Դավիթը մինչ այս ինչ-որ առումով կուլիսային դեմք է եղել, բայց ես վստահ եմ, որ այս ժողովածուն կարդալուց հետո մարդիկ կսպասեն նրա նոր պատմվածքներին»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031