Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին չի մտածել (Տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին չի մտածել (Տեսանյութ)

Այսօր Արտաշատում Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման  արարողությունից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հիշեցնենք, եկեղեցին կառուցվել է վարչապետի ընտանիքի հովանավորությամբ: Այն կառուցվում էր 12 տարի:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`եթե կառավարությունը չկատարի 4,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստումը Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա՞:

«Դո՞ւք եք այդպես ուզում»,- հարցին հարցով պատասխանեց վարչապետը: Լրագրողի հստակեցմանը`ի՞նչ կանեք, եթե խոստացված տնտեսական աճը չապահովվի, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն այդ մասին չի մտածել, քանզի վստահ է, որ կառավարությունը սատարելու է խոստումը:

Հովիկ Աբրահամյանը խոսեց նաեւ Արտաշատում եկող կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին, որտեղ միակ թեկնածուն իր որդին է`Արգամ Աբրահամյանը: Ասաց, որ ինչպես եւ խոստացել էր, ինքը չի խառնվելու ընտրություններին: Միակ խորհուրդը, որ տվել է որդուն, հետեւյալն է`դա շատ պատասխանատու պաշտոն է, պետք է կարողանալ օպտիմալ օգտագործել համայնքի բյուջեն, ներդրումներ բերել:

Վարչապետը խոսեց նաեւ տնտեսական աճի հեռանկարներից, սահմանամերձ գոտիների զարգացումից, էլեկտրաէներգիայի թանկացումից: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին`չի՞ կարծում, որ էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի կվատթարացնի տնտեսական ու սոցիալական վիճակը եւ կնպաստի արտագաղթի նոր ալիքի: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի`պարզ կդառնա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք