Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է նվազել գյուղացիներից գնվող կաթի գինը. գյուղփոխնախարարի պարզաբանումները

Հունիս 01,2015 21:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր բողոքի ակցիա էր տեղի ունեցել Աշոցքի կենտրոնում. գյուղացիներից շատերը հրաժարվել էին վաճառել իրենց կաթը, քանի որ կաթնամթերող ընկերություններն այսօրվանից սահմանել են նոր գին ՝ 130 դրամ մեկ լիտր կաթի դիմաց: Մոտ 30 դրամով նվազումը մեծ վրդովմունք էր առաջացրել գյուղացիների մոտ, որոնք պնդում են, թե գնանկման պատճառներից մեկն այն է, որ կաթը մթերող ընկերություննեը անարատ կաթի փոխարեն սկսել են ավելի մատչելի գներով կաթի փոշի գնել, որը մեծ քանակությամբ Հայաստան են ներկրում մեկ-երկու օլիգարխներ:

Այսօր բողոքի ակցիայից հետո տեղում խնդիրներին լուծում տալու նպատակով Աշոցքում են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը և Ռոբերտ Մակարյանը: Նրանց հետ Աշոցք է մեկնել նաև Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչիկ Պողոսյանը:

Aravot.am-ը փոխնախարար Գրիշա Բաղիյանից հետաքրքրվեց, թե որեւէ լուծում ստացա՞վ գյուղացիներին հուզող հարցը: Փոխնախարարը մեզ փոխանցեց, որ իրենք եղել են Շիրակի մարզպետարանում, հանդիպել Շիրակի մարզպետի ու փոխմարզպետի հետ, այնուհետ փոխմարզպետի հետ մեկնել են Աշոցք ու տեղում հանդիպել գյուղապետին ու դժգոհող երկու գյուղացիների: «Ընդհանրապես կաթի գները ոչ թե ինչ-որ մեկի մտածածն է, այլ կապված է սեզոնի հետ. կաթի ավելցուկ է լինում եւ կապված պահանջարկ-առաջարկի հետ՝ գնի տատանում է լինում: Եթե պահանջարկը շատանում է, առաջարկը՝ քիչ, այդ դեպքում կաթի գինը բարձր է լինում , իսկ եթե հակառակն է՝ առաջարկն է շատ, պահանջարկն է քիչ, այդ դեպքում կաթի գների անկում է լինում: Ամեն տարի նման դեպք եղել է, ամեն տարի կաթի սեզոնայնության հետ կապված գների փոփոխություն եղել է: Դեռ ապրիլ ամսին եղել է, բայց հաշվի առնելով Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների յուրահատկությունը. ձմեռվա երկար տեւողությունը եւ այլն, եւ այլն, կաթ մթերող ընկերություններն այստեղ մի քիչ բարիդրացիական կամք էին դրսեւորել, եւ կաթի գները, համարյա թե ամբողջ հանրապետությունում միայն Աշոցքում ու Ամասիայի տարածաշրջանում նրանք պահել են որոշ չափով բարձր:

Հիմա կաթ մթերողները պայմանավորվել են, որ կաթը պետք է մթերեն 130 դրամով, եղել է 150-140, այսօրվանից պայմանավորվել են, որ մթերելու են 130 դրամով: Մթերողների միության նախագահի հետ լինելով տեղում՝ քննարկել ենք էդ հարցը, եւ մթերողները խոստացել են, որ այսուհետ գների փոփոխություն չի լինի. 130 դրամը կպահպանի ամբողջ այս ամառային սեզոնի ընթացքում: Զրուցել ենք Զույգաղբյուր, Հարթաշեն գյուղերի գյուղապետերի հետ, եւ համաձայնության ենք եկել, որ կաթի գները, առայժմ 130 դրամը փոփոխության չի ենթարկվի մինչեւ ամառային արոտային շրջանի վերջը, իսկ դրանից հետո կաթի գների բարձրացում կլինի»,-ասաց պարոն Բաղիյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե գյուղացիների դժգոհելով, կաթ գնի նվազման վրա իր ազդեցությունն ունի նաեւ արտերկրից ներկրվող կաթի փոշին, դուք նման հետազոտություն անցկացրե՞լ եք, փոխնախարարն ասաց. «Ոչ, նման բան չկա, կապված Ռուսաստանում դոլար-ռուբլի հարաբերությունների հետ մեր մթերողները ունեն մթերված, արտադրված պանիր, որը որ չի առաքվել, դեռ պահեստներում է, կապված դրա հետ, կաթի ու կաթի սեզոնայնության եւ կաթի առաջարկ-պահանջարկի հետ, գները փոփոխության են ենթարկվում: Իսկ ինչ վերաբերում է կաթ փոշուն, այս տարվա հունիսի մեկի դրությամբ՝ համեմատած անցած տարվա հունիսի մեկի տվյալների, 40 տոննա կաթի փոշի քիչ է մթերվել: Կաթի փոշի հիմնականում մթերում են երկու կազմակերպություններ, որոնք երեւի սկսած հունիսի մեկից ՝ այսօրվանից կամ շատ քիչ կմթերեն կամ չեն ներկրի կաթի փոշի: Կաթի փոշու հնարավորությունները մեր հանրապետությունը եւս ունի, 5 կազմակերպություններ արտադրում են կաթի փոշի եւ այդ առաջարկի ավելցուկի դեպքում կաթը մթերում ու վեր են ածում կաթի փոշու»:

Հարցին, թե գյուղացիները համոզվեցին, որ այլ տարբերակ չկա, չէ՞ որ նրանց բողոքը հենց 130 դրամի պատճառով է, փոխգյուղնախարարն ասաց, որ իրենք ոչ բոլոր գյուղացիների հետ են կարողացել զրուցել, որովհետեւ ժամի 13.00-ին նրանք այնտեղ չէին, բայց նրանց հետ, ում հետ զրուցել են, համոզվել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930