Լրահոս
Օրվա լրահոսը

«Համահայկական հռչակագիրը բավարար պահանջող չէ». Սորբոնի համալսարանի պրոֆեսոր

Հունիս 01,2015 22:45

Ֆրանսաբնակ հայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանն այսօր Երևանում «Հայ-ֆրանսիական հարաբերությունները դարերի ընթացքում» թեմայով դասախոսություն է կարդացել:  Նա իր դասախոսությունը զուգորդում էր 14-20- րդ դարի լուսանկարների ու ֆրանսիական եկեղեցու պատերին հայկական արձանագրությունների ցուցադրությամբ, որոնք հենց հաստատում էին երկու երկրների դարավոր հարաբերությունները:

Դասախոսության ավարտից հետո Aravot.am-ը նրանից  հետաքրքրվեց ցեղասպանության 100-րդ տարելիցին ինչ ակնկալիքներ ունենալ Թուրքիայից, մոտ ապագայում կփոխի՞ ժխտողական քաղաքականությունը.

«Անկասկած, եթե համեմատենք տասնհինգ տարի առաջվա հետ, շատ մեծ առաջադիմություն կա: Վերջերս Փարիզում ցեղասպանության թեմայով գիտաժողով եղավ, մասնակիցների մեծամասնությունը թուրքեր էին: Սա աներեւակայելի էր: Տասը տարի առաջ, դժբախտաբար, այս առաջընթացի համար մեկ զոհ պահանջվեց՝ Հրանտ Դինքը, Նրա մահից հետո շատ բան փոխվեց»:

Պարոն Մութաֆյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, թե «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա», ճի՞շտ է պահանջներից հրաժարվելը: Ի պատասխան հայագետն ասաց. «Իմ կարծիքով, պահանջները պետք են, բայց չպետք է շեշտել  տարածքներ եւ այլն, պահանջներ են պետք սկզբունքով: Մի օր պետք է ստիպված խոստովանեն, ամեն ոճիր իր հատուցումն ունի,  բայց պետք չէ ասել, թե ինչ  կուզենք՝ դրամ, հողեր, դրա պետքը չկա»:

Մեր հարցին, թե այդ դեպքում պահանջատիրությունն ինչպե՞ս ձեւակերպել, ի՞նչ պահանջներ պետք է դնենք Թուրքիայի առջեւ, նա շարունակեց. «Պետք է ասել՝ նախ ընդունեք, հետո մեր պահանջները կլրացնենք»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ծանո՞թ է հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրին եւ արդյոք հակասություն չկա՞, որ մի կողմից նախագահը հայտարարում է , որ տարածքային պահանջներ չունենք Թուրքիայից ու մյուս կողմից հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում հղումներ է արել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին և Սևրի պայմանագրին, որտեղ տարածքային խնդիրներ կային:

«Ուրիշ գործով էի զբաղված եւ այդ հռչակագրին շատ չհետեւեցա, բայց համաձայն եմ քննադատություններին, որ բավարար պահանջող չէ, պետք է ոչ թե ուզել, խնդրել, այլ ավելի խիստ պահանջել: Հիմա շատ ուժեղ զենք ունենք՝ Գերմանիայի նախագահի հայտարարությունը, որ Թուրքիայի դաշնակից էր, բայց ներողություն խնդրեց ու ասաց, որ իրենք էլ են մասնակցել»:

Մեր հարցին՝ ինչու Գերմանիայի նախագահին հաջորդած այդ հայտարարությանը չհետեւեց Բունդեսաթագում հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը ու սահմանափակվեցին միայն բանաձեւի քննարկումներով, մեր զրուցակիցն ասաց. «Կարծեմ, պետք է ընդունվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930