Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. վերացրեք գազի սպասարկման համար գանձվող գումարը

Հունիս 03,2015 20:30

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

Տիգրան Մոսինյանից

Երեւան, Կոմիտասի 50-33

Հայաստանի Հանրապետությունում, բացի սպառված գազի դիմաց վճարելուց, գործում է նաեւ ինչ-որ պարտադրված ծառայություն, որը կոչվում է գազի սպասարկման վճար(՞):

Անաչառորեն վերլուծելով այդ այսպես կոչված գազի սպասարկումն ու մանավանդ դրա դիմաց պարտադիր կերպով գանձվող գումարը՝ գալիս եմ այն եզրակացության, որ նման ծառայությունը ներկայումս գործող ձեւով չի ծառայում ո՛չ անվտանգությանը, եւ ո՛չ էլ սպառողին՝ գազի այդ աշխատակիցների աշխատանքը վերածելով անիմաստ անցուդարձի: Արդյունքում այն տպավորությունն է, որ այս ամենը հորինված է փող հավաքելու համար, քանի որ անհեթեթության այս շղթայում ամենակարեւոր եւ ամենաուժեղ օղակը այդօրինակ սպասարկման համար անհիմն կերպով գանձվող գումարի փաստն է:

Ընդունենք, որ բոլորիս մտահոգողը ոչ թե գումար ստանալն է, այլ անվտանգությունը, որն ապահովելու համար են կոչված գազի սպասարկում իրականացնող աշխատակիցները: Գազը բարձր վտանգավորություն ունեցող նյութ է, որը կենցաղային իր կիրառության հանգամանքների բերումով գտնվում է ամենատարբեր գիտելիքներ, մտավոր կարողություններ ունեցող մարդկանց ձեռքում, որոնցից շատերը տարրական գիտելիքներ անգամ չունեն քիմիայից, ֆիզիկայից, անվտանգությունից: Եվ ոչ միայն գազի աշխատակիցների՝ այլեւ մեր բոլորի մտահոգությունն է, որ չտուժենք գազի հետ որեւէ մեկի անփույթ, անզգույշ վարվելուց: Այդ անվտանգության հսկողության՝ սպառողից չկախված մասը, բնական է, որ պետք է իրականացնեն գազի աշխատակիցները:

Տեսնենք, թե գազի սպասարկում կոչվածի շրջանակներում նրանց գործողությունները որքանո՞վ են ծառայում անվտանգության նպատակին: Որպեսզի սպառողի կողմից գազի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով առաջանա աղետ, լինեն զոհեր, ավերածություններ՝ բավական են հաշված վայրկյաններ, հետեւաբար այս տեսակետից գազի անվտանգությունը պետք է լինի մշտական, առանց ընդհատումների: Սա նշանակում է, որ կամ գազի յուրաքանչյուր սպառողի կողքին պետք է մշտարթուն հսկողություն իրականացնի գազի գոնե մեկ աշխատակից, կամ էլ այդ ենթադրյալ աշխատակցին պետք է փոխարինի այնպիսի մի սարք, որը հնարավորինս նվազեցնի անցանկալի երեւույթների ի հայտ գալու հավանականությունը: Եվ այո, Հայռուսգազարդի գծից օգտվող յուրաքանչյուր սպառողի տարածքում տեղադրված է սարք, որն արագորեն արձագանքում է գազի արտահոսքի, ծխի առկայության դեպքում՝ ավտոմատ կերպով անջատելով գազի մատակարարումը: Ըստ իս՝ գտնված է միանգամայն ճիշտ եւ բավարար լուծում:

Անվտանգության մնացած մասը, ինչպես եւ ամբողջ կյանքում է, բախտի հարց է, հույս, որ մյուս սպառողները խստորեն կպահպանեն անվտանգության կանոնները եւ պատուհաս չեն լինի իրենց գլխին, քանզի ո՛չ գերկատարելագործված սարքերը, եւ ո՛չ էլ գազի աշխատակիցները չեն կարող կանխել չարամիտ կամ խելապակաս կամ հոգեկան շեղում ունեցող մարդկանց դիտավորյալ կամ անգիտակցված գործողությունները: Եվ իրոք, եթե մարդն ունի չար մտադրություն՝ գազի պայթյունով վնաս տալու իրեն, շրջապատին, ապա նա կանի այդ բանը, անկախ այն հանգամանքից, թե գազի աշխատակիցը երբ է սպասարկել նրան՝ հենց նոր, թե մի երեք ամիս առաջ: Ի՞նչ պիտի անի գազի աշխատակիցն այս պարագայում: Պիտի ի ցույց դնի ինչ-որ ակտ, որ այդ դժբախտ դեպքի օրը կամ դրանից երեք ամիս առաջ իրականացվել է գազի սպասարկում ու բաժանորդն էլ վճարել է դրա դիմաց: Ուրիշ ի՞նչ պիտի անի: Իսկ տուժածնե՞րը: Տուժածին ի՞նչ, թե երբ է իրականացվել թե՛ իր, թե՛ այդ չարամիտի սպասարկումը, կամ ընդհանրապես իրականացվել է սպասարկում, թե ոչ: Մարդը զոհվեց, գնաց: Ի՞նչ սպասարկում:

Նույն պատկերը կլինի նաեւ խելապակասի կամ մանկամիտի գործողություններում, եթե նա իր անփութությամբ կամ անգիտակցությամբ առաջացնի աղետ: Էլի կբերեն տարբեր ակտեր, վճարման անդորրագրեր, որ արվել է այն, ինչ պիտի արվեր, որ իրենք մաքուր են ու դեմքի ուսուցողական արտահայտությամբ կհայտարարեն, որ դժբախտ պատահարից ոչ ոք ապահովագրված չէ, կյանքն է այդպես:

Աշխարհի ամենահուսալի, ամենաթանկարժեք սարքերը, մեքենաները ունեն երաշխիքային սպասարկման ժամկետ, անգամ եթե այդ ժամկետն անժամկետ է: Ի՞նչ է դա նշանակում: Պատկերացնենք, որ ձեռք ենք բերել ըստ տարբեր դասակարգման ամենահուսալի սարքերից կամ մեքենաներից մեկը եւ նա չունի երաշխիքային ժամկետ միայն այն հիմնավորմամբ, որ արտադրողը հայտարարում է, որ իր արտադրանքը չի փչանում: Արդեն չի լինի հուսալի, չէ՞, նման արտադրանքը: Երաշխիքային ժամկետն այն ժամկետն է, որի ընթացքում արտադրողը բացառում կամ գրեթե բացառում է սարքի, մեքենայի աշխատանքի խափանումը: Այսինքն, ցանկացած սարքի, մեքենայի աշխատանք կարող է խափանվել եւ ո՛չ այդ խափանո՛ւմը եւ ո՛չ էլ դրա ե՛րբը ոչ մի պարագայում չի կարող բացառվել:

Հիմա, Հայռուսգազարդի գազի սպասարկում իրականացնող աշխատակիցները կարո՞ղ են երաշխիք տալ, որ սպասարկումից սպասարկում ընկած ժամանակահատվածում անվտանգությունն ապահովված է եւ անկախ այն հանգամանքից, թե ով է գազօգտագործողը՝ խելապակաս, թե մանկամիտ, թե չարագործ՝ անվտանգությունն ապահովված է: Պարզից պարզ է, որ չեն կարող: Չեն կարող անգամ երաշխիք տալ, որ գազի ճիշտ օգտագործման դեպքում ապահովված կլինի անվտանգությունը: Դե իսկ եթե ոչ մի դեպքում չի կարող տրվել երաշխիք, եւ ոչ ոք ու երբեք ապահովագրված չի կարող լինել դժբախտ դեպքից, ապա ինչպե՞ս կարող է սպառողի համար գազի սպասարկումը լինել պարտադիր: Ստացվում է, որ սպառողը գումար է վճարում առանց երաշխիքի:

Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Մեկը վճարում է պարտաճանաչ կերպով, պահպանում է գազի շահագործման կանոնները, իսկ իր հարեւանը՝ անկախ այն բանից թե վճարո՞ւմ է, թե՞ ոչ, հե՛նց գազով պայթեցնում է շենքը: Ո՞վ պիտի պատասխան տա սրա համար: Եթե Հայռուսգազարդը չպիտի պատասխան տա (իսկ նա հաստատ պատասխան չի տա), ապա ի՞նչ հիմքով է նա գումար գանձում այն պարտաճանաչ բաժանորդից, ով կարող է դառնալ ուրիշի կողմից հե՛նց գազի գործածման զոհ:

Ի դեպ, նույն Հայռուսգազարդը չի իրականացնում ոչ մի այսպես կոչված սպասարկում, եթե ինչ-որ մեկը օգտագործում է գազ, բայց Հայռուսգազարդի բաժանորդը չէ: Սակայն գազի վտանգավորությունը, նրա ֆիզիկական, քիմիական հատկությունները հո չե՞ն վերանում, եթե այն չի մատակարարվում Հայռուսգազարդի կողմից: Մարդն իր տանն ունի հեղուկ գազի բալոն կամ թեկուզ մեթանի բալոն: Բա նրա սպասարկումն ինչպե՞ս է իրականցվում: Թե՞ էլ վտանգ չկա: Բա Հայռուսգազարդի այն պարտաճանաչ բաժանորդնե՞րը, որ կարող են բալոն գործածողի զոհ դառնալ, դրա պատասխանն ո՞վ է տալու:

Այս ամենից հետեւությունը մեկն է՝ որքան էլ որ ոմանց դուրը այն չգա. գազի սպասարկում անվան տակ իրականում գանձվում է գումար, անկախ այն բանից, թե դա արվում է ըստ նախապես մշակված պլանի՞, ըստ օրենքի՞, թե՞ պարզապես ստացվել է այդպես:

Կարո՞ղ է չլինել գազի սպասարկում: Եթե կարող է եւ չլինել սպասարկում, ապա ինչպե՞ս կարող է դա պարտադրվել բաժանորդին: Բայց ասում են, որ չի կարող չլինել սպասարկում: Դե եթե չի կարող չլինել, ապա դրա դիմաց բաժանորդը առավել եւս ոչ մի բան չպիտի վճարի: Այսինքն, համակարգի առավելագույն անվտանգություն ապահովելը գազի ընկերության պարտականությունն է, իսկ պարտականության կատարման համար ոչ ոք չի կարող գումար պահանջել:

Ճանապարհային ոստիկանության պարտականությունն է հնարավորինս անվտանգ երթեւեկություն ապահովելը: Բայց ինչպե՞ս կարող է ՃՈ-ն գումար վերցնել վարորդներից, ասելով, թե այսինչ խաչմերուկում քո անվտանգությունն ապահովելու համար ձեռքերս էի թափահարում: Բա ուրիշ ո՞նց լիներ: Ուղեւորը նստի ինքնաթիռ, ու ինչ-որ մեկն էլ գա սրահ ու ասի. «Գիտեք ինչ, ճիշտ է, Դուք տոմս ունեք, սակայն տոմսը փոխադրման գինն է, բայց ոչ անվտանգության սպասարկման: Ա՛յ այն տղաները, որ Ձեզ, Ձեր ուղեբեռը, օդանավն էին զննում, Ձեր եւ մնացածի անվտանգության համար էին դա անում, եւ այդ սպասարկման փողը տվեք, թե չէ չեք թռնի, պիտի իջնեք, կապ չունի, որ տոմս ունեք»: Ինքնաթիռն էլ է չէ՞ բարձր վտանգավորության աղբյուր: Բայց միլիոնավոր մարդիկ օգտվում են նրանից: Ու մարդիկ միայն ապավինում են իրենց բախտին, հույս ունենալով, որ օդաչուն լավը կլինի, որ ինքնաթիռի սպասարկում իրականացնողները լավ կատարած կլինեն իրենց աշխատանքը եւ որ չվերթի հետ կապ չեն ունենա խելապակասները, մանկամիտները, չարագործները: Թե չէ տոմսդ բիզնես կարգի է, թե էկոնոմ՝ դա ոչ մի կապ չունի բախտի հետ, անվտանգության հետ:

Եվ վերջապես, պատկերացնենք, որ Հայռուսգազարդի բաժանորդը ոչ միայն պարտաճանաչ է, այլեւ բախտավոր: Գոհ է ամեն ինչից, վճարում է, թե՛ սպառած գազի դիմաց, թե՛ սպասարկման համար: Իր տանը լինում է շատ քիչ, կամ տան բանալին գտնվում է հարեւանի, ընկերոջ, այլ անձի մոտ ու երբեք չի հանդիպում գազի մարդուն: Ինքը՝ բաժանորդը, կամ այդ հարեւանը, ընկերը, այլ անձը օգտվում են գազից եւ վճարում: Անխոս վճարում են նաեւ այսպես կոչված սպասարկման համար՝ տարիներ շարունակ առանց երբեւէ տեսնելու այդ սպասարկում իրականացնող աշխատակցին: Ու այդ մարդու գազը չի անջատվում, որովհետեւ վճարվում է (ում կողմից՝ էական չէ): Եթե սպառած գազի դիմաց չվճարվի, բնական է, որ գազն անջատվի: Սակայն հնարավոր չէ վճարել տարիներ շարունակ, բայց գազ չսպառել: Անգամ եթե այդ գումարներն ընդունի Հայռուսգազարդը, ապա գոնե իրեն կամ ՀՀ հարկային մարմիններին պետք է, չէ՞, հետաքրքրի, թե այդ ի՞նչ գումարներ է փոխանցում այսինչ քաղաքացին՝ առանց գազ սպառելու: Կասկածելի է, չէ՞: Ուրեմն, կամ հնարավոր չէ վճարել առանց գազ սպառելու, կամ էլ այդ վճարումների տակ թաքնված են լինելու խարդախություններ:

Եթե քաղաքացին թյուրիմացաբար վճարած լինի Հայռուսգազարդին իր սպառած գազից ավելի շատ գումար՝ ապա նա իրավունք ունի ետ ստանալու իր ավել վճարած մասը: Իսկ ի՞նչ կլինի այսպես կոչված սպասարկման վճարի մասով: Քաղաքացին ժամանակ, չունի, երբեք չի տեսնում գազի մարդուն, եւ իր տանը սպառված գազի դիմաց վճարելիս՝ ինքը, կամ հարեւանը, ընկերը, այլ անձը, վճարում է նաեւ գազի սպասարկման համար: Ու այդպես՝ տարիներ շարունակ: Եվ ահա օրերից մի օր այդ պարտաճանաչ քաղաքացին հարցնում է Հայռուսգազարդին, թե «Հարգելիներս, սպառածս գազից բացի, ես ձեզ նաեւ այսքան գումար եմ տվել սպասարկման համար: Արդյո՞ք այնքան սիրալիր չէիք գտնվի, որ ցույց տայիք, թե ինչպե՞ս եւ ե՞րբ եք ինձ սպասարկել, ինչի՞ դիմաց եմ ես վճարել»: Ու ի՞նչ պիտի պատասխանի Հայռուսգազարդը, որ պատասխանը տեղավորվի օրինականության, պարկեշտության սահմաններում: Արդարանալու համար ինչ էլ որ ասի, նույնն է, թե բոլոր բաժանորդներին ասի. «Ես քեզ սպասարկում եմ, Բաժանորդ, պարզապես դու դա չես տեսնում»: Ու ինչի նման կլինի նման բացատրությունը, եթե ոչ խարդախության:

Իսկ եթե բան չունենա ասելու, առավել եւս ապացույց, որ սպասարկել է մարդուն, ապա պիտի ետ վերադարձնի անհիմն կերպով ստացած գումարները: Բայց կվերադարձնի՞: Եթե ոչ՝ ապա կլինի պարզապես դրամաշորթ, որն ունի նաեւ օրինական պաշտպանություն: Իսկ եթե կվերադարձնի, նշանակում է, կարող էր եւ չգանձել: Դե բա չեղա՞վ, որ հանգիստ կերպով կարելի է օգտվել գազից, վճարել սպառած գազի դիմաց ու պարտադրված չլինել վճարել գազի սպասարկում կոչվող անհեթեթության եւ անիմաստ ծառայության համար:

Այս ամենից գալիս ենք բացառապես մեկ եզրակացության. գազի սպասարկում կոչվածն իրականում ոչ այլ ինչ է, քան դրամաշորթություն, որը գազի սպասարկման անվտանգության հետ ոչ մի կապ չունի:

Դե հիմա ողջ այս փաստերի ներքո, Հանրային ծառայությունները կարգավորող հարգելի հանձնաժողով, ինչպե՞ս եք հիմնավորում այսպես կոչված գազի սպասարկման համար գանձվող գումարը:

Եղեք խնդրում եմ անկեղծ, ողջախոհ, տրամաբանող եւ շուտափույթ կերպով վերացրեք այսպես կոչված գազի սպասարկման համար գանձվող գումարը:

 

Տիգրան Մոսինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930