Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ Նազարյանի վստահեցումների՝ ՀԷՑ-ի շքեղ ծախսերը կներառվեն սակագնում

Հունիս 04,2015 14:30

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինն, այնուամենայնիվ, կբարձրանա: «Ես պատրաստ չեմ պատասխանել՝ ինչքանով է բարձրանալու սակագինը: Կարող եմ ասել, որ սակագնում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի բարձրացում կլինի: Բայց ինչ չափով, ինչ մեծության՝ ես այսօր պատրաստ չեմ ասելու»,- Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Նազարյանը: Նա վստահեցրել է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտում տեղ գտած, այսպես ասած՝ շքեղության էլեմենտները սակագնում չեն ներառվի: Իսկ որպես սակագնի բարձրացման հիմնավորում Նազարյանը նշել է դոլար-դրամ փոխարժեքը՝ ասելով, որ սակագնի բարձրացման վրա ազդում է դոլար-դրամ փոխարժեքի տատանումը. «Սակագնի հաշվարկման հիմքում փոխարժեքը հաշվել էինք 407 դրամ, այսօր 480-481 է»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու համար: Հայտի հրապարակման օրվանից մի շարք տնտեսագետներ կանխատեսեցին, որ հոսանքը կթանկացնեն ոչ թե 17 դրամով, այլ ավելի քիչ՝ ցույց տալու հանրությանը, թե իբր «տեսեք՝ լավություն ենք անում քեզ, ժողովուրդ ջան»:
Հոսանքի թանկացման դեմ բողոքի մեծ ալիք բարձրացավ, ցույցեր տեղի ունեցան հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում, սակայն կառավարությունը կարծես թե հակված չէ ժողովրդի ձայնն ու կամքը լսելու:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի համար Ռոբերտ Նազարյանի հայտարարությունը սպասելի էր: «Առավոտի» հետ զրույցում տնտեսագետն ասում է՝ ակնհայտ էր, որ ինչ-որ չափով իրենք պիտի փորձեն բարձրացնել սակագինը, իսկ ժողովրդի ճնշումը՝ անտեսել. «Հակառակ դեպքում իրենց չեն հասկանա, պատկերացրեք՝ 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացվում, ու ընդհանրապես չբարձրանա՞: Բա իրենց ներկայացրած գործոնները չփորձե՞ն հիմնավորել, այսինքն՝ այն, որ ասում են՝ սակավաջրություն ու նման բաներ, հակառակ դեպքում Նազարյանն ու Զախարյանը անհարմար վիճակում կհայտնվեն»:

Մանուկյանն ասում է՝ երբ Ռոբերտ Նազարյանը մատնացույց է անում դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, ապա Նազարյանը պիտի հիշի՝ անցած տարիներին, որ սակագինը նորից բարձրացնում էին, դոլար-դրամի փոխարժեքը հակառակ պրոցեսում էր, դոլարն արժեզրկվել էր, ինչո՞ւ ոչ մի անգամ այն դրական ազդեցություն չի ունեցել ՀԷՑ-ի վնասների կամ օգուտների վրա. «Ընդհանրապես, դոլար-դրամի գործոնը կա, քանի որ գազը դոլարով ենք ձեռք բերում, բայց նրանք, ովքեր ՀԷՑ-ի սակագնի բարձրացման մասին խոսում են դոլար-դրամ հիմնավորմամբ, առնվազն «արջի ծառայություն են» մատուցում: Երբ բացում ենք ՀԷՑ-ի հայտը, որտեղ աշխատավարձի բարձրացման առաջարկ կա՝ 220 հազարը 240 հազար դարձնել, հիմնավորող մեթոդաբանությունը նայելով՝ դոլար-դրամ տատանման մասին խոսք չկա»:

Ռոբերտ Նազարյանի այն վստահեցումն էլ, թե ՀԷՑ-ի ներկայացրած շքեղ ծախսերը հաշվի չեն առնելու, Արտակ Մանուկյանը նկատում է՝ հանրային ծառայությունները կարգավորող մարմինը մեթոդաբանություն պիտի ունենա, թե ինչ նորմատիվներով է սահմանվում որեւէ ծախսի թույլատրելի սահմանը, նման նորմատիվներ հանձնաժողովը չունի. «Օրինակ՝ շահագործման, պահպանման մասով ծախսերի նորմատիվներ չունեն: Մի շատ պարզ օրինակ բերեմ՝ նորմատիվ չկա, թե իրենց գործուղման ծախսերը որքան են թույլատրելի: Ու նման հազարավոր օրինակներ կան: Եթե նորմատիվներ չունենք, ապա սահմանաչափը շատ կամայական է, եւ վստահ չեմ՝ կարող է կիրառվել ի շա՞հս, թե՞ ի չարս: Նազարյանը պիտի սահմանաչափ ստեղծի, ասենք՝ ներկայացվի ՀԷՑ-ին, որ նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ է, դու՝ ՀԷՑ-ի ղեկավար, կարող ես նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով աշխատավարձ ստանալ: Իսկ երբ ՀԷՑ-ը ներկայացնում է 60 հազար դոլար աշխատավարձ տնօրենի համար, պետությունը կամայականություն է ցուցաբերելու, ասելու է՝ այս մասով գերածախս է, բեր 50 հազարը ներառեմ սակագնում, էն 10 հազարն էլ թողնեմ քո վրա: Սա վերաբերում է բոլոր աշխատակիցներին: Մեթոդաբանական լուծումներ չկան, ու խոսում են, թե սակագնում այսինչ գործոնները օբյեկտիվ են»:

Տնտեսագետը նաեւ նկատում է, որ ՀԷՑ-ի հաստիքացուցակն էլ մեզ համար գաղտնիք է, չգիտենք, թե քանի քարտուղար, իրավաբան կամ էլեկտրիկ ունի, ՀԷՑ-ը միայն աշխատավարձի ընդհանուր ֆոնդ է ներկայացնում, իսկ գուցե դա է՞լ է ուռճացված: Արտակ Մանուկյանի խոսքերով՝ ՀԷՑ-ն ունենալով մի խումբ իրավաբաններ՝ 300 միլիոն դրամի իրավաբանական ծառայություններ է գնել, ու սա ներառում է սակագնում:
Թեեւ Նազարյանը վստահեցրել է, որ, ասենք, ՀԷՑ-ի վարձակալած միլիոնանոց բնակարանն ու մեքենաների ծախսերը սակագնում հաշվի չեն առնի, բայց սա եւս կամայական մոտեցում է: Մանուկյանն ասում է՝ քանի դեռ հանձնաժողովը չի ստիպում ՀԷՑ-ին ռացիոնալ ծախսեր անել ու չի մոտիվացնում դրա համար, ապա որոշ շքեղ ու ուռճացված ծախսեր, այնուամենայնիվ, կներառվեն սակագնում:

Իսկ հանձնաժողովը ՀԷՑ-ին պիտի մոտիվացնի զուսպ լինել ծախսերում հետեւյալ կերպ՝ ասենք, ՀԷՑ-ին առաջարկի՝ եթե քո տեխնիկական կորուստները պլանավորված են 11.2%, բայց դու ունեցել ես 12.8%, ապա ներդրումներ արա, մյուս տարի թույլատրելի կորուստներդ նվազեցնելու ենք 10%, ու այդպես իջեցվելու է ամեն տարի: Սա, ըստ տնտեսագետի, ՀԷՑ-ի ախորժակը զսպող մեխանիզմ կլինի. «Միջազգային ստանդարտներով ու ԱՊՀ-ում այդ կորուստները 5-6% են: 2013 թվականին ՀԷՑ-ը սակագնի բարձրացման հայտում ներկայացրել էր 5 միլիարդ դրամի ներդրում, հանձնաժողովը 1.5 միլիարդն է ներառել սակագնում, բայց արդյունքում տեխնիկական կորուստն է ավելացել»:

Արտակ Մանուկյանն ասում է՝ եթե հանձնաժողովը նորմատիվներ ունենար, որոնք կկարգավորեին ծախսերի թույլատրելի սահմանը, եւ առավել եւս, եթե անցյալ տարիների շքեղ ծախսերը չներառեր, ապա այսօր մենք չէինք ունենա 41 դրամ էլեկտրաէներգիա, ավելի քիչ կլիներ, ու եթե սակավաջրություն, դոլար-դրամ են մեջբերում, գուցե այս տարի նոր այդ հանգամանքները հաշվի առնելով՝ դառնար 41 դրամ. «Եթե չեն գնում ու այս ծախսերի հետողորմյա չեն անում, ռացիոնալություն ու մոտիվացիա չեն ապահովում, ապա կամայականորեն գին են սահմանում՝ շքեղ ծախսերը ներառելով»:

Ն. ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930