Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշ Դավթյան. «Իմ արյան մեջ կարմիր գնդիկների փոխարեն բասկետբոլի գնդակներ են պտտվում»

Հունիս 06,2015 17:39

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Եղիշ Դավթյանն այսօր ծննդյան 65-ամյակը նշեց բասկետբոլի խաղադաշտում՝ Հայաստանի հավաքականի իր երբեմնի թիմակիցների, մրցակիցների եւ իր նախկին ու ներկա սաների հետ:

скачанные файлы (16)

Հոբելյարը Aravot.am-ին ասաց. «Արդեն 55 տարի բասկետբոլում եմ եւ այսօր նպատակային ուզեցի, որ նման մի լավ խաղ լիներ: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ 70-ականներին խաղացել եմ, որ հարգելով հրավերս այսօր ինձ մեծ ուրախություն ու բավականություն պատճառեցին: Հատկապես գյումրեցի իմ ընկերներին, որոնք այդքան ճանապարհ են կտրել, մեր ֆեդերացիային, որ այս միջոցառումը կազմակերպեց, «Միկայի» տնօրինությանը, որ մարզադահլիճը սիրով տրամադրեց: Այսօր հաղթեց բասկետբոլը, առողջ ապրելակերպը: Իմ կարծիքով ծնունդները ավելի լավ է նշել մարզադաշտերում ու մարզադահլիճներում նման մրցումներ կազմակերպելով, քան ռեստորաններում: Որքան շատ լինենք սպորտում, այնքան երիտասարդ կմնանք: Այսօր լրացավ իմ 65-ամյակը, բայց ես հոգով ու կենսաբանական տարիքով դրա կեսն եմ զգում: Կարծում եմ՝ իմ արյան մեջ կարմիր գնդիկների փոխարեն բասկետբոլի գնդակներ են պտտվում»:скачанные файлы (18)

Հրաչյա Ռոստոմյան (ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ). «Այսօր մենք նշում ենք վաստակաշատ բասկետբոլիստ, մարզիչ, մարզական հասարակական գործիչ եւ, պարզապես, լավ մարդ Եղիշ Դավթյանի ծննդյան 65-ամյակը: Նա այն եզակի մարդկանցից է, որի՝ անձնագրում նշված եւ ապրվող կյանքի տարիքները միմյանց չեն համապատասխանում: Ընկեր Եղիշը առողջ ապրելակերպի իսկական կրող է, ոչ թե խոսքով, այլ կյանքով: Ընկեր Եղիշի մասին կարելի է երկար խոսել, բայց բավարարվեմ միայն ասելով, որ նա ինքը ծնողների լավ զավակ է, լավ ամուսին, ընտանիքի լավ հայր  եւ թոռնիկների լավ պապի, իսկ աշխատանքում՝ լավ մասնագետ: Նա նախարարությունում ղեկավարում է մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մի ամբողջ վարչություն եւ վստահ եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակի արդյունավետ աշխատել»

Կարինե Մարտիրոսյան (Աբովյանի «Հատիս» կանանց թիմի բասկետբոլիստուհի). «Եղիշ Դավթյանի մասին ասելու այնքան լավ բան կա: Ծանոթացել ենք Լիբանանում: Ես այնտեղ պայմանագրով խաղում էի, նա մարզիչ էր աշխատում: Այնտեղ եմ տեսել եւ զգացել պարոն Դավթյանի մարդկային որակները. միշտ կանգնած հայերի կողքին, ամեն ինչով աջակցող թե սպորտային հարցերում, թե սպորտից դուրս: Հենց դրա համար Լիբանանում Եղիշ Դավթյանը իմ եւ Վարդան Խաչատրյանի ամուսնության քավորը դարձավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930