Լրահոս
Օրվա լրահոսը

 Մկրտիչ Մինասյան. «Բնական մենաշնորհները պետք է  ժողովրդի գլխին չարիք չդառնան»

Հունիս 06,2015 19:15

Այսօր «Հայք» կենտրոնում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը խոսելով այն մասին, թե արդյոք տնտեսական աճը եւ անկումը պայմանավորված են մեր կառավարությա՞ն, թե՞ միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ ասաց.  «Կարծում եմ՝ մի քիչ ուշացած, արեւմտյան կամ միջազգային տնտեսական կառույցներն են հիմա էլ արձագանքում էլի քաղաքական նկատառումներով, այն է՝ երկակի կամ եռակի ստանդարտներ կիրառելով, փորձել ներկայացնել քաղաքական ենթատեքստով: Բայց մոռանում են, որ աշխարհում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամը, որ սկսվել է 2008 թվականից, հիմնականում պայմանավորած է տնտեսագիտական կատեգորիաները արհամարհելու, իրենց՝ տնտեսական ու ֆինանսական արեւմտյան գերկառույցների շահերը ամեն ինչից բարձր դասելու ճանապարհով եւ գործելակերպով»:

Նա, խոսելով Հայաստանյան խնդիրների մասին, ասաց, որ որեւիցե մեկը չի ասում, որ  խնդիրներ չկան, կան խնդիրներ, որոնք լուծման ավելի արդյունավետ վերաբերմունքի, քննարկման, վերլուծելու եւ միջոցներ ձեռնարկելու կարիք ունեն: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստվերը պակասի, որպեսզի հրապուրիչ դառնա ոչ միայն դրսի ներդրողների համար, այլեւ ՀՀ փոքր ու միջին բիզնեսը աշխատացնողների համար, պետք է փոքրացնել կոռուպցիոն ռիսկերը եւ ամեն ինչ անել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը դառնա համընդհանուր բնույթ»,-նշեց պարոն Մինասյանը՝ ավելացնելով, որ հիմնական արտադրողը, արդյունք ստեղծողը, ավելի քիչ է շահում, քան նրանք, որոնք գործ են անում փողի, կամ ոչ արտադրական ոլորտի հետ՝ շոու բիզնեսներ, բանկային համակարգեր եւ այլն: Նրա խոսքով, բուն արտադրությունը երկրորդական, երրորդական տեղերում է եւ այսպես էլ պետք է լիներ, քանի որ երբ արհամարհվում են տնտեսագիտության սկզբունքները եւ հիմքերը, պետք է տեղի ունենար այն, ինչ որ տեղի է ունենում:

Պարոն Մինասյանը նշեց, որ կան ոլորտներ, որտեղ կան բնական մենաշնորհներ, որի կարգավորման համար կա հանձնաժողով, եւ որը առավել ուշադիր պետք է հետեւել,  որպեսզի բնական մենաշնորհներից օգտվող կառույցները չարիք չդառնան մեր ժողովրդի գլխին:

«Հայաստանը այն տնտեսական հզորությունը եւ հնարավորությունը, որ նախկինում ուներ, այսօր դրա մասին խոսելը ավելորդ է դառնում, քանի որ այն ժամանակ կար պլանային համակարգ, փակ սիստեմում արտադրությունը արտադրվում էր, իրացվում էր, այսօր այդ հնարավորությունը չկա, բայց այսօր մեկ այլ հնարավորություն կա, որ ՀՀ-ը մյուս երկրներից տարբերվում է նրանով, որ ունի հսկայական սփյուռք, միջոցներ, կապեր»,-ասաց պատգամավորը:

Հայաստանը, ըստ պարոն Մինասյանի, էներգետիկ խնդիրներ կունենա, եթե կազմակերպի մեծ էներգածախս եւ նյութատար ոլորտները զարգացնելու դեպքում Հայաստանը մրցունակ չի կարող լինել:

Պատգամավորը, խոսելով ՀԷՑ-ի առաջարկած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման  մասին, ասաց, որ վերջերս, քննարկումների ժամանակ էլեկտրական ցանցերի «պարոն ղեկավարին» ակնարկել է, որ ոչ թե պետք է մեղքը տեսնի աշխարհում, Աստծու կողմից ստեղծված բոլոր կառույցների մեջ, այլ նախ եւ առաջ իր կառույցում՝ կառավարման համակարգում՝ մենեջմենթում տեղ գտած թերությունները պետք է վերացնել եւ պետք է բացառել դրանց շվայտ օգտագործումը:

Պարոն Մինասյանը հավելեց նաեւ, որ վերջերս բոլոր հանրապետականները ՀԷՑ-ի առաջարկած 17 դրամ թանկացումը աբսուրդ են համարել եւ այլ խնդիր է, որ հանրապետության էներգացանցը բարեկարգ վիճակում լինի եւ վերանորոգման աշխատանքները կատարվեն, որպեսզի վաղը չկանգնենք «կոտրած տաշտակի» առջեւ:

 Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930