Լրահոս
Օրվա լրահոսը

Միջեկեղեցական համագործակցությունը`գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղի

Հունիս 06,2015 19:24

Հունիսի 8-12-ը Մայր Աթոռում տեղի է ունենալու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական վարչության հերթական ժողովը: Այս տարի այն անցկացվում է Հայաստանում`Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ի համանախագահության առիթով: Ժողովին ներկա են լինելու շուրջ 44 ներկայացուցիչներ`քրիստոնեական տարբեր եկեղեցիներից: Միջեկեղեցական երկխոսությունների և համագործակցության կարևորության մասին զրուցել ենք Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ:

 

-Սրբազան, ի՞նչ կարևորություն ունեն էկումենիկ հավաքները:

-Հայ Առաքելական Եկեղեցին իր պատմության ընթացքում միշտ տարբեր ձևաչափերով երկխոսության մեջ է եղել այլ եկեղեցիների հետ, քանի որ երկխոսությունն առանցքային նշանակություն ունի տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների համագործակցության, ինչպես նաև տարաձայնությունների շուրջ համաձայնության գալու հարցում: Երկխոսությունները կարող են լինել և՛ աստվածաբանական-եկեղեցաբանական բնույթի, և՛ գլոբալ հիմնախնդիրների շուրջ: Այսօր կրոնը հասարակական կարևոր դերակատարություն ունի: Եվ, ցավոք, ականատես ենք կրոնական ծայրահեղ դրսևորումների, երբ Աստծո անվան շահարկմամբ մարդը պատերազմ է մղում և սպանում իր նմանին (ինչպես, օրինակ, Իսլամական պետության մոլի կրոնադավանները): Մեր օրերում աշխարհում մեծ է հավատքի համար նահատակների թիվը, հատկապես քրիստոնյաների պարագայում:  Իհարկե, այս իրավիճակը ոչ թե կարճ ժամանակահատվածի, այլ տևական քարոզչության, սխալ ընկալման, կարծրատիպերի  հետևանք է: Այսօր աշխարհում բազմաթիվ ցավալի երևույթներ կան` պատերազմական իրավիճակներ, բռնություններ (ընտանիքների ներսում, տարբեր ազգերի միջև), անբարեխիղճ վերաբերմունք բնության, շրջակա միջավայրի նկատմամբ և այլն:

Այս պայմաններում հրամայական է դառնում միջեկեղեցական երկխոսությունը, որը փորձում է տալ այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է անել կրոնը, որպեսզի մարդը զերծ մնա բռնությունից, իր նմանին ոչնչացնելուց: Այսօր մարդկությունը կարիք ունի մեկ ընդհանուր գաղափարի` դրա շուրջ համախմբվելու համար, իսկ Քրիստոսին և նրա բերած խաղաղությունն աշխարհում քարոզելու համար առաջին հերթին պետք է մենք`քրիստոնյաներս միավորվենք: Ահավասիկ, այս ամբողջը հրամայական են դարձնում երկխոսությունը:

-Իսկ որքանո՞վ է արդյունավետ այդ երկխոսությունը:

-Մի հեղինակ նշում է, որ անձին բանտարկելը  կարող է նրան ազատությունից զրկել, պատիժը` ցավ պատճառել, բայց այս ամենը չի կարող փոխել նրա հոգին ու սիրտը, իսկ հավատքը, կրոնը կարող է դա անել: Ահա եկեղեցու առաքելությունը`փոխելու մարդկանց սրտերն ու հոգիները: Այս ամենի համար նախևառաջ անհրաժեշտ է, որ եկեղեցիների միջև միություն, համագործակցություն և երկխոսություն լինի: Իհարկե, մենք չենք կարող լիակատար լուծում տալ թվարկված հիմնախնդիրներին, քանի որ դրանց ետևում քաղաքական, ֆինանսական և այլ շահեր են: Բայց կարող ենք աստիճանաբար սերմեր ցանել մարդկանց հոգիներում ու մտքում, որ խաղաղությամբ ու սիրով ապրեն, կարող ենք մեր նպաստը բերել այդ գործընթացների կարգավորմանը: Օրինակ` ԵՀԽ-ն իր անդամ եկեղեցիների միջոցով կարողանում է հսկայական օժանդակություն ցուցաբերել պատերազմից տուժած հարյուրավոր գաղթականների: Այսօր Մերձավոր Արևելքում վտանգված են թե՛ հայ համայնքը, թե՛ մեր քրիստոնյա քույրերն ու եղբայրները: Եվ առանց միջեկեղեցական կառույցների հետ համագործակցության մենք չենք կարող աջակցել նրանց:

Այս ամենից զատ, էկումենիկ երկխոսությունը կարևոր է նաև ազգային խնդիրների լուծման գործում. Օրինակ`մեզ համար կարևոր է Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ սոցիալական հարցերի շուրջ երկխոսությունը, քանի որ ռուսախոս երկրներում մենք մեծ համայնք ունենք և սոցիալական բնույթի տարբեր խնդիրներ կան:

-Սրբազա՛ն, քանի որ ԵՀԽ ժողովի` Մայր Աթոռում անցկացման առիթներից մեկը ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, կխնդրեի հակիրճ ներկայացնել, թե էկունեմիկ համագործակցությունն ի՞նչ նշանակություն ունի ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

-Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, 1983թ. ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, տարբեր առիթներով օժանդակել է մեզ Ցեղասպանության խնդրի բարձրաձայնման հարցում, արել տարբեր հայտարարություններ, ինչպես նաև մասնակցել մեր եկեղեցու նախաձեռնած ձեռնարկներին ու միջոցառումներին: Առաջիկայում ևս Ժնևում կազմակերպելու է ցեղասպանության նվիրված մեծ միջոցառում: Կարելի է ասել`ԵՀԽ-ն մեզ համար նաև հարթակ է`մեր ցավը, խնդիրը ներկայացնելու համար: Այս ամենից զատ` ԵՀԽ-ի 347 անդամ եկեղեցիների ներկայացուցիչներ իրենց եկեղեցիներում պատմում են այս իրադարձության մասին, ինչը նպաստում է ցեղասպանության մասին միջազգային իրազեկմանը: Այս կառույցը միջազգային կազմակերպություններում ևս ունի ներկայացուցիչներ, որտեղ ներկայացվում են ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր քրիստոնյա եղբայրներին հուզող խնդիրները:

-Սրբազան, իսկ ի՞նչ խնդիրներ կան էկումենիկ երկխոսության մեջ:

-Բնականաբար մեր եկեղեցիներն ունեն եկեղեցաբանական-դավանաբանական, ավանդությունների տարբերություններ: Օրինակ`Բողոքական և Անգլիկան եկեղեցիներում գոյություն ունի կանանց քահանայություն, որը մեր ավանդությունը չի ճանաչում: Այս և նման այլ խնդիրները, սակայն, խոչընդոտ չեն երկխոսության համար: Պետք է նշել, որ մեր հարաբերություններին խոչընդոտում են նաև նոր ձևավորված կրոնական շարժումները, որոնց միսիոներները զբաղվում են հոգեորսությամբ, թեև ԵՀԽ-ը տակավին 90-ական թթ.-ից ունի մի շարք փաստաթղթեր, որոնք դատապարտում են հոգեորսությունը:

Ինչ վերաբերում են եկեղեցու խաղաղասիրական, մարդասիրական առաքելություններին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այն է թե` գլոբալ հիմնախնդիրների շուրջ երկխոսություններին,  մենք համագործակցում ենք սերտորեն:

 

Զրուցեց`Մարիամ Ավետիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930