Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորմատ անել պետությունը»

Հունիս 17,2015 12:00
ashxarh

Դրա համար պետք է «ներբեռնել» նոր մտածողություն

Ծանոթներիցս մեկը, որը զբաղվում է քաղաքականությամբ, պատասխանելով իր գործերի մասին իմ հարցին՝ ասաց, որ մեր պետությունը հնարավոր չէ բարեփոխել, հնարավոր չէ նույնիսկ «ռեսթարթ անել»: Միակ բանը, որը հնարավոր է «Հայաստանի Հանրապետություն» կոչվող պետության դեպքում՝ «ֆորմատ անելն» է եւ նոր ծրագրեր «ներբեռնելը»:

Ցավոք, պետությունն ավելի բարդ օրգանիզմ է, քան համակարգիչը, որովհետեւ այստեղ կա մարդկային գործոնը, իսկ մարդիկ չեն կարող իրենց ուղեղների բովանդակությունը ո՛չ «ռեսթարթ» անել, վերաբեռնել, ոչ էլ՝ առավել եւս, ամեն ինչ ջնջել եւ նոր ծրագրեր, գաղափարներ, արժեքներ ներմուծել: 91 թվականի սեպտեմբերի 21-ին մենք մոտեցել ենք անձնական եւ գենետիկ հիշողության մեր բեռով, այդ բեռը փոխանցել ենք մեր երեխաներին եւ թոռներին, եւ հիմա փոխել այդ «ծրագիրը»՝ չափազանց բարդ եւ շատ դեպքերում՝ անշնորհակալ գործ է:

Այդ «ծրագրի» իմաստը, եթե հակիրճ ձեւակերպենք, հետեւյալն է. ինչ-որ մի «կենտրոնից» նշանակվում է Հայաստանի ղեկավար (անկախ նրանից, թե ինչպես է նա կոչվում), այդ ղեկավարին եւ նրա շրջապատին իրավունք եւ հնարավորություն է տրվում մեզ իշխել, վերցնել եւ օգտագործել իրենց հասանելիք «ավարը», եւ միակ խնդիրն այն է, այդ անձը լինի ազնիվ, պարկեշտ, «ազգասեր», կենտրոնից (ի վերուստ) ստացած այդ իրավունքից օգտվի «խղճով» եւ թույլ տա, որ «մի քիչ էլ էս ժողովուրդն ապրի»:

Քաղաքացիների ճնշող մեծամասնության վրա հիմնված պետությունը «ֆորմատ անելը» անհնարին է, բացառված է: Պետության վիճակի համար որեւէ պատասխանատվություն չկրել, վստահ լինել, որ այդ վիճակը պայմանավորված է դրսից նշանակված ինչ-որ մարդկանց բարի կամ չար կամքով, հույսեր փայփայել, որ կենտրոնից կնշանակեն ավելի բարի եւ ազնիվ մարդու՝ մեծ հաշվով, նշանակում է ապրել այդ պետության կանոններով:
Հենց այդպես էլ ապրում են ոչ միայն պետության քաղաքացիները, այլեւ քաղաքական ուժերի մեծ մասը, որոնք եթե իշխանության լուրջ հավակնություններ ունեն, ապա պարտադիր գնում են Մոսկվա՝ «դոբրո ստանալու»: (Եթե գնային Վաշինգտոն, «ծրագիրը» դրանից, բնականաբար, չէր փոխվի): Իսկ ով է նրանց այնտեղ ընդունում՝ Ժիրինովսկին, թե, ասենք, Սմբատ Կարախանյանը՝ դա արդեն կախված է իրենց «քաշից»:

Այնուամենայնիվ, ես մտածում եմ, որ բացի մարդկանց համոզելուց, որ արդարություն եւ բարգավաճում կարող է լինել միայն քո ստեղծած եւ քո ղեկավարած պետությունում, գուցե հետագայում արժե նաեւ մտածել պետության անվան փոփոխության մասին: Ֆրանսիացիներն, օրինակ, ապրում են 5-րդ հանրապետությունում՝ նկատի ունենալով, հավանաբար, որ նախորդ չորսը այս կամ այն առումով ձախողվել են: Պետությունը «Չորրորդ հանրապետություն» կոչելն, իհարկե, փրկություն չի, բայց այստեղ ինչ-որ հոգեբանական պահ կա. երբ զգացվի էական փոփոխություն մարդկանց մտածողության մեջ, հնարավոր է, որ դա լինի լրացուցիչ խթան՝ այդ փոփոխություններն ամրապնդելու համար:

Միանգամից ասեմ, որ Չորրորդ հանրապետությունը չի ծնվի Սերժ Սարգսյանին այլ անձով փոխելու կամ ինչ-ինչ ցուցանակներ փոխող «սահմանադրական փոփոխությունների» հետեւանքով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Երկիրը բարեփոխելու համար ,,ֆորմատ,,անելու,կամ նոր ծրագրեր ,,ներբեռնելու,, անհրաժեշտություն թերևս չկա,առավել ևս,որ դրա համար երկար ժամանակ է պահանջվում,որը մենք արդեն չունենք: Երկիրը բարեփոխելու,կամ այն շնորհքի բերելու գաղտնիքը (որոշ մարդիք այն անվանում են կախարդական փայտիկ) գտնվում է այսօրվա երկրի ղեկավարի ձեռքում:Սակայն,նա անհասկանալի (իսկ գուցե և հասկանալի) ձևով չի ուզում , առանց չափազանցության,մեկ օրում հարցին լուծում տալ:Այդ գաղտնիքը բացի Նախագահից,մեզնից շատերին էլ է հայտնի:Մնում է,որ հարցը լուծելու համար երկրի ղեկավարը ,,ժամանակ գտնի,, և իր մոտ հավաքի բոլոր ` չասենք գողերին,որովհետև նրանց մեջ կան նաև խարդախներ,շորթողներ և այլ ախորժակներով ,,տուն պահող լավ տղերք,,և ասի իր` արդեն փորձություն անցած և իրեն լիովին արդարացրած, հայտնի, ՏՂԵՐՔ,ՍԻՐՈՒՆ ՉԻ, պատմական դարձած բառերը: Все на поверхности. Իսկ Դուք ուղիներ եք փնտրում:

  2. Բեռանժ says:

    Եթէ ես, Դուք եւ Ձեր հոռետէս ծանօթը, եւ մեր ծանօթներն ու նրանց ծանօթները երկրի բարեփոխումը սկսենք մեզանից, գիտակցելով մեր պարտականութիւնը երկրի հանդէպ եւ տէր կանգնենք մեր իրաւունքներին, վստահ եմ, ինչպէս պատմութեան մէջ կրկնւող մեր դրութիւնը ունեցող երկրները, որոնք գիտակցելով իրենց պարտականութիւնները եւ պաշտպանելով իրենց ունեցած իրաւունքները հասել են յաջողութիւնների, մենք եւս, մեր երլիրն եւս աւելի շուտ, քան որոշ հոռետէսների նախատեսած ժամանակում կը հասնենք յաջողութեան: Տէրն ընդ մեզ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930