Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Անանյան. «Քարոզչության լավագույն ձեւը անձնական օրինակն է»

Հունիս 17,2015 13:00

Անցած ամառ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը առողջ ապրելակերպն ու մանկապատանեկան սպորտի զարգացումը խթանելու նոր նախաձեռնությամբ հանդես եկան. ամռան ու աշնան ամիսներին «Ազատության» հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնի բանուկ փողոցներում հանգստյան օրերին կազմակերպվում էին տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ, որոնց ժամանակ երեխաները ծնողների հետ միասին, ինչպես նաեւ ցանկացած տարիքի մարդ կարող էր մասնագետներից հետաքրքրվել այս կամ այն մարզաձեւի նրբությունների ու առանձնահատկությունների մասին, խորհուրդներ ստանալ, թե հատկապես որ մարզաձեւը ավելի հարմար կլինի իր կամ երեխայի համար:

Այն ժամանակ «Առավոտը» մարզաշխարհի մասնագետներից հետաքրքրվել էր, թե նախաձեռնությունը ծառայե՞լ էր նպատակին եւ ստացել միանշանակ դրական պատասխան:

Օրերս նախարարության աշխատակիցների միջեւ անցկացված հերթական մրցումից հետո աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանից հետաքրքրվեցինք, թե այս տարի նո՞ւյնպես ցուցադրական ելույթներ լինելու են: «Այո: Անպայման: Սպասում էինք հանրակրթական դպրոցներում քննությունների ավարտին: Հիմա նախարարությունում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են եւ մոտ ժամանակներս կսկսենք: Կրկին հանդես կգան մեր մարզադպրոցների լավագույն սաները: Այդ տարիքում մարզական բավականին բարձր վարպետության հասած պատանիների ելույթներն ավելի հետաքրքիր ու գրավիչ են իրենց հասակակիցների համար: Մտադիր ենք նմանատիպ միջոցառումներ կազմակերպել նաեւ հանրապետության մյուս խոշոր քաղաքներում, մի քանի մարզկենտրոններում, որտեղ, անկասկած, բնատուր տաղանդով ու օժտվածությամբ մանուկներ շատ կան», – ասաց Մհեր Անանյանը:

Հարցին, թե առողջ ապրելակերպի գործնական քարոզչությունը, կարծես, դրական է ազդել նաեւ նախարարության աշխատակիցների վրա, որոնք սկսել են ավելի ակտիվ մասնակցել սիրողական այս կամ այն մրցմանը, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Միանշանակ այդպես է: Ամենաարդյունավետ ու ինքնատիպ քարոզը սեփական օրինակն է, թե որքան հեշտ է անձամբ ակտիվ կյանք վարելը եւ մարզական միջոցառումներ կազմակերպելն ու դրանց մասնակցելը: Մենք մարզաձեւերն ընտրելիս առաջին հերթին հաշվի ենք առնում դրանց մատչելիությունը, ընտրում ենք այնպիսի խաղային մարզաձեւեր, որոնք բոլորիս էլ սիրելի են եղել մանուկ, պատանի եւ երիտասարդ տարիներին: Արդյունքը դրական է: Հաջորդ քայլը կլինի կիրառական մարզաձեւերն էլ ներառելը: Ասենք՝ հրաձգությունը, որն իմ համոզմամբ կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր հայաստանցու համար: Ցանկանում ենք մեր անձնական օրինակով նաեւ մյուս գերատեսչություններին էլ ակտիվացնել ու ներգրավել: Կարծում եմ՝ պետք է ստացվի»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930