Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինները՝ The Washington Ballet-ից, մանրամասներ «գաղտնազերծեցին»

Հունիս 18,2015 13:30

Ժամանակին Ռեյկյավիկում Գորբաչովի եւ Ռեյգանի պատմական հանդիպումից հետո, որը խորհրդանշեց սառը պատերազմի ավարտը, պատմական էր նաեւ ամերիկյան կողմի հրավերով խորհրդային բալետի ճանաչված արտիստներ Ռուդոլֆ Խառատյանի (Երեւանի օպերային թատրոն) եւ Օլեգ Վինոգրադովի (Մեծ թատրոն) կողմից «Kirov Ballet»-ի ստեղծման փաստը: Վերջերս Ազգային օպերային թատրոնում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների շրջանակում, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացած Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ» ներկայացումը կարծես շարժեց հայաստանյան բալետային աշխարհի հանդարտ ընթացքը: Նշենք, որ Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի հիման վրա բեմադրված հիշյալ ներկայացման մեջ առաջին անգամ ականատեսը եղանք դասական, մոդեռն, նեոկլասիկ, հիփ-հոփ ժանրերի ներդաշնակ օգտագործմանը, ինչպես նաեւ 4-րդ դարից մինչեւ մեր օրերը (Մաշտոց, Նարեկացի, Ալան Հովհաննես, Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան, Աշոտ Արիյան) իրար հաջորդող երաժշտական մտքերի նույնպես ներդաշնակ, ավելին՝ սցենարի մասով մեկը մյուսին լրացնող երաժշտությանը:
Ներկայացմանը մասնակցում են ինչպես մեր թատրոնի բալետային արտիստները, այնպես էլ արտերկրից հրավիրված պարողներ, եւ ինչպես ժամանակին Խառատյանը մեզ հայտնեց՝ սա միջազգային բալետային խումբ է, արտիստները հրավիրվում են շուրջ 40-շաբաթյա պայմանագրով, ապա նրանց փոխարինում են նորերը:

Օրերս «Զույգ արեգակներում» Նարեկացու եւ Տիրամոր դերապարերով հանդես եկան The Washington Ballet-ի մենապարողներ Ջոնաթան Ջորդանը եւ Սոնա Խառատյանը: Ամուսինները շուրջ 15 թատերաշրջան աշխատում են հիշյալ բալետում, մի շարք միջազգային փառատոների եւ բալետի միջազգային մրցույթի մեդալակիր են, իսկ պարացանկն էլ ընդգրկուն է՝ դասականից մինչեւ ժամանակակից խորեոգրաֆիայով ներկայացումներ, այդ թվում՝ Ջորջ Բալանչինի, Մարկ Մորիսի, Քրիստոֆեր Բիլդոնի, Փոլ Թեյլորի, Չու-Սան-Գոյի, Անթոն Թուդորի, Ալեքսեյ Ռատմանսկիի, Վիլյամ Ֆորսայթի, Ռուդոլֆ Խառատյանի:

Balet-2

Ամուսինների արվեստին անդրադարձել է նաեւ «Washington post»-ը:

«Առավոտի» հետ զրույցում Սոնա Խառատյանը հիշեցրեց, որ իր հայրը ժամանակին դասավանդել է ամերիկյան տարբեր բալետային խմբերում՝ սկսած Կիրովից, վերջացրած Վաշինգտոնով: Նշեց, որ Խառատյանը ԱՄՆ-ում հայտնի ուսուցիչ է եւ տարակուսեց, որ հայերս զարմանում ենք մեզանում ժամանակակից բալետային ներկայացում բեմադրելու առիթով: «1979-ից մինչեւ 1990-ականների սկիզբը հայրս ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության բալետային խումբը եւ դեռեւս այդ տարիներին իրականացրել, այսպես կոչված, ոչ ստանդարտ համարներ ու ներկայացումներ, որոնց մասին մոսկովյան կենտրոնական հեռուստատեսությունն ավելի ուշ պետք է ասեր, թե հայ բալետմայստերը ԽՍՀՄ-ում առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ ժամանակակից բալետային ներկայացումների ստեղծմանը: Ընդ որում, երբ 2008թ. հայրս հրավիրվեց Երեւանի օպերային թատրոն, այստեղ էլ նա, իհարկե, ոչ «Զույգ արեգակների» մասշտաբի, բայց իրականացրեց ժամանակակից ռեժիսուրայով որոշ բեմադրություններ: Ես ու ամուսինս դրանք դիտել ենք CD-ով, բայց այսօր, երբ ընդգրկված ենք ներկայացման մեջ, կարող ենք ասել, որ սա այն բեմադրությունն է, ինչը կարելի է վստահ ներկայացնել ամենախստապահանջ ունկնդրին ու քննադատներին»,-ասաց Սոնա Խառատյանը:

Ջոնաթան Ջորդանը մեզ ասաց, որ Ռուդոլֆ Խառատյանը դեռեւս Ամերիկայում «իր վրա է փորձարկել» Նարեկացուն. «Իսկապես սուրբ Նարեկացու ազդեցությունը կա ինձ վրա ոչ միայն այն պատճառով, որ ես մարմնավորում եմ նրան, այլ հենց անձնական անձիս ձեւավորման հարցում: Շատ կուզեի, որ այս ներկայացումը տեսներ նաեւ արեւմտյան հանդիսատեսը, թեկուզ եւ այն պատճառով, որ այստեղ ամբողջացած են այն հզոր մշակութային արժեքները, որոնցով հայ ազգը մասնակցել է համաշխարհային արժեքային համակարգի ձեւավորմանը: Հպարտ եմ, որ ներկայացման մեջ կերպարիս միջոցով շեշտվում է Նարեկացու գործուն ազդեցությունը հայկական էության հզորացման վրա: Ի վերջո, Նարեկացին հանդիսանում է հայ ազգի միջնորդը Աստծո հետ: Իսկապես խոսուն բեմադրություն է, որտեղ ժամանակն ու տարածությունը գոյություն չունեն, բալետը ներկայացված է տիեզերական տարածության մեջ»,- հայտնեց Ջորդանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Սոնա Խառատյանը (Տիրամայր)
եւ Ջոնաթան Ջորդանը (Գ. Նարեկացի)՝
«Զույգ արեգակներում»:
«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930