Լրահոս
Օրվա լրահոսը

Պարպած ցասում (պատմվածք)

Հունիս 18,2015 13:05

Կախոն հաչաց ու մեկից պոկվեց տեղից: Փորքաշը հետևեց նրան: Արամայիսը հայացքը կտրեց ջրից.

-Ի՞նչ եղավ,-նույն պահին տեսավ վերևից իջնող բեռնատարը՝ թափքում բազմություն:

Թե աշխատանքի են գնում, ինչու՞ այս ժամին և այս ճամփով,-մտորեց:

-Կախո, Փորքաշ, չեղավ, ետ եկեք…

Շները կտրուկ արգելակումից խփվեցին իրար, քիչ էր մնում դողի տակ մնան: Արամայիսը բահն ուսեց, ընդառաջ գնաց եկողներին, երբ տեսավ սրանց ընթացքը ժանգակեր ավտոբուսի կողմն է, որն իրենց քողտիկ էր ծառայում: Մեքենան կանգնեց, խցիկից, թափքից, կողապատերով իջան: Կլինեին երեսուն-քառասուն հոգի: Կենդանիները նրանց շատությունից, ընդհանուր աղմուկից խուճապահար՝ մղվեցին տիրոջ կողմը: Կախոն քսվեց ազդրին: Ձեռքը տարավ, քորեց ականջատակը:

-Քեզ հողի տեր ես զգում, հիմա էլ շներին բաց ես թողնում վրաներս, հա՞:

Արամայիսը հանկարծակիի եկավ. նման սկիզբ չէր ակնկալում:

-Սրա՞նց,-հայացքով ցույց տվեց շներին, որոնցից մեկը չորս ամսական քոթոթ էր, մյուսը՝ տարուց քիչ ավելի, բայց փոքրիկ-մոքրիկ, տանու տեսակից: -Ի՞նչ է պատահել:

-Հրես կիմանաս,-տղան, որ հասակակից էր, մղվեց առաջ:

-Մացո, համբերի,-ճանապարհը կտրեց մեկը՝ ավելի տարեց: -Ջուրն ի՞նչու ես կտրել:

-Ի՞նչ ջուր:

-Գյուղի ջուրը, իբր չգիտես:

-Ես ընդամենը մի ծորակ եմ բացել:

-Թեկուզ մեկը: Չգիտե՞ս, որ շաբաթ-կիրակի ջուրը գյուղինն է:

-Գիտեի, բայց ծառերը, տեսնում եք ինչ երաշտ է, խեղճացել են, ասի՝ ջրեմ:

-Դե հիմա գնա փակի ու մյուս անգամ նման քաք չուտես:

-Չեմ փակի: Ձեզ է պետք, դուք էլ փակեք,-վրդով նետեց: -Հորս հասակին եք…

-Նեղացա՞ր, լակոտ: Պոչդ այնպես խուզենք, Բոքանոցի տեղը մոռանաս:

-Մի վիրավորեք,-մատներն ակամա սեղմեցին բահի կոթը:

-Սրան տես: Ափսոս, մյուսները չկան,-հետո՝ հերսոտ,-հերդ ու՞ր է:

Կախոյի վնգստոցը չթողեց պատասխանել:

-Ինչու՞ ես խփում: Քեզ ի՞նչ է արել:

-Լավ եմ անում,-տղան արարքից գոհ՝ կռթնեց ծառին:

Մյուսները, որը՝ նստել թախտին, որը շուրջն էր դիտում: Երկուսը բարձրացել, ծիրանանոցին կապած ջրի փականն էին պտտում: Մտովի տեսավ լցվելուց հետո ծառաբաժակը պատռած զուր հոսող ջուրը: Լավ էլ անում են,-մտածեց, այնուհետ խոհը քշեց հեռու. հասակակցին պատասխանել էր պետք:

-Հետո՞: Քոթոթ է, մի հատ էլ խփիր:

Տղան վրա գնաց, որ վերստին հարվածի: Կախոն փախավ ավտոբուսի տակ: Փորքաշը հեռվում գռմռում էր: Տղան քար վերցրեց:

-Եթե խփել ես, բահը գլխիդ կտամ:

Տղան շրջվելով՝ անսպասելի քարն ուղղեց Արամայիսի կողմը: Վերջինս անակնկալից կռացավ, բայց սա վերև շպրտեց՝ դեպի նշենիները, ապա՝ ինքնագոհ խնդմնդաց:

-Ի՞նչ եք ուզում,-հարցը տարեցին էր ուղղված, նաև՝ մյուսներին:

-Վաղվանից, հորդ, մյուսներին էլ կասես, չերևաք,-տարեցը ծխախոտ վառեց:

-Փասա-փուսեքդ կհավաքեք, լսեցի՞ր,-թախտին նստածներից մեկը տեղից հարվածեց ազատ իշոտնուկին, որը շրջվեց:

-Քաղաքից եկել, մեր հաշվին փող են շինում,-սա հաստլիկ էր՝ ցցուն փորով:

-Էդ ինչու՞ ձեզ կարելի է քաղաք լցվել, տունուտեղի, գործի տեր դառնալ, մեզ՝ չէ,-ապա մեկուսի,-բան գտան նախանձելու: -Ձեր աչքի առաջ չե՞նք երկու տարի կռիվ տալիս: Քար ենք հավաքել, փոս փորել, գյուղից շալակով տնկի բերել: Առավոտից իրիկուն արևի տակ…Ստացածնե՞րս ինչ է,-դառնությամբ նետեց:

-Պահ, ձեզ համար դաչայի տեղ եք արել, ու՞մ վրա ես մուննաթ գալիս: Չգայիք, չէինք խնդրել,-իշոտնուկը շրջողն էր:

-Թե դժվար է, էլի գնացեք ձեր քաղաքը, ի՞նչ եք կորցրել գյուղում,-սա, կարծես, համեմատաբար խաղաղաբարո անձնավորություն էր:

-Լսեցի՞ր,-տարեկից տղան էր դարձյալ՝ չարությունից պայթող դեմքով:

-Դուք չեք որոշողը, օրենք կա:

Պատասխանը գրգռեց մարդկանց: Մյուսները ևս սկսեցին եփ գալ: Մեկը հիմա էլ սեղանը շուռ տվեց: Նստածներն ելան և համերաշխ հպումով տեղահանեցին թախտը:

-Ի՞նչ օրենք: Հողը, որ ձեզ էին տալիս, գյուղացոց կամքը հարցրի՞ն, ասի՞ն՝ ուզու՞մ եք, որ քաղաքից գան, զավթեն:

-Մենք հողը վարձակալել ենք, թող չտային:

-Վարձակալել… Ամենալավ հողերը: Ի՜նչ ախորժակ ունեն: Գիտե՞ս, որ սրանք մեր պապական արտերն են: Երեսունհինգին կոլխոզը զավթեց, հիմա՝ դուք:

-Մենք այդ պատմության հետ ի՞նչ գործ ունենք: Հետո… եթե լավ հող լիներ, անտառտնտեսությունը վայրի նշի տնկարքներ չէր դնի:

-Հլա անուն եք դնում, հա՞: Կոլխոզի օրոք գիտե՞ս հեկտարից ինչքան ցորեն էր լինում:

-Երևի՝ շատ, բայց հիմա այն հողը չէ: Էրոզիան գործը տեսել է, մելիորատորներն իրենց հերթին… Ստիպված նորից նոր քարից մաքրում, հող ենք շինում: Այսինքն՝ ինչու՞ եմ ասում, ինձնից լավ գիտեք: Տրակտորիստները վկա են. քար հանելիս նրանք օգնեցին:

-Էլ չեք չարչարվի,-ապա մի պահ տարեցը մոռացավ ինչու են եկել: -Հողին բան մի ասա: Գյուղի ամենալավ դաշտը, էն գլխից հայտնի է, սա է՝ էս չորս հեկտարը, եթե մելիորատորները, ճիշտ ես ասում, իրար չտային, սևահողը կավին չխառնեին:

-Ընդունում եմ,-իր հերթին փափկեց Արամայիսը,-բայց մեզնից առաջ նույն այս հողի տեղը դուք գիտեիք: Օրենքն էլ դուրս էր եկել, վերցնեիք: Մենք օտար մարդիկ, որտեղի՞ց իմանայինք՝ որն էր լավ, որը՝ վատ: Ձերոնք առաջարկեցին:

-Նրանց մայրիկը…-տարեցը հայհոյեց: -Դրանք քանդեցին գյուղը: Ոչինչ, օրը կգա, հետները կխոսենք:

-էլի հողեր կան: Գյուղապետը խնդրում է, մշակող, ջրող չկա: Ով կամենում է, թող վերցնի, ի՞նչ կարիք կա…

-Քո գործը չէ, դու փոքր ես խրատ տալու համար,-հետո հանկարծակի՝ -լսել եմ՝ ուսանող ես, չէ՞:

-Հա,-Արամայիսը հարցական նայեց:

-Ինչու՞ դասի չես:

-Փոխեցի հեռակա, որպեսզի հասցնեմ:

-Հրոխպեր Արշո, էլ ի՞նչ ես երկարացնում: Էդ լակոտն ո՞վ է, հետը մի ժամ խոսքակռիվ ես տալիս,-մարդը դիմեց դեպի մեքենան. վարորդն էր:

-Ասած-արածներիդ համար պատասխան կտաք, չկարծեք անտեր, խեղճուկրակ մարդիկ ենք,-Արամայիսը պատրաստ էր քառասունի հետ էլ կռվել: Անսպասելի զայրույթի պատճառն ավտոբուս բարձրացածներն էին: Մեկը ձեռքն էր առել քրոջ խալաթը և ցույց էր տալիս մյուսներին, ապա՝ ինչ-որ բան ասաց, որին բիրտ ծիծաղ հետևեց:

-Հա՞,-մարդը, որ ելել էր խցիկի սանդղակին, իջավ:

Արամայիսն ընկրկեց, սակայն դեմքին անակնկալ իջած հարվածից կորցրեց ոտքի տակ չեղած հենարանն ու կտրուկ փռվեց կանաչին: Առանց տեսնելու գիտեր՝ տարեկից տղան է: Ձեռքից բահը թռավ: Ձգվեց, որպեսզի վերցնի, չհասցրեց. մեկի ներբանը տրորեց մատները: Ցավից ճչաց: Հետո ուժգին զարկ ստացավ կողին: Այնուհետ… լսելիքը քերեցին Կախոյի, Փորքաշի զիլ, ողբերգություն գուժող հաչոցն ու կաղկանձը, ավտոբուսին առնող քարերի զխկոցը, փշրվող ապակիների խշրտուքն ու դարձյալ ձայներ: Պառկած տեղից տեսնում էր մարդկանց, որ հիմա այգում չգիտես ինչ բանի էին: Նինջ էր իջել վրան, տարօրինակ թմբիր: Երևի քներակիս դիպան,-աղոտ մտածում էր: -Միայն թե չմեռնեմ: Դժվարությամբ ծնկեց: Մշուշի մեջ էլ տեսավ մարդկանց, ովքեր,հայացքներն իրենից փախցնելով՝ լցվեցին բեռնատարը…

Փորքաշը խելակորույս հաչոցով վազում էր ավտոյի ետքից, Կախոն չկար: Ոտքի ելավ, երերալով հասավ առվին: Ցամքը դեռ չէր կտրվել: Բռով ջուր առավ, քսեց դեմքին, թրջեց ծոծրակը: Սրտխառնուք զգալով՝ հենվեց ավտոբուսին, նույն պահին էլ վնգստոց հասավ ականջին. ձայնը մեքենայի տակից էր:

-Կախո,-թույլ կանչեց,-Կախո…

Պատասխանն աղիողորմ կլանչ էր: Բայց մարդիկ ի՞նչ էին անում այգում: Մի կերպ շրջանցեց ավտոբուսը, առաջացավ: Չլինի… Այդպես էլ կար: Այդ հատվածում մատղաշ դեղձենիներ էին: Ջարդոտած, արմատախիլ էին արված գրեթե բոլոր տունկերը: Շրջվեց: Բեռնատարը դարը ելել, հեռանում էր՝ թափքում պարպած ցասում: Դարձյալ կես րոպե, ու նա կորավ աչքից:

-Կախո, Փորքաշ, այս ի՜նչ արին:

 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել