Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իրականում սպառնում Ռուսաստանին

Հունիս 24,2015 12:00

«Իսլամական պետությունից» վտանգը դառնում է շատ ավելի շոշափելի

Վերջերս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բավականին կարծր տոնով պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (որի «ստորադասը» նա, կարծես թե, պետք է լինի), երբ վերջինս իր դժգոհությունն է հայտնել Չեչնիայում գրոհայինների բավականին «ազատ գործողությունների» կապակցությամբ. «Մոսկվան վտանգավոր խաղ է սկսել՝ հրահանգելով ինձ, թե ինչպես պետք է երկիր ղեկավարեմ»: «Երկիր» ասելով՝ նա նկատի ունի, բնականաբար, Չեչնիան, որը իրավաբանորեն Ռուսաստանի մասն է: «Հայտարարությունները, որոնք մենք լսել ենք նախագահ Պուտինից, հաստատում են այն վարքը, որը վերջերս բավականին երկար ժամանակ դրսեւորում է Ռուսաստանը,- նշել է Կադիրովը:- Պուտինի այս ռազմատենչ հետորաբանությունն արդարացված չէ, վտանգավոր է եւ ապակայունացնող դեր է խաղում: Դա պետական դավաճանություն է»,- ըստ HTB-ի՝ եզրակացրել է Կադիրովը:
Պուտինը դժգոհ է, որ Չեչնիայում գրոհայիններն իրենց չափից դուրս ազատ են զգում:

Իսկ ո՞վ է Կադիրովը, եթե ոչ գրոհային (կլանային) ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ինչո՞ւմ է նրա մշակութաբանական, քաղաքակրթական տարբերությունը Մասխադովից կամ Բասաեւից, եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Չեչնիայի այսօրվա ղեկավարը ներկայացնում է այլ՝ թշնամի «թեյփը», կլանը: Արդյոք Չեչնիայում գործո՞ւմ են ՌԴ օրենքները, արդյոք «կենտրոնից» եկած որեւէ պաշտոնյա, այդ թվում՝ ուժային, կարո՞ղ է այդ հանրապետությունում իրականացնել Մոսկվայի քաղաքականությունը: Արդյոք Կադիրովի կառավարությունը կապեր չունի՞ ռադիկալ իսլամը ներկայացնող խմբավորումների, այդ թվում, այսպես կոչված, «խալիֆաթի» հետ: Չե՞ն կարող արդյոք այդ խմբավորումներն իրենց ազդեցությունը տարածել ռուսաստանյան Կովկասի ողջ տարածաշրջանում:

Այդ հարցերի պատասխաններն, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունն ավելի լավ գիտի, քան ես: Պարզապես վերջերս ավելի շատ են դարձել այն տեղեկությունները, որ «Իսլամական պետությունը» «հետաքրքրված» է Կովկասով, եւ չեմ կարծում, որ այդ լուրերն անհիմն են: Ռուսաստանն այս պահին կռվի մեջ է Արեւմուտքի եւ վերջինիս բարեհաճությունը վայելող ուկրաինական «հրեա-բենդերա-ֆաշիստների» հետ, ինչպես ռուսաստանյան քարոզիչներն են ներկայացնում: Ի դեպ, ա՛յս մի կռվում Ռամզան Կադիրովը լիովին կիսում է Կրեմլի դիրքորոշումը եւ պատրաստակամություն հայտնում չեչենական գումարտակով հասնել մինչեւ Կիեւ ու նպաստել, որ «ուկրաինացի հայրենասերներն» իրենց երկրից քշեն բոլոր ամերիկացիներին:

Արեւմուտքից վտանգ Ռուսաստանի համար իսկապես կա: Բայց Միացյալ Նահանգները չի ուզում եւ չի կարող քանդել այդ երկիրը, նրանց նպատակը Ռուսաստանը տնտեսապես թուլացնելն է եւ «գերտերության» հավակնությունից զրկելը՝ միակը մնալու հեռանկարով: Բայց նախ՝ այդ ծրագրի հետ համաձայն չէ Եվրոպայի ամենաազդեցիկ երկիրը՝ Գերմանիան, երկրորդ՝ Ռուսաստանի այս հակառակորդները չեն կարող այդ երկրում ապստամբություն բարձրացնել «հանուն ազատական արժեքների», որոնց նկատմամբ ՌԴ բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, խիստ անտարբեր է:
Փոխարենը ռադիկալ իսլամը կարող է Մոսկվայի դեմ պայքար սկսել երկրի մահմեդական շրջաններում, եւ Ռուսաստանն իր ներկայիս տնտեսական ներուժով դժվար թե կարողանա կռիվ տալ երկու ճակատներուվ՝ Ուկրաինայում եւ Կովկասում: Մի կողմից՝ ամերիկյան դրամաշնորհներն են եւ խոշոր քաղաքներում խաղաղ ցույցերի վտանգը, մյուս կողմից՝ զինված գրոհայինների խմբերը: Ընտրության հարց է:

Ինչ մնում է ռադիկալ իսլամին, ապա այն, անշուշտ, սպառնում է նաեւ Կենտրոնական Ասիային եւ Ադրբեջանին: Մեր հարեւան երկրից «Իսլամական պետության» համար կռվելու են գնում հարյուրավոր գրոհայիններ: Ի՞նչ են նրանք անելու, երբ վերադառնան Ադրբեջան: Եվ ի՞նչն է մեզ համար ավելի վտանգավոր՝ Ալիեւի կոռումպացված բռնապետությո՞ւնը, թե՞ մոլեռանդ «խալիֆաթի» մարտիկները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Չե՞ն կարող արդյոք այդ խմբավորումներն իրենց ազդեցությունը տարածել ռուսաստանյան Կովկասի ողջ տարածաշրջանում:?????????? Հայերեն չէ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930