Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի եւ մահվան հետ միաժամանակ զրուցած Վաչե Պետրոսյանի մասին

Հունիս 24,2015 14:00

Բանաստեղծ, քանդակագործ, նկարիչ Վաչե Պետրոսյանի անժամանակ մահից հետո նրա կինը՝ Ռիտա Նահապետյանը, հրատարակեց «Ֆուտուր» բանաստեղծությունների ժողովածուն:
Թվով երրորդն էր՝ «Դառը խավիծ» եւ «Թուջե մառախուղ» գրքերից հետո:
Բանաստեղծի վերջին օրերի, նրա կենսագրության չբացահայտված էջերի, ՆԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետի, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակցի կանխատեսումների մասին զրուցեցինք նրա կնոջ՝ Ռիտա Նահապետյանի հետ:

Մինչեւ մահը՝ 2014թ. նոյեմբերի 27-ը, Վ. Պետրոսյանի գիտակցությունը տեղն է եղել: Տիկին Ռիտան պատմում է, որ վերջին շնչում փոքր տղան կանչել է իրեն, ասել՝ հայրիկն արթնացավ. «Շրթունքներից հասկացա, որ քո անունն էր տալիս»,- ասել է տղան: Տիկին Ռիտան հուզմունքով հիշում է, թե ինչպես է մոտեցել եւ ասել. «Վաչ, միշտ քո կողքին եմ, ես քո կողքին եմ. ժպտաց, ու արցունքները գնացին. դա շշմելու էր: Քրիստոսի նման ոնց որ հեռացավ, մարդ, որն իր կենդանության օրոք իր մահը տեսավ: Մարդ, որը ոչ միայն գիտակցեց, որ ոչ միայն պիտի ինքը հեռանա կյանքից, այլեւ տեսավ իր մահացած ընկերներին: Զարմանալի բան էր: Ես իմ աչքով տեսա, որ ինքը մարդկանց հետ էր զրուցում, որոնք չկային»:

Բանաստեղծը մահվան մահճում էլի հայրենիքի հետ էր. «Մտապատկերներ էր տեսնում, Արարատյան թագավորություն, Սուրբ լեռ, կապակցված չէր ասում, ինչ-որ կարեւոր բաներ էր ասում, որոշեցի ձայնագրել նրան… մթնոլորտը շատ է աղտոտված, դրա համար այսպես եղավ՝ ասել էր նա»,- պատմում է զրուցակիցս:

Ռ. Նահապետյանն ասում է, որ երբեք Վաչեի բանաստեղծություններում նրան չի ընկալել որպես իր ամուսնու, նրան ընկալել է որպես պոետի:

Vache_Petrosyan
«Ֆուտուրը» նրա թողած գրական ժառանգության շատ չնչին մասն է: 2011թ.-ից հետո պատրաստ էր մոտ 325 էջանոց «Ծիրանափողը», սակայն դեռ անտիպ: Ի դեպ, բանաստեղծը պետպատվերի հայտ էր ներկայացրել, բայց քանի որ 2015-ին նախատեսված հայտերը Ցեղասպանության 100-ամյակին էին միայն նվիրված, մերժվել է:
«Վաչեն ցանկանում էր ֆուտուրները հրատարակված տեսնել: Ինքն է վերնագրել, թվագրված է, որոշ կառուցվածքային փոփոխություններ եղան: Խորհրդակցելով գրականագետ ընկերոջ՝ Է. Գրիգորյանի հետ, որոշեցինք թվագրումը չպահել, որովհետեւ կարող էին որոշ կենսագրական զուգահեռներ առաջանալ: Ի վերջո, այնտեղ կային բանաստեղծություններ, որոնք զուտ կենսագրական էին: Նույնիսկ իր սիրային բանաստեղծությունների մեջ կա ընդհանրացում, կա դեպի հայրենիքի տեսլականը գնացող միտում: Երբեք ինքը չդավաճանեց այդ տեսլականին: Նրա ամբողջ ստեղծագործությունները ներծծված են սիրով առ հայրենիք, տառապանքով՝ հայրենիքի ձախողումների համար, ոգեշնչվածությամբ, երբ տեսնում էր պայքարի ինչ-որ բռնկումներ. ինքը դրանով ապրում էր»,- ասում է Ռ. Նահապետյանը:

Տիկին Ռիտան անդրադառնալով բանտային բանաստեղծություններին՝ տեղեկացնում է, որ կա մեկը, որը նվիրված է եղել իր խցընկերոջը՝ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:
Իմ զրույցի ժամանակ բանաստեղծի կինը պատմում է, որ 1988թ.-ի երկրաշարժից հետո ամուսինը, որը ծնունդով Շիրակից էր, Գյումրիում էր:

Քեռու հարսը, որը երեխայի հետ մնացել էր փլատակների տակ, մինչ իր մահը զրուցել է Վաչեի հետ:

Գյումրիից վերադառնալուց հետո Հայաստանի Գրողների միության շենքում ձերբակալվում է Վաչե Պետրոսյանը, որը «Գրական թերթի» աշխատակիցներից էր: Նրան արգելափակում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Նուբարաշենում» նա պարապ չի մնում, ոչ միայն բանաստեղծություններ է գրում, այլ նաեւ նկարում: Մ. Գորգիսյանի դստեր՝ Գոհարի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական բացիկ է պատրաստել՝ տիկնիկ, եւ ուղարկել: Իսկ Մովսեսին նվիրված բանաստեղծությունը տպագրվել է 80-ականներին:

«Երկուսն էլ խարիզմատիկ անձնավորություններ էին, հումորով էին վերաբերվում ամեն ինչին»,- ասում է կինը:

Vache_Petrosyan-3
Իմ հարցին, թե ինչպես ամուսինը հանձն առավ Աբովյանի կանանց ու անչափահասների գաղութի պետի պաշտոնը, տիկին Ռիտան ասաց. «Նա տանը չէր սիրում աշխատանքային խնդիրների մասին խոսել: 2000թ.-ին հրատարակեց իր «Դառը խավիծը»՝ մի ամբողջ գիրք՝ կալանավորված կանանց ու նրանց ապրումների մասին: Իրականում, երբ աշխատում ես ուժային համակարգում, դու չես ընտրում քո աշխատավայրը: Նրան նշանակեցին: Վանո Սիրադեղյանը նշանակեց: Նա չէր վերաբերվում կանանց որպես բանտարկյալների, այլ վերաբերվում էր որպես մարդկանց: Նրանցից ամեն մեկը մի ճակատագիր էր, մի պատմություն ուներ իր հետեւում: Որքան էլ որ սխալ թույլ տված լինեին, նրանց մեջ կային նաեւ պատահականորեն հանցագործություն գործած կանայք, որոնց տեղը չէր դա: Բայց նրանք այնտեղ էին»:

Իր բանտերգության մեջ Վ. Պետրոսյանը անչափահաս կալանավորների համար պիտի գրեր. «Աղավնիներ ճերմակ, խարազան տապի մեջ»: Իսկ կին կալանավորների համար՝ «…Եվ համրիչի վրա չոր զինվորները անանուն, պաշտպանում են դրախտից քշված սահմանը կանանց»:

Ռիտա Նահապետյանը հիշեց նաեւ, թե պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանը ինչպես է ամուսնուն հրավիրել պաշտպանության նախարարություն՝ որպես Նուբարաշենի զորամասի անձնակազմի գծով տեղակալ: «Ինչո՞ւ»,- հարցիս տիկին Ռիտան իր պատասխանն ունի. «Միակ նպատակն այն էր, որ բանակը ինտելեկտուալ, կիրթ մարդկանցով համալրվի, որպեսզի զինվորին չվերաբերվեն որպես զինվորի, սոսկ զինվորի, այլ որպես մարդու, որն ինքնադրսեւորման պրոցես է անցնում, որպեսզի կյանքի երկամյա շրջանը նոր-նոր մուտք գործած չափահասը ճիշտ դաստիարակվի: Վաչեն պաշտպանության նախարարության համար ուղղակի գանձ էր: Հոկտեմբերի 27-ից հետո՝ մինչ առաջիկա տարվա գալիք մայիսը, Վազգեն Սարգսյանի կադրերի զտման գործընթաց գնաց: Միանշանակ: Դա նրա վերջին աշխատանքն էր: Դրանից հետո նա այլեւս որեւէ պետական գործ չի ունեցել, որովհետեւ նա այնպիսի ստեղծագործող էր, որ պետական աշխատանքում մի տեսակ իր ոլորտից դուրս հայտնվեց: Դժվար էր «հարմարվել» նոր կյանքին, մինչեւ որ ինքը զբաղվեց գլխավորապես քանդակագործությամբ»:
Ի դեպ, Վաչե Պետրոսյանի խաչքարերը կարող ենք տեսնել ողջ հանրապետությամբ եւ ոչ միայն, սփռված. Մուրացանի մանկական հիվանդանոցի այգում՝ Թուխ Մանուկի, Լիոնում, Մարսելում, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներին նվիրված, բոլշեւիկների կողմից 1921-ին կացնահարված մտավորականների, Սոֆիայում՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 2008թ. մարտի 1-2-ի զոհերին նվիրված՝ Անգլիական այգում: Սոֆիայի քաղաքապետը խնդրել էր, որպեսզի հեղինակը գնար:

Սակայն ըստ Ռ. Նահապետյանի. «Ինքը ձգտում չուներ ցուցադրելու իրեն, երբեք ցուցադրական ոչինչ չէր անում: Դրա կարիքը չուներ բացմանը: Ինքն իր արժեքը լավ գիտեր»:

Իմ այն հարցին, թե նա նաեւ հայտնի գեղանկարիչ էր, եւ ինչ ճակատագիր է սպասվում նրա նկարներին, Ռ. Նահապետյանն ասում է. «Իրեն պոետ էր զգում, քան նկարիչ: Նա սիրում էր նվիրատվություններ անել: Կան գործեր, որոնք մենք չունենք: Չգիտեմ՝ այդ գործերը որտեղ են, ում մոտ: Իր ամբողջական նկարչությունը չեմ կարող ներկայացնել: Տանը կան նկարներ, եւ ծրագիր ունեմ նաեւ հավաքել: Մտադիր եմ հրատարակել իր խաչքարերի կատալոգը»:

Վաչե Պետրոսյանը, ըստ կնոջ, կանխազգում էր շատուշատ բաներ, նաեւ՝ իր մահը: Դա էր պատճառը, որ նա խաղաղ հեռացավ: Երբ կինը հարցրել է առաջին ու վերջին անգամ՝ «վախենո՞ւմ ես», պատասխանել է՝ ես ոչ մի բանից չեմ վախենում: Նրա վերջին ստեղծագործություններում մահը ներկայություն էր, նախապատրաստություն նոր կյանքի. «Վաչեի կորուստը սիրած տղամարդու, հարազատի կորուստ չէր: Նրան ես համարում եմ ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչը»:

Կինը պատմեց, որ Կարեն Ջանիբեկյանը մի օր «Կետիկնոցում» նստած հազար դոլար գումար է դնում սեղանին՝ ասելով, թե իր համար խաչքար պատրաստի: Վաչեն վերադարձնում է գումարը՝ ասելով. «Չգիտես, որը ինչից շուտ կլինի»: Կարեն Ջանիբեկյանը, երբ կրկին փնտրում է Վաչեին, նա արդեն հիվանդանոցում էր…
«Նա միանշանակ չի ընդունվում մեր հայ պոեզիայի ներկայացուցիչների, գրականագետների կողմից: Ես դա հասկանում եմ: Վաչեն այն անհատն էր, այն մարդը, որն անհանդուրժող էր տգիտության նկատմամբ, երբեք սխալ կարծիքը, չիմացությունը չէր հանդուրժում: Սուր էր լեզուն: Նա անհատ էր, անգույն մարդ չէր շարքային: Այդ չնմանությունը չներվեց: Կընդունեն հետո: «Որտեղ է իմ ընթեցողը»՝ իր բանաստեղծության տողերից մեկն է: Այդ ընթերցողը հետո է գալու: Վաչեին կներկայացնեմ ամբողջական իր ստեղծագործություններով:
Եթե այսօր մշակույթի լղոզում է գնում, համահարթեցում, եթե գնում օտարի լծի տակ ես մտնում ու քո մշակույթն էլ ինչ-որ տեղ դնում օտարի լծի սպասարկման տակ, որն իր համար մեծագույն ողբերգություն էր, այդպես չի մնա: Ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա կգնահատվի»,- ասաց զրուցակիցս:

Ինչ է թողել հետեւում:

Ահա կյանքի ու մահվան հետ զրուցողի վերջին գրառումներից մեկը. «Շան թախծի շուրջ անծանոթ
պատուհանի քառանկյան ապակու մեջ մեղրաշուրթ քաղաք՝
մուտքերը գոցած թրթուրավոր ամլությամբ,
Սեւ ցուցակներ, ֆռկաթել՝ փողկապի տեղ իմ վզին…
Շան անծանոթ թախծի շուրջ մի հայրենիք տառապյալ:
Չգիտե ոնց ազատվի շղթաներից ինքնակուռ,
չգիտե ոնց աղոթի, որ մի պտղունց սեր մնա մերձավորին կորուսյալ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930