Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք այստեղ նստացույց չենք հայտարարել, ոչ մեկը չի ասել, որ մենք 24 ժամ այստեղ ենք լինելու»

Հունիս 29,2015 22:39

Բաղրամյան պողոտայում այս պահին բավական մեծ թվով մարդիկ են հավաքված, բայց ի տարբերություն երեկվա՝ ոչ ոստիկաններն են ստվարացնում իրենց շարքերը, ոչ էլ կենդանի պատ կազմած հայտնի մարդիկ կան տարածքում:

Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ այսօր լարվածություն չկա, դրա համա՞ր չեն եկել հայտնի մարդիկ, թե՞ հավատացել եք փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքերին, որ այսօր ոչ մի բռնություն չի լինելու, մարդիկ իրենք իրենց ցրվելու են Բաղրամյանից: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կենդանի պատի նախաձեռնության շրջանակում մարդիկ այստեղ նստացույց չեն հայտարարել: Ասել են, որ այստեղ ենք, որ ոչ մի բռնություն չլինի: Տեսնում եք, որ այստեղ լարվածություն չկա: Տարածքում պատգամավորներ կան, դերասաններ կան, որոնք քայլում են, շրջում են ուղղակի: Երեկ տեսանք, որ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, երբ իրավիճակը լարվեց, այդ պատն ինքնակառուցվեց եւ շատ կարեւոր դերակատարում ունեցավ՝ բռնությունները կանխարգելելու գործում: Ուզում եմ ճիշտ հասկանաք, մենք այստեղ նստացույց չենք հայտարարել, ոչ մեկը չի ասել, որ մենք 24 ժամ այստեղ ենք լինելու»:

Նա ասաց, որ այսօր լարվածություն չկա, բռնությունների նպատակներ ու կոչեր չկան:

Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի հավաստիացումներին, որ բռնություն չեն գործադրելու ցուցարարներին ցրելու համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոչ մի ուժ չկիրառելու մասին հայտարարությունն ինձ շատ ուրախացնում է, իսկ թե հավաքի մասնակիցները ինչ կանեն՝ կցրվեն թե չէ՝ չեմ մեկնաբանի: Պետք է հավաքի մասնակիցները եւ ոստիկանությունը հասկանան, որ քանի դեռ հավաքը խաղաղ է, որեւէ մեկն իրավունք չունի ուժ կիրառելու: Իհարկե, պետք է ստուգեն, իրենց ծառայությունն իրականացնեն, բայց դա պետք է լինի ոչ թե պատրվակ՝ քաղաքական հետապնդումներ իրականացնելու, այլ պետք է լինի հանրային պետական անվտանգությանն ուղղված ծառայություն: Այս իրավիճակում զգոնությունը պետք է կրկնապատիկ լինի»:

Երեկ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարների մոտ պայթուցիկներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Ես առանձնապես դժգոհ չեմ, որ իրենք այդ ծառայություն իրականացնում են: Իհարկե, հավաք է տեղի ունենում եւ ոստիկանությունը, ԱԱԾ-ն իրենց ծառայությունները պիտի կատարեն: Մենք հո չե՞նք կարող Օսիպյանին ասենք՝ մի ստուգեք պայթուցիկի առկայությունը: Բայց եթե ինքը ասում է, որ կան անձինք, որոնց մոտ պայթուցիկներ կան, հարց է՝ ինչո՞ւ չի ձերբակալում: Եթե խնդիր ունի ձերբակալելու հետ կապված կամ դուրս բերելու հետ կապված, ես ասեցի՝ ես ինքս դուրս կբերեմ, մինչեւ հասնի այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930