Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. ՀԷՑ-երում ներդրումներ եղել են ընկեր Լենինի հրովարտակով

Հունիս 30,2015 12:46

«Դա բնական ըմբոստացում էր գների չհիմնավորված բարձրացման դեմ, քանզի պարտքը վատ մենեջմենթի արդյունքում է գոյացել ու ՀՀ քաղաքացին պարտավոր չէ վճարել դրա համար: Նաեւ խնդիր կար պարտքի մարման ժամկետների, 17 դրամով սակագինը թանկացնելու հայտի եւ այլնի հետ կապված: էլ չեմ խոսում ցանցերի վիճակի մասին, քանզի վերջին անգամ ներդրում հավանաբար ընկեր Լենինի հրովարտակով է եղել»,- այսօր, «Մեծ Կովկասի աշխարհաքաղաքականությունը. Հայկական հարթություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում զարգացած իրադարձություններին, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը`հավելելով. «Բնական է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որոշ ուժեր էլ փորձեին այդ ըմբոստացումը հակառուսական դարձնել ու օգտագործել: Դա նրանց աշխատանքն է»:

Քննարկման ժամանակ, ռուս փորձագետների կողմից կարծիք հնչեց, որ ՌԴ-ում բավական լուրջ մարդիկ այդ ըմբոստացումը հակառուսական որակեցին ու դրան լուրջ է պետք վերաբերվել: «Այն մարդիկ, ովքեր ՌԴ-ում այդպես են մտածում, ես ադրբեջանական լոբիստ եմ համարում: Նրանք կամ ճիշտ չեն գնահատում իրավիճակը կամ այլ նպատակներ ունեն»:

Վաղարշակ Հարությունյանն ի դեպ, նկատեց, որ եթե գազի հարցով էլ նման բան լինի`համանման իրավիճակ կստեղծվի. «Հիմա պետք է դրա մասին մտածել: «Յուղոտ կատուներ» եւ ՌԴ-ում կան, եւ ՀՀ-ում: Նրանք բացառապես սեփական շահի տեսանկյունից ելնելով վնասում են եւ ՀՀ-ին, եւ ՌԴ-ին: Ուրեմն, չպետք է թույլ չտալ, որ նրանք կարողանան վնասել ՀՀ-ի եւ ՌԴ-ի պետական շահերին, որը կարող է այդ հարաբերությունների կոլապսի բերել: Պատմության ընթացքում նման բաներ եղել են, պետք է փորձենք զերծ մնալ նման իրավիճակից»:

Նա նաեւ անդրադարձավ ՌԴ որոշ լուրջ դերակատարների կողմից համառորեն տարվող այն քաղաքականությանը, որ աշխարհաքաղաքական իմաստով Ադրբեջանն առավել հեռանկարային է եւ ՌԴ-ն պետք է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները ձեւավորի: Ասաց, որ նորմալ է նայում դրան էլ:

Նկատեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այս 25 տարիների ընթացքում «պռակոլ» չեն տվել, բայց պետք է նկատի ունենալ, որ փոքր կայծից կարող է կրակ բռնկվել. «Այն մարդիկ, ովքեր փորձում են կասկածի տակ դնել այդ հարաբերություններն ինտրիգան են, քանզի հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են`սահմանների համատեղ հսկում, բազայի առկայություն եւ այլն: Ես վստահ եմ, որ ՌԴ-ում իրական քաղաքականությամբ զբաղվողները ամեն ինչ լավ հասկանում են եւ «կուտը չեն ուտի»:

Նա տարակուսեց, որ ինչպե՞ս կարելի է այդպիսի լրջագույն բացթողում ունենալ`ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին ու գազի գինը բարձրանում է, իսկ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանում`ոչ: ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի օգուտները, ըստ բանախոսի, չեն երեւում ոչ այն պատճառով, որ դրանք չկան, այլ չեն պրոպագանդվում:

Որ տեղեկատվական քաղաքականությունը գնալով որակազրկվում է, համաձայն է նաեւ Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան:

Aram_Safaryan

Նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանն էլ զգուշացնում է, որ Հայաստանում կարող են լինել հակառուսական տրամադրություններ, քանզի մեր բնակչության մեկ քառորդը արեւմտյան կողմնորոշում ունի: Նա ևս բնական է համարում, որ նրանք պետք է փորձեին բողոքի ակցիաներն իրենց շահերի համատեքստում օգտագործել, բայց ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերի վնասում ՀՀ-ում չի տեսնում. «Կոռումպացված չինովնիկներ ամեն տեղ կան, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող դերակատարներ միշտ են եղել ու կլինեն, բայց հարցն այն է, որ եթե համարժեք հակադրում չլինի`Հայաստանը էական կորուստներ կունենա»: Նա նկատեց`չնայած ՌԴ-ն եւ Թուրքիան ռազմավարական հակառակորդներ էին, բայց տակտիկական առումով 2,5 տարի մոտիկություն արեցին ու ստացանք 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագիրը:

Արամ Սաֆարյանն էլ համամիտ է`Եվրասիական ինտեգրման մասին քիչ է խոսվում, չի պրոպագանդվում, գործընթացներն էլ դանդաղում են`ի հեճուկս արեւմտյան ակտիվ քարոզչության ու գործունեության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Նա տարակուսեց, որ ինչպե՞ս կարելի է այդպիսի լրջագույն բացթողում ունենալ`ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին ու գազը բարձրանում է, իսկ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանում`ոչ:

    Հարգելիներս գազը չի բարձրանում գազի գինն է բարձրանում

    Դուք ստուգող-սրբագրիչ-խմբագիր չունեք???????????????????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930